Սերժ Սարգսյանը Հայաստանը դարձնում է «քոռ բու»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Հայաստանն արտաքին քաղաքականության հստակ սկզբունքներ չունի, պարզ էր վաղուց: Սակայն այդ անսկզբունքայնությունն այլեւս անթաքույց կերպով սկսել է դրսեւորվել Սերժ Սարգսյանի ելույթներում, ինչը խիստ բացասաբար կարող է անդրադառնալ Հայաստանի միջազգային հեղինակության վրա: 180 աստիճանի շրջապտույտ կատարելով իր նախորդ հայտարարություններից` մի քանի օր առաջ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի համար նախընտրելի է հայ-թուրքական հարաբերություններում ու ԼՂ հակամարտության հարցում տիրող իրավիճակը` ստատուս-քվոյի պահպանումը: Հետաքրքիր է` ինչ են զգացել այս հայտարարությունից հետո օտարազգի դիվանագետները, որոնք իրենց կառավարություններին հորդորում էին անվերապահորեն սատարել Սերժ Սարգսյանին` հավատացնելով, որ հենց նա է այն գործիչը, որը ցանկանում է շուտափույթ կարգավորել Հայաստանի առաջ ծառացած այս երկու ամենակարեւոր խնդիրները:

Նկատենք, որ 1998 թվականից ցայսօր Հայաստանում ծավալվում է բանավեճ` արդյոք մեր երկիրը զարգացման հեռանկար ունի առանց հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հակամարտության կարգավորման: Տեր-Պետրոսյանը պնդում էր եւ շարունակում է մնալ այն կարծիքին, որ Հայաստանը չի զարգանա, քանի դեռ չի լուծել ԼՂ հարցը եւ չի կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները: Հատկապես տնտեսական առավելությունների տեսանկյունից այս մոտեցումը հիմնավոր է, քանզի շրջափակումները մի քանի անգամ բարձրացնում են ներկրվող եւ արտահանվող ապրանքների գինը` խաթարելով տնտեսության զարգացումը:

Մյուս թեւը, որն 1998թ. իրականացրեց պալատական հեղաշրջումը, ներկայացնում էին Քոչարյանը, Սարգսյանն ու ՀՅԴ-ն: Վերջինիս ներկայացուցիչները 2008թ. դեկտեմբերի 11-ին ԱՄՆ դիվանագետների առաջ չքմեղանում էին, որ զարգացման այսօրինակ տեմպերով Հայաստանը կարող է գոյատեւել եւս 300-400 տարի: Անշուշտ, ՀՅԴ-ն ճիշտ էր գոյատեւելու իմաստով, սակայն պետության զարգացման ու հասարակության բարեկեցիկ կյանքի ապահովման տեսնակյունից այսպիսի պնդումը պարզ քաղաքական անհեթեթություն է:

Եվ, ահա, ՀՅԴ-ի հետ գաղափարական ընդհանրություններ գտած ու կոալիցիա կազմող Սերժ Սարգսյանը ս.թ. փետրվարի 12-ի իր ելույթում հենց նույն ոգով պնդում էր. «Այն մտայնությունը, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, եւ Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումը վերացված չէ, մենք լավ չենք ապրելու, անընդունելի է:
Մենք այս պայմաններում ապրում ենք արդեն 25 տարի: Այս պայմաններին մենք արդեն ընտելացել ենք եւ հարմարվել: Մեր առաջընթացի հնարավորությունները մենք այս խնդիրների լուծման հետ չենք կապում եւ չենք կապելու: Մենք պետք է համակերպվենք այն մտքին, որ Մարտակերտից եւ Մարտունուց դեպի արեւելք եւ Գյումրուց ու Արմավիրից արեւմուտք մենք որեւէ իսկական գործընկեր չունենք: Մինչեւ հիմա ապրել ենք առանց նրանց՝ ապահովելով զարգացման ավելի կամ պակաս տեմպեր:

Համարենք, որ այնտեղ անհատակ ու անանցանելի ճահիճ է»: Հարկ է նկատել, որ 2007թ. հուլիսի 18-ին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինայի հետ զրույցում Սերժ Սարգսյանը բառացիորեն հայտարարել էր, որ ինքն է կառավարության մեջ միակը, ով հարցերի շուտափույթ լուծման կողմնակիցն է, եւ որ առանց արտաքին այդ դժվարությունների հաղթահարման Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը տնտեսական զարգացման իրական հնարավորություններ չունեն: Պարզ է, որ Սարգսյանը նման կարծիք էր առաջ տանում նախագահական ընտրություններից առաջ ամերիկացիների համակրանքը նվաճելու համար, իսկ հիմա սահմանադրական փոփոխություններով վերջացրած կարծելով իր հետնախագահական իշխանության երաշխավորումը՝ նա այլեւս անթաքույց խոսում է ստատուս քվոյի գերապատվելիության մասին:

Իհարկե, Սերժ Սարգսյանի այս հեղհեղուկ մոտեցումը Հայաստանի առաջ կանգնած արտաքին մարտահրավերների հանդեպ նորություն չէ: Նախաձեռնելով հայ-թուրքական արձանագրությունները եւ Հայաստանի ստորագրությունը չհեռացնելով հանդերձ` նա հրապարակեց «Համահայկական հռչակագիրը», որը տիպիկ ազգայնական-պահանջատիրական փաստաթուղթ էր եւ լիովին հակառակ վերոնշյալ արձանագրությունների տրամաբանությանը: Չունենալով արտաքին քաղաքականության հստակ հայեցակարգ եւ իրավիճակային հայտարարությունների ու քայլերի նախընտրությամբ` Սարգսյանը զգալիորեն նվազեցրել է Հայաստանի դիվանագիտական ճկունությունը եւ միաժամանակ միջազգային ասպարեզում թողել հայացքները մշտապես փոխող ու անկայուն գործընկերոջ տպավորություն:
Սակայն Սարգսյանի այս վերջին հայտարարությունը աչք է զարնում իր դրամատիզմով եւ ողբերգականությամբ: Պետության առաջնորդի հավակնություն ունենալով հանդերձ` նա կոչ է անում ապրել փակ սահմաններում: Հարմարվողականության քարոզով Սարգսյանն անուղղակիորեն երաշխավորում է, որ արտագաղթը չի դադարելու, օլիգարխիան շարունակելու է իր հարստահարությունները, իսկ արտաքին շրջանակները հայ-թուրքական թշնամությունն ու ԼՂ հարցի չլուծված կարգավիճակը պահելու են մեր գլխին իբրեւ դամոկլյան սուր ու մի գիշերում Հայաստանին որոշումներ են պարտադրելու, քանի որ մենք արդեն «ընտելացել» ենք այս վիճակին: Սարգսյանի պնդմանը, թե Հայաստանը արեւմուտքից ու արեւելքից շրջապատված է ճահիճներով, կնախանձեր Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Հաստատապես նույն զգացողությունը կունենային նաեւ ԽՍՀՄ-ի «վերջիբոլշեւիկները», երբ քաղաքացիներին քարոզում էին, որ ուրիշների հետ մենք գործ չունենք, նրանք «չար ու դաժան կապիտալիստներ են»:

Ըստ էության, Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրերին շրջանառության մեջ դրված ազգայնական բառապաշարն այսօր դարձնում է ՀՀ արտաքին քաղաքականության հիմքը: Այսպիսով, իշխանությունից դեպի հասարակություն եկող մեսիջը շատ հստակ ձեւակերպված է` 25 տարի այսպես ենք ապրել, մի այդքան էլ նույն ձեւով կշարունակենք: Փաստորեն, Սարգսյանը Հայաստանը դարձնում է, Վ. Սիրադեղյանի արտահայտությամբ, «մեծ ճանապարհների խաչմերուկում բարձր քարի վրա նստած հազարամյա քոռ բու», որի շուրջբոլորը ճահիճ է: Կարեւորը իրավիճակին «ընտելացել ենք ու հարմարվել»:

Ն . Հովսեփյան




Լրահոս