ՀԱՐՑ. Մայրս՝ ծնված 1927թ., կենսաթոշակառու, Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ, մահացավ 2013թ. մայիսի 7-ին: Մորս հուղարկավորությունը կատարեցինք Վրաստանի Ախալքալաքի շրջանի փոքր Սամսար գյուղում՝ ամուսնու կողքին: Վեդի քաղաքի սոցապ բաժինը մերժեց մորս թաղման ծախսերի գումարը տալ՝ պատճառաբանելով, թե ՀՀ-ից դուրս կենսաթոշակառուի թաղման դեպքում գումար չի տրվում: Արդյո՞ք այդպես է, եւ եթե այո, ապա որքանո՞վ է դա մարդկային: Չէ՞ որ մահվանից հետո նույնպես կենսաթոշակառուն մնում է ՀՀ քաղաքացի:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում եմ, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կենuաթոշակառուի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում եւ վճարվում է թաղման նպաuտ: Ըստ նույն հոդվածի 5-րդ մասի՝ թաղման նպաստը նշանակվում է, եթե հուղարկավորությունը կատարվել է ՀՀ-ում կամ մահվան վկայականը տվել է ՀՀ իրավասու մարմինը:
ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ հաստատված «Կենսաթոշակ նշանակելու, չվճարված կենսաթոշակի գումարը եւ կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի» 28-րդ կետի համաձայն՝ թաղման նպաuտ uտանալու համար անձն անհրաժեշտ փաստաթղթերի հետ ներկայացնում է կենսաթոշակառուի մահվան վկայականը:
Ըստ Ձեր դիմումի՝ Ձեր մայրը մահացել է Վրաստանի Հանրապետությունում, եւ հուղարկավորությունը կատարվել է այնտեղ, հետեւաբար նրա մահվան կապակցությամբ թաղման նպաստ նշանակվել եւ վճարվել չի կարող:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հասկանալի է, որ պետության կողմից տրվող այդ չնչին գումարն անհրաժեշտություն է մեր ընթերցողի համար: Ու թեեւ պատասխանից պարզ է դառնում, որ օրենքի շրջանակներում չէ վճարել ՀՀ-ից դուրս հուղարկավորություն կատարելու համար, այդուամենայնիվ, դժվար է չհամաձայնել մեր ընթերցողի հարցադրմանը. չէ՞ որ մահվանից հետո նույնպես կենսաթոշակառուն մնում է ՀՀ քաղաքացի: