Դեռևս 2013 թվականի հոկտեմբերի 24-ին ահասարսուռ դեպք էր տեղի ունեցել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում: Դավիթ Մալյան փողոցի բնակիչներից մեկը հայտնել էր, որ սպանություն է կատարվել: Սպանվածը 1971թ. ծնված Աննա Ստեփանյանն էր` ահազանգող Վանիկ Ստեփանյանի դուստրը, որին տանը հայրն էր հայտնաբերել՝ մահացած վիճակում: Սպանվածի մարմնի տարբեր մասերին հայտնաբերվել էին սուր կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներ` դանակի 19 հարված:
Շուտով պարզվեց, որ սպանությունը հնարավոր է կատարած լինի Երևանի 1991 թվականին ծնված բնակիչ Ռոբերտ Հովհաննիսյանը, որը նույն օրը՝ դեպքից անմիջապես հետո, «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել էր Մոսկվա: Կարճ ժամանակում նա հայտնաբերվեց: Նրան գտնելու հարցում իրավապահներին օգնել էր հայրը, և հենց նրա օգնությամբ էր գործը գլուխ բերվել:
Կալանավորվելուց և «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխվելուց հետո մեղադրյալի կարգավիճակ ստացած երիտասարդը ինքնասպանության փորձեր էր արել: «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել է, որ նա ՔԿՀ-ում ասեղ է կուլ տվել:
Քրեական գործի դատաքննությունն արդեն մեկնարկել է: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է առանձնակի դաժանությամբ և շահադիտական դրդումներով սպանության որակում ստացած քրեական գործը:
Մինչ այժմ դատարանում հարցաքննվել է Ռոբերտի 40-ամյա սիրուհին, ինչպես որոշ վկաներ են ասել, եղել է նրա մոր տարիքին: Նա սպանվածի ընկերուհին էր և հայտարարել է, թե սպանությունը կատարվել է խանդի հողի վրա:
Պաշտպանական կողմի առաջ քաշած վարկածի համաձայն՝ կատարվածը սպանություն է՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում:
Մնում է սպասել ապացույցների հետազոտությանը՝ հասկանալու համար, թե որն էր առանձնակի դաժանությամբ սպանության դրդապատճառը: