ԽՈՐԻՆ ԴԻՍՈՆԱՆՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օֆշորային հայտնի սկանդալից հետո  Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունը դարձյալ հայտնվեց հանրության ուշադրության  կենտրոնում: Գործարար Փայլակ Հայրապետյանի կողմից իր հասցեին հնչեցված մեղադրանքներին ու վերջին օրերին մամուլում շրջանառվող հրապարակումներին ի պատասխան` Կճոյանը  երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որով հերքում է  իր առնչությունը մասնավորապես ադամանդագործական  բիզնեսին:  «Սրբազանն արդեն հայտարարել է, որ  ձեռներեցությամբ  զբաղվելու պարագայում  երբեք չէր շարունակի  ծառայել Հայ առաքելական եկեղեցուն… Իր անվան շուրջ պարբերաբար տարածվող  ապատեղեկատվությունների փաստի առթիվ  իրավապահ մարմիններին չդիմելու  զարմանքի առնչությամբ Սրբազանը հայտարարում է, որ այդօրինակ մեթոդները խորթ են հայ հոգեւորականի մասին իր ունեցած պատկերացումներին»: Մենք, իհարկե, չգիտենք, թե հայ հոգեւորականի մասին ինչպիսի պատկերացումներ ունի Նավասարդ Կճոյանը, բայց որքան հայտնի է` իրավապահներին չեն դիմում «գողականները», որոնց համար դա նվաստացուցիչ ու «խորթ մեթոդ» է: Նաեւ` որքան գիտենք, հայ հոգեւորականները զենքով չեն շրջում, դա անում են դարձյալ «գողականները»:  Դե իսկ «Բենթլի»-ով «երեկոյան ժամերին հյուրերի հետ հանրային զվարճանքի վայրեր» հաճախելու սովորության (այդ մասին  հայտարարել է արքեպիսկոպոսն ինքը) հետ կապված  դժվար է միանշանակ պնդել. զվարճանքի վայրեր  զինված, գերթանկարժեք մեքենաներով սիրում են հաճախել ե՛ւ « գողականները», ե՛ւ սովորական մեծահարուստները: Այնպես որ, այստեղ դժվար է միանշանակ ասել, թե որ խմբին է ավելի մոտ Կճոյանի վարքը, սակայն  որ այն  հարիր չէ «հայ հոգեւորականի մասին ժողովրդի ունեցած պատկերացումներին»` դա հաստատ:  Բայց դե` ինչպես ասում են` ինչքան մարդ, այնքան պատկերացում. միգուցե  Կճոյանի պատկերացումների գագաթնակետն է, օրինակ այն, որ հայ հոգեւորականը «բարձրյալին» հաճոյանալու համար պետք է անպայման  անձրեւանոց պահի ՀՀԿ ղեկավարի գլխին, կամ ասենք` հաճախի բոլոր գլամուրային միջոցառումներին: Ի վերջո, այս հարցում Կճոյանն ընդամենը հետեւում է իր հոգեւոր հովվին` Գարեգին Բ կաթողիկոսին, որն առանձնահատուկ սիրով է հաճախում նման միջոցառումների եւ հատկապես կիսամերկ ռուս երգչուհիների համերգներին մեղսաշատ սովորական մահկանացուներից առավել անթաքույց հրճվանքով է ծափահարում:
Ինչեւէ. անկախ այն բանից, թե  ինչպիսի բիզնեսներ ունի Կճոյանը, եւ որքանով են իրական նրա հասցեին հնչեցվող մեղադրանքները, մի բան ակնհայտ է. Արարատյան հայրապետական թեմի անունից տարածված  հայտարարությունում  «Սրբազան» բառն ու Կճոյանի հանրային ընկալումը   խորին դիսոնանսի մեջ են:




Լրահոս