ԼԱ՛ՎԸ ԵՂԵՔ, ԹՈՂ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՓՆՏՐԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ինքնախոստովանությամբ է զբաղված: Ըստ Ռուստամյանի` վարչապետը խոստովանել է, որ իրենք լավ չեն աշխատում, ինչի արդյունքում էլ ժողովուրդն իր հույսը դնում է ընդդիմության վրա:
-Պարո՛ն Ռուստամյան, բացի ԱԺ ՀՅԴ խմբակցության աշխատանքներից, այժմ ի՞նչ է անում “Հայ հեղափոխական դաշնակցություն”-ը: Կոնկրետ խնդրում եմ նշել, թե առաջիկայի ինչպիսի ծրագրեր ունի կուսակցությունը: 
-Մեր ընդհանուր ընթացիկ գործընթացներն են, որ տեղի են ունենում: Բնականաբար, մենք ներքին քննարկումների փուլի մեջ ենք՝ կապված այն բանի հետ, որ, ի վերջո, ինչ-որ մի ընտրական էտապ ավարտվեց: Խնդիր կա ավելի գնահատել անցած ճանապարհը, Հայաստանում օբյեկտիվ իրավիճակը, այն մարտահրավերները, որոնք առաջանում են քաղաքական, մասնավորապես ընդդիմադիր քաղաքական ուժերի եւ հատկապես ՀՅԴ-ի համար: 
-Տեսակետ կա, որ  Ձեր կուսակցությունում տարաձայնությունների հիմնական պատճառը  սերնդափոխության բացակայությունն է ու մշտապես նույն դեմքերի առկայությունը թե՛ կուսակցական վերին օղակներում, թե՛ ԱԺ-ում: Ինչպե՞ս է լուծվելու սերնդափոխության հարցը ՀՅԴ-ում:
-Սերնդափոխության խնդիրը միշտ էլ կա, եւ եթե նայենք “Դաշնակցության” անցած ճանապարհը, կտեսնենք, որ երեւի որեւէ կուսակցություն այդ աստիճանի սերնդափոխություն չի արել, ոնց որ արել է “Դաշնակցություն”-ը: Օրինակ՝ վերջին 10-15 տարիների ընթացքում մի քանի տասնյակ դեմքեր են եղել ղեկավար մարմինների մեջ, որոնք փոխվել են: “Դաշնակցություն”-ը մեկ անձի ղեկավարությամբ չի գործում, ունի շատ լուրջ ժողովրդավարական ավանդույթներ, ղեկավարումը կատարվում է կոլեգիալ: Ու եթե այսօր ասում են սերնդափոխություն, ապա հաճախ շփոթում են այն քաղաքական ուժերի հետ, որոնք իսկապես միանձնյա ղեկավարում են իրականացնում: Եթե անգամ թվում է, որ մի անձ երկար է մնացել ղեկավար մարմնի մեջ, միեւնույն է, նա միանձնյա չի կարող ՀՅԴ-ում որոշումներ կայացնել:
-Ուղղակի նույն դեմքերի վերարտադրությունը…
-Եթե իշխանությունների դեպքում ասում ենք, որ վերարտադրվում են, ապա այդ նույնը կրկնել ՀՅԴ-ի դեպքում տեղին չէ, որովհետեւ մեզ մոտ իրական ընտրություն է տեղի ունենում: 
-Բայց գուցե նոր սերունդն ավելի կտրուկ քայլեր աներ, գնար հեղափոխության, ինչն այս պահին ժողովուրդը շատ է ուզում:
-Դա այլ հարց է: Եթե հարցը դրվի այսպես, որ, օրինակ, “Դաշնակցության” մոտեցումները ավելի այլ բնույթ կունենային, նույն ընդդիմության մեջ ավելի արմատական դիրքորոշումներ կլինեին, ես կարծում եմ, որ դա իրականությանը չհամապատասխանող գնահատական է, որովհետեւ այս նույն մարմինը շատ ավելի վճռական, շատ ավելի արմատական հայտարարություններ ու գործողություններ է կատարել:
-Այսինքն` Դուք բավարար եք համարում ՀՅԴ-ի այժմյան գործունեությունը, որում, բացի խոսքից, կարծես թե գործ չկա: Չե՞ք կարծում, որ նաեւ դրա արդյունքում է, որ վերջին ընտրություններում ՀՅԴ-ն չնչին ձայներ հավաքեց: 
-Եթե “Դաշնակցություն”-ը չի հաջողել, ու մտածում եք, որ այս ընթացքում նահանջ է ապրել՝ ընտրությունների արդյունքները նկատի ունենալով, դրանից ժողովրդի վիճակը լավացե՞լ է, թե՞ վատացել է: Պարզ է, որ վատացել է, ուրեմն սրանք իրար հետ կապված են, չէ՞, ինչքան ՀՅԴ-ի հաջողությունները քիչ են, ժողովրդի վիճակը վատ է: “Դաշնակցության” վիճակը լավ կլինի այն ժամանակ, երբ ժողովրդի վիճակը լավ լինի: Պատճառը նաեւ այս իշխանության միահեծան դրված վիճակն է, որտեղ ընդհանրապես քաղաքական ուժերը տեղ չունեն: Դաշտն ամբողջությամբ մոնոպոլիզացվել է, եւ պետությունը նույնացվել է իշխող կուսակցության հետ: 
-Այսօր ընդդիմությունը շատ թույլ է, ու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդդիմությանն էլ մեղադրեց արտագաղթի համար…
-Այո՛, իրենք այսօր ասում են` ժողովուրդը, որ թողնում գնում է,ձեր մեղքն է, քանի որ դուք այլընտրանք չեք ներկայացնում: Այսինքն՝ նախ ինքը ենթագիտակցաբար ընդունում է, որ ինքը մեղավոր է, որ ժողովուրդն այլընտրանք է փնտրում: Իսկ ինչի՞ են այլընտրանք փնտրում, լա՛վը եղեք, թող այլընտրանք չփնտրեն: Նախ՝ ինքն ինքնախոստովանությամբ է զբաղվում՝ ասելով, որ, այո՛, մենք վատն ենք, պարզապես այլընտրանքը չկա: Իսկ ինչո՞ւ այլընտրանք չկա, որովհետեւ այդ միահեծան պահվածքն այլընտրանքը բացառում է: Իսկ նման դեպքում երկրները գնում են կործանման, ինչպես խորհրդային Հայաստանը: Իրենք հաջողել են` կորցնելով ժողովրդի մի զգալի հատվածը: 
-Դուք եւ Աղվան Վարդանյանը հանդիպել եք ՀՀ ոստիկանապետի հետ` կապված Պռոշյանի գյուղապետի սպանության հետ: Խնդրում եմ նշել, թե ինչ եք զրուցել:
-Շատ մտահոգ ենք, որ բացահայտումը մեզ համար ցանկալի ժամկետներում չի լինում:  Քննարկել ենք ընթացքը ու մեր մտահոգություններն ենք ներկայացրել:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 561 համար




Լրահոս