Կառավարության նիստում այսօր որոշում ընդունվեց, համաձայն որի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հետ կվերցվի պաշտպանության նախարարությունից և կտրվի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Հարցը կառավարությանը ներկայացրեց վարչության պետ Արման Սահակյանը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պետական գույքի առավել արդյունավետ կառավարման միասնական քաղաքականությունն իրականացնելու, «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության 2016թ.-ի ֆինանսավորումն ապահովելու անհրաժեշտությունով:
Հավելենք, որ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ամրացված և ՀՀ սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի զբոսայգի մարզահամալիր հասցեում գտնվող գույքը հետ է վերցվել կազմակերպությունից և ուղղակի վաճառքի ձևով օտարվել է «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Հաշվի առնելով, որ «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N935-Ա որոշմամբ սահմանված ժամկետներում օտարված պետական սեփականություն հանդիսացող գույքի դիմաց վճարումներ չեն իրականացվել, ՀՀ կառավարության 11.02.2016թ. նիստով ընդունված որոշմամբ չեղյալ է ճանաչվել ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N935-Ա որոշումը: