ԹՈՒՐՔԸ ԳԻՏԻ` ԻՆՉ Է ԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Հայաստանում հուշարձանները հիմնականում անտերության են մատնված, ավելին, հուշարձանաքանդության նոր ծրագրեր են մշակվում, Արեւմտյան Հայաստանի Դիարբեքիրի վիլայեթի (այժմ` Մարդինի վիլայեթի վարչական կենտրոնը) Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցին Թուրքիայի կողմից ներկայացվել է Եվրոպայի առավել վտանգված 7 հուշարձանների յոթնյակում: Այդ մասին տեղեկացնում են ԻԿՕՄՕՍ/Հայաստան հասարակական կազմակերպության մամուլի ծառայությունից:
«7 առավել վտանգված վայրեր» ծրագիրը մեկնարկել է 2013թ. հունվարին, դրան աջակցում է Եվրոպական ներդրումային բանկը:
Հունիսի 11-ին՝ Աթենքում «Եվրոպա Նոստրա» կազմակերպության 50-ամյակին նվիրված հոբելյանական կոնգրեսի շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, կազմակերպությունը հրապարակել է Եվրոպայի առավել վտանգված հուշարձանների յոթնյակը: Այն ընդգրկում է մշակութային ժառանգության օրինակներ Ալբանիայից, Կիպրոսից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Իտալիայից, Ռումինիայից եւ, ինչպես նշեցինք, Արեւմտյան Հայաստանից, որը ներկայացրել է Թուրքիան:
Համապատասխան հաղորդագրությամբ պարզաբանված է, թե ինչու են ընտրվել այդ հուշարձանները. «Եվրոպայի մշակութային եւ բնության ժառանգության այդ գանձերը սպառնալից վիճակում են հայտնվել անհրաժեշտ ֆոնդերի կամ փորձաքննության բացակայության, վատ պլանավորման, անփութության, բնական աղետների եւ/կամ քաղաքական կոնֆլիկտների հետեւանքով»: Իսկ «Եվրոպա Նոստրա»-ի նախագահ Պլաչիդո Դոմինգոն  ավելացրել է. «Այս հուշարձաններն ու վայրերն ընտրվել են ոչ միայն այն պատճառով, որ դրանք պատմում են մեր ընդհանուր անցյալի մասին, այլեւ այն պատճառով, որ թանկ են պահպանության համար պարտավորություն կրող տեղական համայնքների համար»:
Իսկ կոնկրետ Սուրբ Գեւորգ եկեղեցու մասին ասված է. «Շուրջ 15 դար Սուրբ Գեւորգ եկեղեցին Մարդին քաղաքի մեծ հայ համայնքի հոգեւոր օջախն է հանդիսացել: Պատմական հուշարձան դասակարգված այս շինությունը կառուցվել է 420թ. եւ օգտագործվել է հայ բնակչության կողմից մինչեւ 1915թ.` մինչեւ հայերի կողմից քաղաքը լքելը»: Միաժամանակ նշվում է, որ հուշարձանը փրկելու մտահոգությունը «Եվրոպա Նոստրա»-ին է ներկայացրել Թուրքիայի «Եվրոպա Նոստրա»-ն Մարդինի կաթոլիկ հայ համայնքի հիմնադրամի աջակցությամբ:
Փաստորեն, Թուրքիան, փորձելով փրկել հայկական հուշարձանները, առաջին հերթին մտածում է իր վարկանիշի, ինչպես նաեւ զբոսաշրջության զարգացման, ասել է թե` եկամուտների մասին: Հետաքրքիր է` ինչի մասին են մտածում Հայաստանում հուշարձաններն անտերության մատնած կամ դրանք ոչնչացնող պաշտոնյաները:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս