Զինծառայողը սպանել է համածառայակցին, ապա ինքնասպա՞ն եղել. ինչ են պատմում հարազատները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր՝ ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած արտակարգ պատահարի արդյունքում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1997թ. ծնված Կամո Արայի Հովհաննիսյանը և Թեմուր Շարիի Սուլոյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ զինծառայող Թեմուր Սուլոյանը Կոտայքի մարզի Պռոշյան համայնքից է: Մեզ հետ զրույցում նրա ազգականներից Իշխանը հայտնեց, որ ողբերգության մասին տարբեր վարկածներ են լսել, ստույգ ոչինչ հայտնի չէ: Ըստ տարածված լուրերի՝ Թեմուրը սպանել է ծառայակցին, ապա՝ ինքնասպան եղել:

Սակայն մեր զրուցակիցը բացառեց այդ վարկածը՝ վստահեցնելով, որ 19-ամյա նորակոչիկը նման քայլի երբեք չէր դիմի. «Նա այնպիսի դաստիարակություն է ստացել, որ անգամ ճանճին չէր վնասի: Հայրը 10 տարի առաջ է մահացել՝ սրտի կաթվածից: Մոր վիճակը շատ վատ է, չի կարողանում սթափվել, ուշքի գալ: Երկու ամիս առաջ էր արձակուրդ եկել: Ես նրա ծառայությունից մանրամասներ չգիտեմ: Բայց եթե բողոքներ ունենար, ես կիմանայի»,- ներկայացրեց Իշխանը՝ հավելելով, որ Թեմուրը տան միակ արու զավակն էր, իրենից մեծ երեք քույր ուներ. «Բարեկամներն անելանելի վիճակում են, չեն կարողանում հավատալ կատարվածին: Ում հետ շփվել է, ում հետ կապ է պահպանել ոչ ոք չի լսել, որ զորամասում խնդիրներ է ունեցել: Հիմա հնարավոր է՝ իրար են կրակել, հնարավոր է պատահաբար է կպել, կամ էլ՝ դրսից են կրակել: Ինքնասպանությանը մենք չենք հավատում»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ երեկ ևս զինծառայողի մահվան դեպք է գրանցվել: Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:




Լրահոս