ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց ապահովագրական պատահարի մասնակից ավտոտրանսպորտային միջոցների վարորդների կողմից լրացվող հայտարարագրի ձևը: Ինչպես հայտնի է, վթարի մասնակիցներն այլևս ստիպված չեն լինի սպասել ԱՊՊԱ-ի ժամանմանը:
Նախագիծը կառավարությունում ներկայացրեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նա ընդգծեց, որ որոշման նախագծով ավտոպատահարների մասնակից վարորդներին հնարավորություն է տրվելու չսպասել ապահովագրական ընկերությունների մասնագետներին և հեռանալ պատահարի վայրից՝ լրացնելով համապատասխան հայտարարագրի ձևը և լուսանկարել պատահարի մանրամասները: Սակայն սա այն պարագայում, եթե ընդհանուր վնասի չափը չի գերազանցում 50 հազար դրամը:
«Իհարկե, Դուք մեծ ջանք եք ներդրել՝ ապահովագրական ընկերությունների հետ քննարկելիս: Եթե դարձնեք 100 հազար, մենք, իրոք, լուրջ խնդիր ենք լուծելու: Դրանք վթարների մոտ 32 տոկոսը կլինեն: Ես Ձեզ հորդորում եմ, որ աշխատեք իրենց հետ, փորձեք համոզել գոնե մինչև 100 հազարի պարագայում, որ խցանումների խնդիրը լուծվի, թե չէ դա մեծ խնդիրներ է ստեղծում երթևեկության համար: Իրենք առաջարկում են, որ մի երկու ամիս աշխատենք, հետո մեկ անգամ ևս քննարկենք: Միգուցե 2-3 ամիս հետո նորից անդրադառնանք այդ հարցին, բայց փորձեք համոզել, եթե հնարավոր է», – արձագանքեց վարչապետը: