Սերժ Սարգսյանը բազմաքայլ շղթա է կազմում. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը փաստորեն հաստատել է ՀՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում Դաշնակցության երեք նախարարների մասին մամուլի տեղեկությունները. Դավիթ Լոքյանը՝ տարածքային կառավարման, Արծվիկ Մինասյանը՝ էկոնոմիկայի, իսկ Լեւոն Մկրտչյանը՝ կրթության ու գիտության:

Արմեն Ռուստամյանը հաստատել է նաեւ, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կնքելու է քաղաքական երկարատեւ համագործակցության համաձայնություն: Այսինքն՝ խոսքը իսկապես վերաբերելու է նաեւ հետընտրական իրավիճակին, ինչը նշանակում է, որ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն, այսպես ասած, խորհրդարանական մեծամասնություն են ձեւավորում, եւ երեւի թե ներկայումս անհամաձայնությունները վերաբերում են մանդատների հարաբերակցությանը: Այսինքն՝ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն ըստ էության բաժանում են առաջին եւ երկրորդ տեղերը:

Այստեղ, սակայն, առաջանում է հետաքրքրական իրավիճակ: Մասնավորաբար, ՀՅԴ-ն իր ձայների քանակով լինելու է երկրո՞րդը, թե՞ կարող է լինել ավելի ներքեւ, բայց ՀՀԿ-ի հետ համագործակցության շուրջ պայմանավորվածության արդյունքում լինել իշխանություն: Այսինքն՝ առկա իրավիճակում դժվար է միանշանակ պնդել, որ ՀՀԿ-ից հետո ՀՅԴ-ն լինելու է երկրորդ ներկայացված ուժը:

Իհարկե, սրան զուգահեռ անշուշտ առկա է հարցը՝ իսկ ով կարող է հավակնել երկրորդ տեղին, երբ քաղաքական դաշտում որեւէ կերպ ընդգծված ընդդիմադիր առաջատար ուժ գոյություն չունի, չկա նաեւ ոչ իշխանական ուժ: Մի շարք քաղաքական ուժեր հայտարարել են լիբերալ դաշտի համախմբման մասին: Կարո՞ղ է արդյոք այստեղ ձեւավորվել դաշինք եւ այդ դաշինքը զբաղեցնել երկրորդ տեղը ՀՀԿ-ից հետո, սակայն ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ համագործակցության արդյունքում կազմի կայուն մեծամասնություն: Միանգամայն հնարավոր է:

Համենայնդեպս, ակնհայտ է, որ երկրորդ ուժի հարցը մնում է բաց, եւ ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունն այս առումով, ՀՅԴ-ին տեղ ապահովելով խորհրդարանում, չի ապահովում երկրորդ տեղը: Ավելին՝ սրա միջոցով Սերժ Սարգսյանը որոշակի վերահսկողական լծակ է ձեռք բերում ՀՅԴ-ի հանդեպ՝ այդպիսով կազմելով բազմաքայլ մի շղթա՝ ՀՅԴ-ի օգնությամբ վերահսկելով ՀՀԿ-ի ներքին տրամադրությունները, իսկ երկրորդ ուժի օգնությամբ էլ վերահսկելով ՀՅԴ-ին:

Իհարկե, այստեղ լիբերալ միավորման երկրորդը լինելու տարբերակը խիստ հիպոթետիկ է՝ նախ այն պատճառով, որ այդ միավորումը դեռեւս չկա, եւ նույնիսկ այնքան էլ հստակ չէ, թե ովքեր կարող են կազմել այն ամբողջությամբ, որպեսզի այդ ուժը ունենա լուրջ պոտենցիալ: Հստակ չէ նաեւ, թե հատկապես ինչ առանցքի շուրջ կարող է ձեւավորվել այդ դաշինքը:

Մյուս կողմից՝ ընդդիմադիր դաշտում այնպիսի խայտաբղետ եւ ցրված իրավիճակ է, որ հնարավոր է այդ դաշտում հավաքել գործնականում ցանկացած կոնստրուկցիա: Եվ այս առումով իշխանության ծրագրերը, իհարկե, կունենան ամենեւին ոչ վերջին նշանակությունը եւ ազդեցությունը: Իսկ այդ տեսանկյունից իշխանությունների համար լիբերալ դաշինքի վարկածը կարող է լինել առավել նախընտրելի, քանի որ այդ դաշինքը անկասկած հանդես կգա ոչ արմատական եւ կոշտ ընդդիմության դիրքերից, կլինի առավելապես գաղափարական, միաժամանակ կարող է նաեւ բավական դրական ընկալվել Արեւմուտքում:

Սակայն կասկած չկա նաեւ, որ խորհրդարանում երկրորդ տեղի, այսպես ասած, «վերահսկողական» լծակի համար բավական ակտիվ գործելու է նաեւ Ռուսաստանը, եւ այստեղ կա՛մ Արթուր Բաղդասարյան-Արա Աբրահամյան հնարավոր տանդեմը, կա՛մ նրանցից որեւէ մեկը միայնակ կարող է այդ աջակցությամբ հավակնել որոշակի դերակատարման»:

Ավելi մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս