Կանխարգելենք շաքարային դիաբետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաքարային դիաբետը էնդոկրին հիվանդություն է, որը բնորոշվում է արյան մեջ գլյուկոզի պարունակության քրոնիկ բարձրացմամբ և ածխաջրատային, ճարպային ու սպիտակուցային փոխանակության խանգարումներով, պայմանավորված ինսուլինի արտազատման և ազդեցության խանգարումներով կամ դրանց համակցմամբ: Հիվանդությունն առաջացնում է նյութափոխանակության խանգարումներ, անոթային, նյարդային, ինչպես նաև այլ օրգան-համակարգերի ախտահարումներ:

Հիվանդության առաջնային ախտանշաններն են` շարունակական անհագ ծարավ, շարունակական անհագ քաղց, առատ միզարտադրություն, մարմնի քաշի կորուստ, բերանի լորձաթաղանթի և շուրթերի չորություն: Շաքարային դիաբետի երկրորդային ախտանշաններն են՝ մաշկի և լորձաթաղանթների անդիմադրելի քոր, մաշկի դժվար բուժվող բորբոքումներ, ընդհանուր մկանային թուլություն, տեսողության խանգարումներ:

Շաքարային դիաբետի ռիսկի գործոններն են՝ 40-ից բարձր տարիքը, ժառանգականությունը, արյան մեջ խոլեստերինի բարձր քանակը, զարկերակային բարձր ճնշումը, ավելորդ քաշը և ճարպակալումը, ֆիզիկական թերակտիվությունը, անառողջ սնուցումը:

Նշենք, որ շաքարային դիաբետի 60%-ը կարելի է կանխել, վարելով առողջ ապրելակերպ, մահացության ցուցանիշները հնարավոր է նվազեցնել վաղաժամ ախտորոշման և բուժման շնորհիվ:

Հաշվի առնելով հիվանդության ռիսկի գործոնները` շաքարային դիաբետը կանխելու համար պետք է խուսափել ավելորդ քաշից և նվազեցնել հատկապես բարձր կալորիականությամբ սննդամթերքի ընդունումը: Շաքարի և շաքարավազի փոխարեն խորհուրդ է տրվում օգտագործել թարմ մրգեր (գերազանցապես, խնձոր, նարինջ, կարմիր հաղարջ), նաև` կոշտ բջջանքով հարուստ բանջարեղենային սնունդ, օրը 5-6 անգամ՝ փոքր չափաբաժիններով (թարմ և թթվեցրած կաղամբ, հազար, սպանախ, վարունգ, լոլիկ, դդում, դդմիկ, սմբուկ և այլն): Քաղցր գազավորված, ըմպելիքների փոխարեն հարկ է օգտագործել ջուր կամ հանքային ջրեր: Խորհուրդ է տրվում կրճատել թեյի և սուրճի մեջ ավելացվող շաքարավազի քանակությունը` անցնելով անշաքար թեյի և սուրճի: Հնարավորինս պետք է հրաժարվել քաղցրեղենից` կոնֆետներ, թխվածք, պաղպաղակ, և այլ անուշեղեն:

Նաև պետք է վարել ֆիզիկական ակտիվ կենսակերպ, ինչը 50 %-ով նվազեցնում է շաքարային դիաբետի առաջացման ռիսկը. շաբաթական 150 րոպե միջին ծանրաբեռնվածության ֆիզիկական վարժություններ (արագ քայլք, հեծանիվ կամ ռիթմիկ կրկնվող վարժություններ):

Ծխելը ևս մեծացնում է շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը, իսկ ալկոհոլը ընկճում է ինսուլին արտադրող ենթաստամոքսային գեղձի աշխատանքը:




Լրահոս