ՀՀ կառավարությունը վերջապես որոշել է կանոնակարգել Արցախյան պատերազմի մասնակիցներին նոր կարգավիճակ տալու հարցը:
Երեկ գործադիրի նիստում հավանություն է տրվել «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության նախագծին: Կառավարությունն առաջարկում է օրենքով սահմանել «երկրապահ կամավորական» հասկացությունը:
Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ դա նոր կարգավիճակ է տալիս եւ, ըստ էության, կանոնակարգում է երկրապահ կամավորական ազատամարտիկների կարգավիճակը: Երկրապահ կամավորականը պետք է առնվազն 3 ամիս մասնակցած լինի մարտական գործողություններին եւ համապատասխանի այլ չափորոշիչների, բայց պարտադիր չէ, որ լինի ԵԿՄ անդամ. «Կապ չունի՝ ԵԿՄ անդամ է, թե ոչ, լքել է միությունը, թե ոչ: Ազատամարտիկներից չի պահանջվի անդամագրվել ԵԿՄ-ին: Դա աբսուրդ կլինի: Չի կարող այդպես լինել, որ ինչ-որ միության անդամ լինես, որ նոր ընկնես օրենքի տակ: Այդպես Սովետական միության տարիներին էր»:
Մի կողմից սա բավական լավ նախագիծ կարող է թվալ այն առումով, որ բոլոր ազատամարտիկները դառնում են հավասար, եւ անհրաժեշտություն չի առաջանա որեւէ ազատամարտիկի՝ հիվանդանոց գնալուց առաջ դիմել ԵԿՄ նախագահին, որպեսզի նա գրավոր տեղեկանք տա առ այն, որ ինքը ԵԿՄ անդամ է: Իսկ մյուս կողմից էլ աբսուրդ է, որ Արցախյան ազատամարտի մերօրյա հերոսները, որոնք մեզ պարգեւել են ազատագրված Արցախ եւ անկախ Հայաստան, 20 տարի հետո նոր արժանանան ՀՀ կառավարության ուշադրությանը եւ այն էլ` իրենց սովածության մասին բարձրաձայնելուց հետո:
Ի դեպ, նշենք, որ փոփոխությունների ու լրացումների մասին անընդհատ խոսվում է, բայց այդպես էլ կոնկրետ չի նշվում, թե ինչ առավելություններ են տրվելու ազատամարտիկներին: Եթե կարգավիճակ է տրվում, այդ դեպքում ի՞նչ է դրանից շահելու շարքային երկրապահը: Չի բացառվում, որ սա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հերթական փիար «տրյուկն» է, որով նա փորձում է ինչ-որ չափով հանգստացնել նստացույց անող ազատամարտիկներին, բայց իրականում հարցերը կրկին կմնան չլուծված:
ԵՐԿՐԱՊԱՀԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԿՍԱՀՄԱՆՎԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ