ԳՅՈՒՂԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյուղական համայնքների խնդիրները նման են իրար՝ գյուղամիջյան քանդված ճանապարհներ, ջրի, ներքին ցանցի վերանորոգման խնդիր, մանկապարտեզի, մշակույթի կենտրոնների բացակայություն: 135 տնտեսություն ունեցող Լոռի-Բերդ համայնքի ղեկավար Խաչատուր Բալայանի շնորհիվ լուծվել է գյուղի խմելու ջրի խնդիրը, սակայն այստեղ էլ  շարունակում են հրատապ մնալ արոտավայրերի, խոտհարքների ու ամեն տարի կարկտահարվող բերքի հարցերը:
Բնակիչները դժգոհում են, որ այսքան տարի համապատասխան մարմիններից միայն եկել ու վնասի չափ են պարզել, իսկ փոխհատուցման խոստումները մնացել են օդից կախված: Այս տարի էլ արդեն կարկուտը հասցրել է վնասել բանջարաբոստանային կուլտուրաները: Բնակիչները փառք են տալիս Աստծուն, որ կարկուտը գոնե կարտոֆիլը  չի վնասել:
Գյուղի հիմնական զբաղմունքը մնացել է անասնապահությունը, որը, սակայն, վերջին շրջանում նկատելի դժվարություններ է առաջացնում: «Մենք բոլորովին արոտավայր չունենք, երկրաշարժից հետո մեր հողամասերը վերցրել են շինարարության տակ, մի մասում կառավարության որոշմամբ է արգելված անասուններ տանել, մի մասում էլ եկել, քարհանք են բացել, թույլ չեն տալիս՝ անասուններին տանենք»,-բողոքում են գյուղացիները: Համայնքի ղեկավարի խոսքով` գյուղն արոտավայրեր ունի, որոնք, սակայն, գտնվում են գյուղից բավական հեռու, գյուղացիներին էլ հարմար չէ անասուններին այնտեղ հասցնել:
Լոռի-Բերդի բնակիչների խոսքով` անասնապահությամբ զբաղվելը դարձել է նաեւ վտանգավոր: «Վերջերս անընդհատ կայծակ ու կարկուտ է, արդեն վախենում էլ ենք դաշտում էս կայծակի տակ անասուն պահել, հարեւան գյուղերից եղել են դեպքեր, երբ կայծակից մարդիկ են մահացել: Կամաց-կամաց անասուն պահելուց էլ կհրաժարվենք, առանց այն էլ ի՞նչ ենք ստանում էդ անասուններից որ, արոտավայր չկա, անասունը կարգին չի ուտում, կաթ էլ նորմալ չի տալիս, տված կաթն էլ հանձնում ենք լիտրը լավագույնը 130 դրամով, սեզոնին՝ 90 դրամով: 1 լ ջերմուկն ավելի թանկ արժե, քան տնական կաթը: Մնում է միայն մեր չարչարանքը»,-նշում է Անուշ Դոխոլյանը:
Ըստ գյուղացիների՝ համայնքից հեռու են գտնվում նաեւ խոտհարքները, ինչը լուրջ խոչընդոտներ է ստեղծում անասնապահությունը զարգացնելու գործում: Խոտը հնձելու, հավաքելու եւ տուն հասցնելու համար մեծ գումարներ են պետք: Ավելի նպատակահարմար է այն գնելը, դա էլ ամեն մարդ չի կարողանում, ստիպված պակասեցնում է անասնագլխաքանակը: Անցած տարի, օրինակ, խոտի 1 տուկն արժեր 1200-1600 դրամ: Եթե իսկապես հաշվարկ արվի` խոշոր եղջերավորին ձմռանը պահելու համար արված ծախսերի ու նրա տված օգուտի միջեւ, կպարզվի, որ, իրոք, գյուղացուն մնում է միայն ու միայն իր չարչարանքը:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի




Լրահոս