Նախկին քաղաքապետի որդին միակ կալանավորն է. սպանության հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեւանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանի որդու՝ Արթուր Ալեքսյանյանի գործը ուղարկվեց Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ սպանության գործով կալանավորված Արթուր Ալեքսանյանը այս գործով միակ մեղադրյալն է:

Եվ այսպես, 2015 ապրիլի 5-ին Սեւան քաղաքում կրակոցներ էին հնչել, ինչի արդյունքում սպանվել էր Սեւան քաղաքի բնակիչ 44-ամյա Կառլեն Մնեյանը: Սպանության կասկածանքով հետախուզում էր հայտարարվել Սեւանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանի որդու` Արթուր Ալեքսանյանի եւ Սեւան քաղաքի բնակիչ Հմայակ Թադեւոսյանի նկատմամաբ: Կարճ ժամանակ անց նախկին քաղաքապետի որդին ինքնակամ ներկայացավ ոստիկանության Սեւանի բաժին: Իրավապահները վերջինիս ընկերոջը՝ Հմայակ Թադեւոսյանին փնտրում էին:
Սակայն ինչպես երեւում է՝ փնտրտուքները արդյունք չտվեցին, եւ այսօր Սեւանի նախկին քաղաքապետի որդին միակ ամբաստանյալն է:

«Ժողովուրդ»-ը պարզեց՝ 2015 թվականի նոյեմբերին Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ սպանության գործը ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Սեւանի նախկին քաղաքապետի որդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ոգելիչ խմիչք օգտագործած վիճակում, խուլիգանական դրդումներով իր ընկերոջ՝ Հմայակ Թադեւոսյանի հետ բռունցքներով եւ ոտքով շուրջ 20 րոպե հարվածներ հասցնելով՝ Կառլեն Մնեյանին պատճառել են վնասվածքներ, ինչի արդյունքում Կառլեն Մնեյանը մահացել է: Բայց այսօր կալանավայրում՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, միայն նախկին քաղաքապետի որդին է կալանավորված: Ճարպիկ Հմայակ Թադեւոսյանին իրավապահները դեռեւս փնտրում են:

Հիշեցնենք՝ սպանվածի կինը մեզ հետ զրույցում նշել էր, որ ամուսինը կռվարար չէր, եւ իրենց համար էլ է կատարվածն առեղծված մնում: Իսկ նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանը հրաժարվում է ասել, թե ինչ հարցի շուրջ է վիճել որդին Կառլեն Մնեյանի հետ՝ վերջնարդյունքում սպանելով նրան:

Քնար Մանուկյան




Լրահոս