Հայտնի է ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցող Հայաստանի կանանց հավաքականի կազմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծանրամարտի Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը կայանալու է Նորվեգիայի Ֆորդե քաղաքում: Այս տարի Հայաստանի կանանց հավաքականը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի ամբողջ կազմով:

«Հայաստանի առաջնության արդյունքներից գոհ եմ, չնայած որ մասնակիցների թիվը սակավ էր: Պետք է մեծ ուշադրություն դարձնել մեր երկրում կանանց ծանրամարտի զարգացմանը: Ցավոք, եկող սերունդ չունենք: Դա մեծ խնդիր է: Ներկայիս հավաքականը կայուն է, սակայն պետք է մտածել սերնդափոխության մասին ևս: Այս տարի առաջին անգամ ամբողջ կազմով ենք մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Հույս ունենք, որ թիմային հաշվարկով բարձր հորիզոնականներ կզբաղեցնենք»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:

Ֆորդեում Հայաստանը կներկայացնեն Աննա Գովելյանը (53 կգ), Իզաբելա Յայլյանը (58 կգ), Քրիստինե Պետրոսյանը (63 կգ), Նազիկ Ավդալյանը (69 կգ), Սոնա Պողոսյանը (75 կգ) Արփինե Դալալյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (75+ կգ):

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կայանալու է ապրիլի 8-16-ը:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս