ՀԱՐՑ. Արդյո՞ք թույլատրվում է թոշակի բռնագանձում: Եթե այո, ապա ո՞ր դեպքերում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ստացված դիմումի կապակցությամբ հայտնում եմ, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն՝ կենսաթոշակից պահումներ կարող են կատարվել՝
1) օրինական ուժի մեջ մտած դատավճիռների, վճիռների հիման վրա, սակայն նշանակված կենսաթոշակի 30 տոկոսից ոչ ավելի,
2) սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու, ինչպես նաեւ կենսաթոշակառուի՝ օրենքի 50-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելու հետեւանքով նրան ավել վճարված գումարները հետ գանձելու մասին բնակության վայրի՝ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման որոշման հիման վրա, սակայն նշանակված կենսաթոշակի 15 տոկոսից ոչ ավելի:
Կենսաթոշակից կատարվող պահումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի կենսաթոշակի 30 տոկոսը:
Օրենքի 50-րդ հոդվածի համաձայն՝ կենսաթոշակառուն պարտավոր է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնել իրեն վերաբերող հավաստի տվյալներ, ինչպես նաեւ տեղեկացնել այն հանգամանքների մասին, որոնց առկայությունը կարող է հանգեցնել կենսաթոշակի չափը փոփոխելուն կամ դրա վճարումը դադարեցնելուն:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ ներկայիս կենսաթոշակներն այնքան չնչին են, որ շարքային կենսաթոշակառուի կարիքները հոգալուն չեն բավարարում, ամեն դեպքում, քիչ չեն այն թոշակառուները, որոնց եկամտի միակ աղբյուրը հենց այդ գումարն է: Ուստի դրա որեւէ մասը չկորցնելու եւ պետությանը պահումներ անելու հնարավորություն չտալու համար հարկ է խուսափել վերը ներկայացված դեպքերից եւ մշտապես պատկան մարմիններին տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն: