Հայաստանը դատարկվում է. պաշտոնական թվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն հանգամանքը, որ արտագաղթի ներկա տեմպերի պայմաններում Հայաստանի բնակչության թվի բնական աճը գնալով պետք է սկսեր դանդաղել, որքան էլ ցավալի է, միեւնույն ժամանակ նաեւ սպասելի է:

Պաշտոնական վիճակագրության հրապարակած տվյալներից պարզ է դառնում, որ անցած 2015-ին Հայաստանում ծնվել է 41 հազար 815 երեխա, իսկ մահվան դեպքերի թիվը կազմել է 27 հազար 835: Այսինքն՝ բնակչության թվի բնական աճը` ծնվածների եւ մահացածների թվի դրական տարբերությունը, կազմել է 13 հազար 980: Ասել է թե՝ ՀՀ բնակչությունը նախորդ տարի ավելացել է ընդամենը մոտ 14 հազար մարդով: Այս ցուցանիշը 2008 թվականից հետո ամենացածրն է:

Նկատենք, որ մի կողմից մարդիկ շարունակում են Հայաստանից հեռանալ, մյուս կողմից ՀՀ-ում մահացությունների թիվը շարունակում է աճել, իսկ ծնվածներինը կտրուկ նվազում է: Ասել կուզի, Հայաստանի բնակչությունը նախորդ տարիների համեմատ դարձել է ավելի տարեց: Այս փաստն այն տխուր իրականությունն է, որ պետական քարոզչության ամենակարկառուն դեմքերն անգամ չեն կարող իբրեւ դրական երեւույթ ներկայացնել: Նրանք կարողանում են Հայաստանի տնտեսության քայքայումն անգամ իբրեւ աճ եւ զարգացում ներկայացնել, սակայն բնակչության թվի նման կտրուկ անկումը այն տվյալներից է, որի մասին նախընտրելի է լռել:

Բնակչության թվի փոփոխության դինամիկան առավել հասկանալի դարձնելու համար ստորեւ բերված աղյուսակում ներկայացրել ենք՝ նշելով 2008 թվականից սկսած ամեն տարվա պատկերը:

տարի բն. աճ
2015 13 980
2014 15 371
2013 14 594
2012 14 881
2011 15 417
2010 16 904
2009 16 938
2008 13 773
Ընդ. 8 տարվա ընթացքում 121 858

Վերը բերված թվերը, սակայն, առկա իրավիճակի ողջ ողբերգությունը չեն արտացոլում: Հայաստանին սպառնացող վտանգն առավել տեսանելի է դառնում, երբ բնակչության բնական աճի տեմպերը ըստ մարզերի ենք դիտարկում:

Տավուշի մարզը, որը, ըստ պաշտոնական վիճակագրության, 125 հազար 600 բնակիչ ունի, անցած 2015-ին բնակչության թվի բնական աճ գրեթե չի ունեցել: Տավուշի մարզում ծնված երեխաների թիվը մահացած մարդկանց թվից ավել է եղել ընդամենը հինգով:
Վայոց ձորի, Սյունիքի եւ Լոռու մարզերի բնակչության թվի բնական աճը եւս կտրուկ նվազելով մոտենում է զրոյական մակարդակին: Մասնավորապես, նշված մարզերում ծնված երեխաների թիվը մահացած մարդկանց թվից ավել է եղել համապատասխանաբար ընդամենը` 58, 147 եւ 266-ով: Սա այն դեպքում, երբ, ասենք, Լոռին Հայաստանի ամենաշատ բնակչություն ունեցող մարզերից է: Ըստ պաշտոնական տվյալների՝ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Լոռու մարզի մշտական բնակչության թիվը եղել է 224 հազար 500: Նշենք, որ հազար բնակչի հաշվով Տավուշի բնակչության թվի բնական աճի ցուցանիշը զրո է, Լոռու, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերինը՝ 1:

Նշված չորս մարզերում բնակչության թվի անկման տեմպը հասկանալի դարձնելու համար նշենք, որ, օրինակ, 2014-ին Տավուշում բնակչության թվի բնական աճի ցուցանիշը եղել է 147, Վայոց ձորում` 150, Սյունիքում 228, եւ Լոռիում 613:

Ինչպես հայտնի է՝ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը, կամ այլ կերպ ասած` ՀՀ քաղաքացիների թիվը կազմում է 2 մլն 998 հազար 600 մարդ: Հիշեցնենք, որ այս թիվն իր մեջ ներառում է ինչպես Հայաստանում ապրողներին, այնպես էլ արտերկրում բնակվող մեր քաղաքացիներին: 2011-ի մարդահամարի արդյունքներով ՀՀ մշտական բնակչության թիվը եղել է 3 մլն 18 հազար 854: Նկատենք, որ միայն այդ երկու տվյալների համադրմամբ ստացվում է, որ Հայաստանի քաղաքացիների թիվն անցած հինգ տարիներին նվազել է 20 հազար 254-ով: Սակայն չպետք է մոռանալ, որ 2011-ից այս կողմ Հայաստանի բնակչության թվի բնական աճը կազմել է 74 հազար 189: Ստացվում է, որ ՀՀ քաղաքացիների թիվն իրականում ոչ թե 20 հազարով է նվազել, այլ 94 հազար 443-ով: Կրկնում ենք` այս թիվը իր մեջ չի ներառում Հայաստանից արտագաղթած, բայց երկրի հետ իրենց կապը պահպանող մեր հայրենակիցներինը: Վերը բերված 94 հազարն այն ՀՀ քաղաքացիներն են, որոնք իրենց կապը Հայաստանի հետ վերջնականապես կտրել են:

Վերը բերված թվերը, որոնք պաշտոնական աղբյուրներից են վերցված, ՀՀ իշանությունների գործունեության ամենախոսուն արտացոլումն են: Իսկ Սերժ Սարգսյանը խոսում է պատասխանատվությունից: Արդյո՞ք նա կրում է պատասխանատվություն այս իրավիճակի համար:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս