ԱԺ-ի «անորոշ» թևը բացասաբար չի տրամադրված Թաթոյանի նկատմամբ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Եկող շաբաթ Ազգային ժողովը կքննարկի մարդու իրավունքների պաշտպանի իշխանական թեկնածուի հարցը։ Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ն պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում առաջադրեց եւ անցկացրեց իր թեկնածուին՝ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին…

Ֆորմալ առումով ԲՀԿ խմբակցության անդամ հանդիսացող, բայց այդ խմբակցությունից ձեռքերը լվացած Ստեփան Մարգարյանը, օրինակ, տպավորիչ մասնագիտական կարողություններ է զգացել Թաթոյանի պարագայում։ Իսկ որպես մարդու իրավունքների պաշտպան՝ ի՞նչ երաշխիք ունի, որ Թաթոյանն ազատ, անկաշկանդ, իշխանական կապանքներից զերծ կիրականացնի իր առաքելությունը։ «Ես դժվարանում եմ ասել, թե ում նկատմամբ կարելի է ունենալ երաշխիքներ։ Երաշխիքը երեւում է աշխատանքի ընթացքում։ Ես չէի բացարձակացնի։ Էնպես չէ, որ եթե միայն հասարակական աշխատանքով են զբաղված լինում, ուրեմն ավելի լավն են լինում։ Դա պարտադիր չէ, եւ եթե եղել է իշխանական համակարգում, ուրեմն ավելի վատն են»։

Նույն խմբակցության անդամ եւ ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանն էլ ասաց, որ երեկ իրենց խմբակցությունում աշխատանքային հանդիպում է եղել Արման Թաթոյանի հետ, բայց դեռ վերջնական որոշում չեն կայացրել։ «Ամենակարեւորը, կարծում եմ, այն է, որ ոչ թե ով է ՄԻՊ թեկնածուն, այլ այն, թե ինչ իրավիճակ է երկրում, եւ այդ իրավիճակին համահունչ տվյալ թեկնածուն կկարողանա՞ դիմակայել այն դժվարություններին, որը կարող են իր առջեւ ծառանալ»,-ասաց նա…

«Ժառանգություն» կուսակցությունը լքած, բայց կրկին ֆորմալ առումով նույնանուն խմբակցության անդամ հանդիսացող Ռուբիկ Հակոբյանն էլ դեռ հստակ որոշում չունի Թաթոյանի ընտրության մասով։ Ըստ նրա՝ պետք չէ զարմանալ այս հարցում, քանզի երեք պաշտպանն էլ, ի վերջո, իշխանության կողմից են կամ նշանակվել, կամ քաղաքական մեծամասնության կողմից են ընտրվել։

«Եվ միշտ նույն բառամթերքն է եղել, որ եթե նա իշխանության կողմից է ներկայացված, նշանակում է՝ նա ծախված է, դրածո է եւ այլն, բայց պարզվել է՝ երեքն էլ հետագայում պրոբլեմ են ունեցել իշխանության հետ։ Այսինքն՝ պետք է հասկանալ ոլորտի յուրահատկությունը, պետք է հասկանալ, որ մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները հիմնականում ընդդիմադիր դաշտում են՝ ոչ թե որպես ընդդիմություն, այլ իր յուրահատկությունն է այդպիսին, եւ պետք է կարողանա ընդդիմությունն օգտվի դրանից»,- ասաց նա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս