ԸՆՏԱՆԻՔՈՎ ԿՄԵԿՆԵՆ ՆԻՑՑԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ամառ է, շրջան, երբ շատերն են երազում հանգստի մասին, սակայն ոչ բոլորը կարող են իրենց ծովափնյա կամ առողջարանային հանգիստ թույլ տալ: Ցավոք, հայաստանյան հանգստի գոտիներն իրենց ծառայություններն աստղաբաշխական գներով են առաջարկում: Այդ իսկ պատճառով էլ նրանք, ովքեր քիչ թե շատ հնարավորություն ունեն, իրենց արձակուրդներն անցկացնում են երկրից դուրս: 
Երգիչ ԱՐԹՈՒՐ ԻՍՊԻՐՅԱՆԸ փորձում է ամեն տարի մեկնել հանգստի: Այս տարի էլ, ինչպես եւ նախկինում, երգիչը ծրագրել է օգոստոսին ընտանիքի հետ մեկնել հանգստի: 
-Ընտանիքով գնալու ենք ծովափ, 20 օր կանցկացնենք Նիցցայում: Կնոջս ծնողներն ամառներն այնտեղ են ապրում: Արդեն 45 տարի է՝ իրենք ամառային ամիսները Ֆրանսիայում են անցկացնում: Մենք էլ ստիպված, թե բարեբախտաբար գնում ենք իրենց մոտ:
Եթե չեմ սխալվում, ձմռանն էլ գնում եք ԱՄՆ` կրկին Ձեր կնոջ ծնողների մոտ:
-Այո՛, ձմռանը մի ամսով ենք գնում, Նոր տարին անցկացնում ենք Մադլենի ծնողների հետ: 
-Մի՞շտ եք ընտանիքով մեկնում հանգստի:
-Անպայման, մինչեւ իմ երեխաները, իմ կինն իմ կողքին չլինեն, ես չեմ հանգստանա: Ինձ համար մեծ բավականություն է, երբ տեսնում եմ, որ երեխաներս ծովում լողանում են կամ երբ մենք առավոտյան դուրս ենք գալիս մարմնամարզության: 
-Հաշվարկե՞լ եք՝ Ձեր չորսհոգանոց ընտանիքին որքան գումար է անհրաժեշտ հանգստի համար:
-Վա՜յ, չգիտեմ, որովհետեւ մենք միշտ հրավիրվում ենք: Եթե մեզ վրա մնա, մենք դժվար կարողանանք որեւէ տեղ մեկնել:
-Իսկ ինչո՞ւ հայաստանյան հանգստյան տներից չեք օգտվում: 
-Նախ թանկ են, հետո էլ անիմաստ է: Այստեղ հանգստանալ չի լինում, ես բավականություն չեմ ստանում: Բայց շատ կուզեի` էնպիսի սպասարկում լիներ, որ ես չուզենայի դուրս գալ: Նախեւառաջ ծով չունենք, ունենք մի հատ Սեւան, որտեղ ահավոր է սպասարկումը բոլոր առումներով: Բնություն չկա, ամեն ինչ շատ թանկ է: Հետո էլ մարդ ես, ուզում ես տարբեր մշակույթներ տեսնել, մի քիչ ուրիշ ձեւով լիցքաթափվել: Ինքս սիրում եմ նոր տեղեր գնալ, նոր բաներ հայտնաբերել, թեկուզ նոր ուտելիքներ ուտել, ոչ թե ամեն հանգստյան տանն ուտել գրեչկա ու ամառային սալաթներ կամ էլ խոզի խորոված: Բացի այդ, կա բոլորովին այլ կուլտուրա, այլ հաճույքներ, ինչը, ցավոք, մեր ժողովրդին հասանելի չէ: 
-Կմտաբերե՞ք, նախկինո՞ւմ էլ էր այդպես:
-Ո՛չ, սովետի տարիներին մարդիկ աշխատում էին ու այնտեղ, որտեղ աշխատում էին, արհմիություններն անվճար ուղեգրեր էին բաժանում: Այն ժամանակ գնում էին Ջերմուկ, Ծաղկաձոր, լավ աշխատողներին Սոչի էին ուղարկում, նույնիսկ՝ Կիսլովոդսկ: Ու այդ բոլորն անվճար էր: 
Եթե սովետական տարիներին գոնե մեկ անգամ մարդիկ Սեւ ծով էին գնում, ապա հիմա Քոբուլեթի են գնում եւ շատ ցածր մակարդակի սերվիսի մեջ իրենց հանգիստը գտնում: Նախընտրում են գնալ Բաթում, որովհետեւ այնտեղ ավելի էժան է, քան մեզ մոտ, ու, ամենակարեւորը, ծով կա:
Հետո՝ հիմա ուրիշ խնդիր էլ կա: Էս կապիտալիստական անշնորհք սիստեմը որ մտավ, մարդիկ վախենում են գնան, հանգստանան, որ իրենց աշխատանքը չկորցնեն: Շատ գործարարներ երեւի իրենց աշխատողներին չեմ թողնում տարին մեկ անգամ արձակուրդ վերցնել: Վստահ եմ, կլինեն նաեւ այնպիսի անխիղճներ, որ նույնիսկ շաբաթ-կիրակի էլ չեն թողնում՝ հանգստանան: 
-Կհիշե՞ք Ձեր կյանքի ամենաուրախ, ակտիվ հանգիստը:
-Դա երիտասարդական տարիներին էր, ես 25 տարեկան էի, ընկերներիս հետ գնացինք  Ռիգա, Լատվիա, Լիտվա: Մերձբալթյան երկրներում անցկացրած հանգիստը շատ հիշվող էր: Այն ժամանակ մեզ համար դա Եվրոպա էր: 
-Ճամփորդելիս առաջինն ի՞նչ եք դնում ճամպրուկի մեջ:
-Լողազգեստը, մեկ էլ Ipad-ը, որովհետեւ այդ սարքի մեջ ե՛ւ գիրք կա, ե՛ւ հեռախոս, ե՛ւ ֆոտոխցիկ: Շատ հագուստ չենք վերցնում, որովհետեւ աշխատում ենք այնտեղից գնել նորը, իսկ մերը նվիրել: Ծանրաբեռնված չենք գնում, գիտեք, Եվրոպա գնալն էլ մի ճամպրուկ է` 22 կգ: Դե որ Նիցցայում բնակարանը կա, էրեխեքը շորեր ունեն, եթե չլինի, էնտեղից կգնենք, ոչ մի պրոբլեմ չկա, առաջվանը չէ, ամեն ինչ կա` շատ ավելի էժան ու որակով: 
-Ակտի՞վ, թե՞ պասիվ հանգստի կողմնակից եք:
-Մեծ, աղմկոտ քաղաքներ չեմ սիրում, ավելի շատ պասիվ հանգստի կողմնակից եմ: Մի բան կցանկանայի, որ մեր հանգստյան գոտիները լինեին ավելի մատչելի: Հիմա շատ են գնում Անթալիա, շատ ցավալի է ինձ համար, որ մեր հայ ժողովուրդն իր հանգիստը գտնում է այնտեղ, որտեղ պետք է անհանգիստ լինի: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 561 համար




Լրահոս