ԼԵՅՏԵՆԱՆՏ ՇՄԻԴՏԻ ՆՈՐԱՀԱՅՏ ՈՐԴԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանի որ Հայաստանում կենտրոնական եւ տեղական իշխանությունը գյուղացիների խնդիրների մասին հիշում է ընտրությունից ընտրություն, վերջիններս ստիպված են լինում իրենց գործերն առաջ տանելու համար ապավինել տարբեր անհատ ձեռներեցների` այդ ընթացքում ընկնելով նաեւ այնպիսի խարդախների ձեռքը, ինչպես Երեւան քաղաքի Նոր Արեշի բնակիչ, 1977թ. ծնված Արշակ Ալբերտի Աբրահամյանն է: Նրան մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա խաբեությամբ գումարներ հափշտակելու դիտավորությամբ 2010թ. սեպտեմբերից մինչեւ 2011թ. ապրիլի վերջերն ընկած ժամանակահատվածում, ներկայանալով որպես ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակից, չարաշահելով Տավուշի մարզի Իջեւան քաղաքի, Այգեհովիտ, Խաշթառակ, Սեւքար գյուղերի բնակիչներ Միքայել Վանեսյանի, Գարեգին Ահարոնյանի, Ռոզա Գեւորգյանի, Էդգար Հովհաննիսյանի, Սոնյա Աղաջանյանի վստահությունը, Ճապոնիայի կառավարության 10-րդ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ՀՀ ներկրված «Բելառուս» մակնիշի տրակտորներից 4-ը՝ համապատասխան գյուղատնտեսական գործիքների հետ միասին, մրցութային եղանակով վերջիններիս իրացնելու պատրվակով նրանցից խաբեությամբ հափշտակել է գումարներ: Ըստ մեղադրական եզրակացության՝ բացի այդ, Արշակ Աբրահամյանը, Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի բնակիչ Վարդազար Հովհաննիսյանին ներկայանալով որպես «Էրեբունի ալկո» ընկերության ներկայացուցիչ, չարաշահելով վերջինիս վստահությունը, մեծ քանակությամբ ցորեն գնելու եւ վերոհիշյալ ընկերությանն իրացնելու պատրվակով, խաբեությամբ Վ. Հովհաննիսյանից հափշտակել է 3 միլիոն 936 հազար 860 դրամ արժողությամբ 29 տոննա ցորեն:
Ա. Աբրահամյանը կալանավորված է եւ այժմ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նախկինում չդատված Ա. Աբրահամյանին քրեական գործի 5 դրվագով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խարդախությունը, որ կատարվել է խոշոր չափերով), 2 դրվագով՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը, որ կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Վերջին հոդվածով մեղադրյալին սպառնում է 4-8 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավումով կամ առանց դրա: Այս քրգործով դատական առաջին նիստը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրում նշանակված է հունիսի 19-ին:
Կարելի է զարմանալ գյուղացիների միամտության վրա, որ հավատացել են Ա. Աբրահամյանին եւ տրակտոր տրամադրելու նրա կարողություններին: Սակայն մեր երկրի բնակիչների մեծամասնությունը հավատում է (ոչ առանց հիմքի), որ պաշտոնյաներն առանց կաշառք վերցնելու հարց չեն լուծում: Եվ այդ «պղտոր ջրում ձուկ են որսում» տարբեր արկածախնդիրներ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս