Պարզվում է՝ Հայաստանում բարձր պաշտոն ու դիրք ունենալու համար բարձրագույն կրթությունը բնավ էլ պարտադիր չէ: Այս ինքնատիպ «փիլիսոփայությունը» հաստատել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանը՝ ամենահարուստ օրենսդիրներից մեկը, որն ընդամենը 1993 թվականին է ստացել բարձրագույն կրթություն՝ ավարտելով Եկատերինբուրգի Ուրալյան ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Իհարկե` հեռակա:
Սարանիստ գյուղում ծնված Մ. Մանուկյանը ծառայել է բանակում, վերադարձել 1975-ին եւ անմիջապես աշխատանքի անցել Բյուրեղավանի «Հայբյուրեղապակի» գործարանում (նշված չէ, թե ինչ կարգավիճակով): 14 տարի այստեղ աշխատելուց հետո Մ. Մանուկյանը 1989-ին, օգտվելով լայն թափ առած կոոպերատիվ շարժման ընձեռած հնարավորություններից, դարձել է «Սարանիստ» ՍՊԸ հիմնադիր տնօրենը, նախագահը: ՍՊԸ-ն զբաղվում է ապակյա տարաների արտադրությամբ, ունի բավական ընդգծված եկամուտներ. հանգամանք, որը կարեւոր դեր խաղաց 2003-ին պատգամավոր դառնալու եւ ՕԵԿ-ի շարքերն ընդգրկվելու հարցում: Մինչեւ 2006թ. մայիսի 22-ն ընդգրկված լինելով Արթուր Բաղդասարյանի թիմում՝ Մ. Մանուկյանն այդպես էլ որեւէ օրինաստեղծ գործունեությամբ չզբաղվեց, խորհրդարանի ամբիոնից ելույթներ չունեցավ:
Երբ Ա. Բաղդասարյանը «ստորին ուժերի թելադրանքով» անցավ ընդդիմադիր դաշտ, Մ. Մանուկյանն առաջիններից մեկը լքեց ՕԵԿ նավը… Հանրության համար գրեթե աննկատ մնաց այս հանգամանքը, քանի որ շատերը չէին ճանաչում նրան, իսկ ահա կուսակցական «վերնաշերտը» փոքր-ինչ մտահոգվեց, որովհետեւ Մելիքը, այնուամենայնիվ, ինչ-որ չափով եկամտի աղբյուր էր: Սակայն Շշի Մելոն կուսակցությունից հեռանալու իր պատճառներն ուներ: Այն ժամանակ թերթերից մեկը գրեց. «2006թ. առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցուցակում Մ. Մանուկյանի «Սարանիստ»-ը, որն ապակյա տարաներ է մատակարարում հայաստանյան գրեթե բոլոր ըմպելիք արտադրողներին, զբաղեցնում է 359-րդ տեղը: «Խելոք չմնալու» դեպքում հարկայինը կապացուցի, որ այս ընկերությունն իրեն «վայել» տեղից մի 100 աստիճանով ցածր է: Մատ թափ տալու հնարավորություն կընձեռվի նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, քանի որ ապակյա տարաների արտադրությամբ պրն. Մելիքյանի ընկերությունը մոնոպոլ դիրքեր ունի»:
2007-ին Մ. Մանուկյանը դարձյալ խորհրդարան եկավ, արդեն` առանց որեւէ կուսակցական կախվածության: Դե, մարդը գործարար էր, շատ փող ու հարստություն ուներ, ինչո՞ւ պիտի ինչ-որ կուսակցության «մուծումներ» աներ պատգամավոր դառնալու համար: Իսկ արդեն 2012-ի խորհրդարանական ընտրություններում Մելիքը դարձյալ առաջադրվեց արդեն «սեփականաշնորհված» թիվ 26 ընտրատարածքում: Այստեղ առաջադրված էր նաեւ ԱԺ պատգամավոր Վրեժ Շահգելդյանը: Նա «Սկյուռիկ» ՍՊԸ խորհրդի նախագահն էր, եւ նրան էր պատկանում Ձորաղբյուրի թիվ 1 անասնապահական ֆերման: Այսինքն՝ աղքատ մարդ չէր: Ցանկանալով տեղ զբաղեցնել խորհրդարանում՝ Վ. Շահգելդյանը նախընտրական շրջանում Բյուրեղավանում կազմել էր տվել «ընտրակաշառքի ցուցակներ»: Նրան ընտրողներն իրենց ցանկությամբ ստանալու էին ջրաչափ կամ մեկ պարկ ալյուր: Քաղաքի փողոցների բարեկարգման համար խոստացել էր 20-30 մեքենա ասֆալտ: Ասում էին, որ 50 մլն դրամ էր հատկացրել քաղաքի գազաֆիկացման համար: Պայքար սկսելով Շահգելդյանի դեմ՝ Մ. Մանուկյանն էլ իր «ստավկան» էր հաստատել. «Վ. Շահգելդյանի տված կաշառքին գումարած 3000 դրամ»: Մ. Մանուկյանը Կամարիս գյուղում ալեհավաք էր տեղադրել, իսկ գյուղի դպրոցն էլ խոստացել էր վերանորոգել: Այսինքն՝ ոչ թե խոստացել էր օրենսդրական գործունեությամբ զբաղվել, օրենքներ գրել՝ գյուղի մարդկանց հոգսերը թեթեւացնելու, գյուղատնտեսական քաղաքականությունն առավել մարդակենտրոն դարձնելու համար, այլ ընդամենը «թույլատրված» ընտրակաշառք էր բաժանել՝ դառնալով ընտրական կոռուպցիայի շեշտված ներկայացուցիչներից մեկը… Մի քանի տարի կուսակցություններից խուսափող Մ. Մանուկյանը 2012-ին դարձավ ԲՀԿ խմբակցության անդամ: Այսինքն՝ գտավ իրեն արժանի միջավայր, որտեղ ամենակարեւոր արժեքը փողն է:
Զարմանալ կարելի է, թե ինչպես է ընդամենը ապակյա տարաներ արտադրող ՍՊԸ նախագահ-տնօրենն այնքան հարստացել, որ հայտարարագրել է 11 անշարժ գույք, որից երեքը՝ բնակելի, 1419,36 քմ ընդհանուր մակերեսով: Նա ունի նաեւ մեկ շինություն՝ 1053,93 քմ մակերեսով, 5 հողամաս, 2 արտադրամաս՝ 1226,39 քմ մակերեսով: Կոտայքի մարզը մեր ամենաաղքատ մարզերից է, բայց այստեղ են գլխավորապես կենտրոնացած Հայաստանի ամենահարուստ մարդիկ: Իսկ թե ինչու, արդեն պարզ է դառնում. նրանք անարգել սեփականաշնորհել են ամեն ինչ՝ մարդկանց զրկելով ամենաչնչին ունեցվածքից: Մ. Մանուկյանն էլ նրանցից մեկն է: Մեծահարուստ պատգամավորը զարմացնում է նաեւ իր ունեցած ֆինանսական միջոցներով: Ճիշտ է, 2011թ. նրա եկամուտը կազմել է 12 մլն 421 հազար դրամ, որից 3 մլն 121 հազարն ԱԺ-ից ստացած աշխատավարձն է, սակայն նրա հաշվին կա 1 մլրդ 339 մլն 518 հազար դրամ…
Շշի Մելոն մեկն է ԲՀԿ-ական այն պատգամավորներից, որն ի սկզբանե դեմ է եղել կուսակցության ընդդիմադիր կեցվածքին: Նա անգամ միացել է այն խմբին, որը կամենում էր չեզոքացնել Վարդան Օսկանյանին: Ընկերական մի շրջապատում էլ նա խիստ դժգոհություն է հայտնել, թե Օսկանյանը եկել է ու չի թողնում, որ իրենք իշխանություն լինեն…
ՍԿԶԲՈՒՄ ՊԱՇՏՈՆ ՈՒ ՓՈՂ, ՀԵՏՈ՝ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ