Սահմանամերձ Բերդավանի մանկապարտեզը տարեսկզբից չի գործում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի մանկապարտեզը տարեսկզբից չի գործում: Նախադպրոցական հաստատությունն ունի 4 խումբ, որտեղ հաճախում է 110 երեխա: Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանից հետաքրքրվեցինք, թե որն է մանկապարտեզի չգործելու պատճառը: Նրա տեղեկացմամբ` հանրապետությունում գրիպի վիրուսների պատճառով տարեսկզբին, ինչպես Հայաստանի դպրոցներում եւ այլ մանկապարտեզներում, այնպես էլ այստեղ պարապմունքները դադարեցված էին:

Այժմ Բերդավանի մանկապարտեզում նման վտանգ չկա: Նախադպրոցական հաստատությունը չի գործում, որովհետեւ այնտեղ գազաֆիկացման աշխատանքներ են կատարվում: Գյուղապետի վկայությամբ՝ նախկինում Բերդավանի  մանկապարտեզը ջեռուցվում էր փայտով տաքացվող վառարաններով: Սակայն «Կամրջակ» սոցիալ-բարեգործական կազմակերպության միջոցներով մանկապարտեզի շենքը նորոգելուց հետո վառարաններով ջեռուցումից շենքի ներսի հարդարանքը չփչացնելու համար այժմ համայնքի միջոցներով մանկապարտեզը գազաֆիկացնում են: Ա. Գաբրիելյանը հավաստիացրեց, որ գազաֆիկացումը մինչեւ մարտի 1-ը կավարտվի, եւ գարնան առաջին օրը բերդավանցի երեխաները կհաճախեն մանկապարտեզ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս