Օրերս Գյումրիում տեղի ունեցած ծեծի գործով աղմուկը չի դադարում: Բանն այն է, որ այսօր Armlur.am-իր հետ զրույցում ծեծի գործով անցնող Նորայր Սոլոյանը հայտնեց, որ այն, ինչ հրապարակել են լրատվամիջոցները, ապատեղեկատվություն է, եւ ինքը վերոնշյալ ժամին իր տանը նստած է եղել:
«Աշխատանքից նոր էինք վերադարձել տուն, հանգիստ նստած էինք, ու ասում են, թե մենք ծեծի մեջ կանք: Չկա նման բան, ես անգամ քաղաքականությամբ կամ առհասարակ ընտրություններով չեմ հետաքրքրվում, որ սա կապում են ընտրությունների հետ: Ախր, ծեծ չի եղել, նման միջադեպ անգամ չի եղել: Ինձ ոստիկանները տարել ստուգել են, անգամ մի հատ քերծվածք չունեմ, անգամ դատաբժշկական փորձաքննությամբ է ապացուցվել, որ վնասվածք չունեմ: Ինչո՞ւ են սուտ տեղեկություններ հրապարակում»,-ասաց երիտասարդը:
Նշենք, որ ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության` դեպքը տեղի էր ունեցել փետրվարի 12-ին` ժամը 23.30-ի սահմաններում: Ըստ տեղեկությունների` ծեծի կիզակետում են եղել Գյումրիի նախկին քաղաքապետը և նրա որդին, որոնց երեկ բերման էին ենթարկել ոստիկանություն:
Մեր այն հարցին, արդյոք նա, լինելով Ղուկասյանների մտերիմը, ցանկանում է նրանց փրկել իրավապահներից և դրա համար է ասում, որ ծեծ չի եղել, Նորայրը պատասխանեց. «Հո ես ամենափրկիչը չե՞մ: Իրոք, նման բան չի եղել: Ճիշտ է, ես իրենց մտերիմ եմ, բայց վստահեցնում եմ, որ չկա նման բան»:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր անդրադարձել էր տեղի ունեցածին` գրելով. «Վերջին օրերին կրկին ակտիվացել է Ամենափրկիչ եկեղեցու փողերի յուրացման հետ կապված պատմությունից հետո անկյուն մտած Վարդան Ղուկասյանը, ըստ մամուլի հրապարակումների` նա որդու եւ թիկնապահների օգնությամբ ծեծի է ենթարկել իրենց թաղի մի քանի երիտասարդների, որոնց թվում մի բռնցքամարտի մարզիչի: Արդյոք սա նախընտրական ակտիվություն է Վարդանիկի կողմից, թե հանցագործ տեսակի սովորական արտահայտություն, դժվար է ասել: Բայց վերջին օրերին բավական ակտիվորեն խոսվում է Գյումրիում քրեական կոալիցիայի ձեւավորման մասին:
Բնականաբար, այն բանից հետո, երբ եկեղեցու շինարարության գումարների գողության թեման ակնհայտ դարձավ Գյումրիում (իսկ գյումրեցիները հավատացյալ մարդիկ են ), Վարդան Ղուկասյանը սեփական անձով չի կարող մասնակցել ընտրություններին, քանի որ վերջնականապես խայտառակված է, ուստի նա պետք է իր ռեսուրսներն ուղղի մեկ այլ մարդու քաղաքապետ դաձնելուն: Ակտիվորեն խոսվում է, որ այդ մեկը ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանն է, որը հանդիպումներ է ունենում տարբեր շրջանակների հետ եւ պարծենում, թե Վարդանիկը թիկունքիս կանգնած է:
Տեղյակ մարդիկ չեն բացառում նաեւ Վարդանի կողմից իր երբեմնի թշնամի կլանից Գրիգորյան Մարտունին պաշտպանելը: Արդեն ասում են՝ կամուրջներ են գցված: Մնում է տեսնել, թե քաղաքապետ Սամվել Բալասանյանը կունենա՞ գյումրեցիներից այնքան աջակցություն, որ կարողանա դիմակայել քրեական այս ալյանսին»: