ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱՐԵԼ ԵՆ
«Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող «Ավիա սերվիս» ընկերությունը, որը զբաղվում է ավիաուղեւորների համար սննդի պատրաստմամբ ու մատակարարմամբ, այլեւս պարտք չէ «Արմավիա» ավիաընկերությանը: «Ավիա սերվիս»-ը երեկ փոխանցել է գումարներն «Արմավիա»-ին: Հիշեցնենք, որ երեկ, «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան, ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, փոխանցելով ընկերության տնօրենի խոսքը, հերքել էր «Ավիա սերվիս»-ի պարտքերի մասին «Արմավիա»-ի պնդումները` չհիշատակելով, որ իրենք հենց նույն օրն էին այդ պարտքերը մարել:

ՊԱՐՏՔԵՐԻ ՊԱՏՃԱՌՈ՞Վ
Մոսկվայում գործող «ԲԱՄՕ» ընկերության նախկին համասեփականատիրոջ` Հովիկ Մուրադյանի սպանությամբ զբաղվող քննիչները կարծում են, որ սպանությունը պատվիրված էր եւ կարող է կապված լինել նրա բիզնեսի հետ, որը նա վարում էր երեք եղբայրների հետ:  «Իզվեստիա»-ի տեղեկացմամբ` իրավապահները կարծում են, որ Մուրադյանի սպանությունը պատվիրված էր, իսկ մարդասպանը, ամենայն հավանականությամբ, կա՛մ նրա հայրենակիցն է, կա՛մ ծնունդով Կովկասից: Մուրադյանի սպանության պատճառները նախ եւ առաջ փնտրում են ընտանեկան բիզնեսում: Որպես հնարավոր վարկած` «Իզվեստիա»-ի աղբյուրը նշում է Մուրադյանի բազմաթիվ պարտքերի հետ կապված կոնֆլիկտները եւ կնքվելիք նոր խոշոր գործարքը: Ի դեպ, երեկ՝ երեկոյան, Մուրադյանի դին տեղափոխվել է Հայաստան՝ նրա ծննդավայր՝ Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղ:

ՄԵՐԺԵՑԻՆ
Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների դատարանը դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ երեկ մերժել է Դավիթ Սանասարյանի հայցն ընդդեմ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ հայցային վաղեմության հիմքով: Հիշեցնենք, որ Սանասարյանը դիմել էր դատարան ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի, քանի որ վերջինս անցած տարվա օգոստոսի 11-ին Nouvelles d’Armenie ամսագրին տված հարցազրույցում «անվայելուչ վիրավորանքներ, զրպարտող, իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ եւ սպառնալիքներ» էր հնչեցրել Դավիթ Սանասարյանի հասցեին, ինչով արատավորել էր նրա պատիվն ու արժանապատվությունը:

ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ԳՆԱՑ ԽՈՊԱՆ
Կառավարության երեկվա նիստում քննարկվել է նաեւ Շիրակի մարզի Բայանադուր գյուղի ԲՀԿ-ական գյուղապետ Հովակիմ Սարգսյանի հրաժարականի հարցը: Վերջինս խնդրել է    վաղաժամկետ դադարեցնել իր լիազորությունները: Շիրակի մարզպետարանի ՏԻՄ  վարչության պատասխանատու Ռուբիկ Հարությունյանը «Առավոտ»-ին փոխանցել է, թե  գյուղապետի դիմումի պատճառը նրա հիվանդությունն է, մինչդեռ, ըստ գյուղում տարածված խոսակցությունների, վերջինս որդու հետ մեկնել է խոպան` Ռուսաստանի գյուղերից  մեկը:

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՎԱՉԵԻՆ
Երեկ  Ազգային ժողովում  ընդունվեց  «Կառավարության կառուցվածքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախկին ֆիննախարար, ներկայումս կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանն  օժտվեց նախարարի լիազորություններով:




Լրահոս