Հետաքրքիր է, թե ինչ փակ փաթեթներ են այսօր կառավարության նիստի բոլոր մանակիցները իրենց հետ տարել:
Պարզվեց, որ վարչապետը բոլոր նիստի մասնակիցներին գրքեր է նվիրել՝ գիրք նվիրելու օրվա կապակցությամբ:
Մինչ նիստի սկսվելը Հովիկ Աբրահամյանը խոսեց գրքի տոնին ընդառաջ անցկացվող գրական փառատոնի մասին: Նրա խոսքով՝ 2001-ից սկիզբ առած, իսկ 2011-ից նորովի մեկնարկած «Գրական տապան» միջազգային փառատոնը, որն արդեն հինգ տարի անընդմեջ Հայաստան է բերում եվրոպացի ժամանակակից լավագույն գրողներին, բացի գրական տոն պարգևելուց, հայ և օտարազգի ընթերցողների սեղանին է դնում նաև բացառիկ ժողովածուներ:
«Պետական աջակցությամբ իրականացվող այս ծրագրի տպավորիչ արդյունքը, անշուշտ, տպագրված գրքերն են. վերջին հինգ տարում լույս է տեսել 6 ժողովածու, որտեղ ամփոփված են «Գրական տապան» փառատոնի մասնակից եվրոպացի գրողների նոթերը, էսսեները, բանաստեղծություններն ու պատմվածքները՝ նվիրված Հայաստանին, հայ մարդուն և հայ մշակույթին», -ընգծեց վարչապետը: