ԱԺ երեկվա նիստից տպավորություն էր, թե Հայաստանում մեկ գիշերվա մեջ տեղի է ունեցել հեղաշրջում, եւ ընդդիմադիր են դարձել անգամ իշխող կոալիցիայի ներկայացուցիչները՝ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը:
Բանն այն է, որ ՀՀ վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավորներն ընդդիմադիրներից շատ ավելի կոշտ էին քննադատում ՎՊ ստուգումների արդյունքում բացահայտված չարաշահումների հեղինակ պետական պաշտոնյաներին: Ընդ որում, այդ իշխանավորների հասցեին երեկ ամենավերջին բառերն ասացին ե՛ւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ե՛ւ անգամ ՀՀԿ-ի ամենամոլի պաշտպան Էդուարդ Շարմազանովը: Ու ՀՀԿ-ական մյուս պատգամավորների հետ միասին նրանք այնպիսի խոսքերով էին արտահայտվում բացահայտված չարաշահումների վերաբերյալ, որ կարծես այս տարիներին Հայաստանում իշխանության ղեկին ոչ թե ՀՀԿ-ն է եղել, այլ բոլորովին ուրիշ քաղաքական ուժ, իսկ իրենք էլ տարիներ շարունակ ոչ միայն պետական բարձր պաշտոններ չեն զբաղեցրել, այլ ընդամենը երեկ են իջել հեռավոր մի մոլորակից ու նոր-նոր են ծանոթանում Հայաստանի Հանրապետություն անունը կրող երկրում տիրող իրավիճակին:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի հաշվետվությունից հետո շատ կտրուկ տոնով ասաց. «Ես ինչ-որ տեղ նախկինում համոզված էի, որ դրանք՝ այդ խախտումները, իրականությանը չեն համապատասխանում, բայց հիմա, որ այս ամբիոնից հայտարարում եք այդ խախտումների մասին, ճիշտն ասած, զարմացա: Այսինքն, կոպիտ ասած, գործ ունենք թալանչիների հետ… Իրական փողերը բյուջեից լափում են որոշ մարդիկ, եւ մենք ոչ մի քայլ չենք անում, էսպես չի լինի»: Հ. Աբրահամյանն այսքանով չսահմանափակվեց. նա նույնիսկ որոշակի ակնարկներ արեց վարչապետ Տիգրան Սարգսյանի հասցեին՝ անուղղակի կերպով նրան մեղադրելով այդ չարաշահումների հեղինակներին պաշտոնանկ չանելու մեջ. «Պետք է այդ մարդկանցից ազատվել, անփոխարինելի պատշտոնյա կա՞: Ես զարմացած եմ ուղղակի: Գտնում եմ, որ վարչապետը լուրջ գործ անի այս ուղղությամբ: Ես գտնում եմ, որ սա պետք է ունենա լուրջ հետեւանքներ, պետք է ազատվել այդ մարդկանցից, ովքեր զբաղված են թալանով, կեղծիքներով, յուրացումներով»:
Իսկ Շարմազանովն էլ ասաց, թե իրենք տարբերում են բացթողումները, թերացումներն ու հանցագործությունները. «Եթե թերացել է, այլ բան է, իսկ եթե մսխել է, ուրեմն պետք է հայտնվի համապատասխան վայրում… Մենք պետք է օր առաջ ազատվենք կոռումպացված չինովնիկներից, մեր տնտեսական խնդիրների պատճառն էլ այդ կոռումպացված չինովնիկներն են… Մեզ համար անթույլատրելի է կոռումպացված չինովնիկը, այդ չաղ ու բախտավոր չինովնիկների ժամանակներն անցյալում են: Դա պետք է բոլորը հասկանան»:
Նրանցից ետ չմնացին նաեւ կոալիցիոն մյուս պատգամավորները, այդ թվում՝ ՕԵԿ-ականները՝ խոսելով «զանգվածային ալան-թալանի» ու դրանց մեղավորներին «ձեռնաշղթաներով համապատասխան վայրեր ուղարկելու մասին»: Մի խոսքով, երեկ խորհրդարանում ընդդիմադիր էին դարձել բոլոր խմբակցություններն առանց բացառության: Ավելին, կոալիցիայի անդամներն իրենց ելույթներում ազատ օգտագործում էին ընդդիմության տերմինները, որ ժամանակին հնչեցվել են իրենց իսկ հասցեին:
Ի դեպ, ՎՊ-ն ստուգումներ է իրականացնում պետական հիմնարկներում՝ նախարարություններում, կառավարությանն առընթեր մարմիններում, մարզպետարաններում ու համայնքապետարաններում, եւ լրջագույն չարաշահումներ ու կոռուպցիոն երեւույթներ բացահայտել է նաեւ նախորդ հինգ տարիներին, որոնք տարեկան զեկույցի տեսքով ներկայացվել ու քվեարկվել են ԱԺ-ում: Ուստի առնվազն տարօրինակ է, թե ինչպես են ԱԺ ՀՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունների պատգամավորները մի կողմից ամենավերջին արտահայտություններով քննադատում այդ պաշտոնյաներին, մյուս կողմից միահամուռ կողմ քվեարկում այն կառավարությանը, որի գործունեության ժամանակ էլ հայտնաբերվել է այդ ամենը:
Երեկ՝ ՀՀԿ-ականների այս ընդդիմադիր ելույթներից հետո, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին «Ժողովուրդ»-ը հարցրեց, թե իր կարծիքով որն է ՀՀԿ-ականների նման ընդդիմադիր պահվածքի պատճառը: «Մեկ-մեկ էլ իրենք են դերի մեջ մտնում ու չեն կարող դուրս գալ»,-ասաց նա: Իսկ հարցին, թե միգուցե ՀՀԿ-ականների մոտ Տիգրան Սարգսյանի ասած մտածողության հեղափոխությունն է տեղի ունեցել, Արսենյանը հակադարձեց. «Կոպիտ չհնչի, բայց պետք է նախ մտածողություն ունենալ, որ հեղափոխություն լինի»:
Ի դեպ, ՎՊ հաշվետվության քննարկումը երեկ մնաց կիսատ. այն կշարունակվի ԱԺ հաջորդ լիագումար նիստում, որը տեղի կունենա արդեն սեպտեմբերին:
Հ.Գ. Վերլուծաբանների պնդմամբ՝ ընդդիմադիր դաշտում ՀՀԿ-ի երեկվա դեբյուտը կարելի է համարել կայացած. ՀՀԿ-ականները բավական լավ էին մտել այդ դերի մեջ: Այնպես որ, առաջիկայում կարող են շատ հանգիստ հրաժարական տալ ու անցնել ընդդիմադիր ճամբար. այդ ոճը նրանց լավ էր սազում, ելույթներն էլ ավելի համոզիչ էին հնչում:
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԷՐ ԴԱՐՁԵԼ ՆՈՒՅՆԻՍԿ ՀՀԿ-Ն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ