Վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված օֆշորային սկանդալի “հանգուցալուծումը” կարծես գտնված է։ Այս մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը եւ հավելում.”Դատելով ՀՀ ոստիկանության երեկվա հայտարարությունից՝ գործն ամբողջությամբ “կոտրվելու” է գործարար Աշոտ Սուքիասյանի վրա։ Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը երեկ կայքերին հայտնել է, որ նախօրեին ուստիկանությունում որոշում է կայացվել գործարար Աշոտ Սուքիասյանին որպես մեղադրյալ ներգրավել 2012թ. հարուցված քրեական գործում։
Գործարարի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, քանի որ նրա գտնվելու վայրը հայտնի չէ, եւ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Հիշեցնենք, որ գործարար Փայլակ Հայրապետյանը որպես իրեն ունեզրկելու գործընթացի սկիզբ մատնանշել էր մի քննարկում, որին Սուքիասյանից բացի մասնակցել էին նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ Կճոյանը։ Հենց այս երեքի անուններն են նշված օֆշորային հայտնի ընկերության հիմնադիրների ցանկում, բայց քրգործ հարուցվել է միայն Սուքիասյանի նկատմամբ”,- գրում է “Հայկական ժամանակը” (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):