ՀԵՐԹԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 17-ից 18-ը Հյուսիսային Իռլանդիայում կայանալիք Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք բանակցությունների արդյունքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ծրագրում են համատեղ հայտարարություն ընդունել Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ: Այս մասին հայտնում է ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին: Ըստ աղբյուրի` Ուշակովն ասել է. «Հարյուր տոկոս վստահությամբ կարող եմ ասել, որ Օբաման, Պուտինը եւ Օլանդը կստորագրեն Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ հայտարարությունը»: Այս տեղեկատվությունը բավականին ուշագրավ է` հաշվի առնելով վերջերս Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ ԱՄՆ կատարած այցելությունների ընթացքում հնչեցված «մեսիջները», այդ թվում եւ` «փակուղուց դուրս գալու հարցում բոլոր կողմերի` նաեւ Թուրքիայի եւ Իրանի  գործադրելիք ջանքերի մասով» ինչի շուրջ  բավականին թափանցիկ հայտարարություն արեց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Ու թեեւ փորձագիտական առավել լայն շրջանակները հակված են պնդել, որ Ղարաբաղի հարցում որեւէ էական տեղաշարժ, կամ  կազանյան ձախողումից հետո ըստ էության ընդհատված բանակցային գործընթացի վերսկսում անհնար է մինչեւ Ադրբեջանում աշնանը կայանալիք նախագահական ընտրությունների ավարտը, սակայն  ընթացող զարգացումները կարծես թե հակառակի մասին են խոսում: Ու թեեւ ԱՄՆ-ում համապատասխան «ինստրուկտաժ» ստացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին այդպես էլ չհաջողվեց համաձայնություն ձեռք բերել  առաջիկայում Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման շուրջ (նկատենք, որ Սաֆարովի արտահանձնումից հետո երկու երկրների նախագահները դեռ չեն հանդիպել), ԵԱՀԿ համանախագահ գերտերությունների կողմից   ստորագրվելիք հայտարարության մասին տեղեկատվությունը ցույց է տալիս, որ Ղարաբաղի շուրջ գործընթացները ծավալվում են` անկախ այն բանից՝ անմիջականորեն մասնակցում են դրանց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, թե ոչ: Իհարկե, առայժմ հայտնի չէ, թե այս նոր հայտարարության մեջ շեշտադրումների ինչպիսի փոփոխություն կլինի, եւ կլինի արդյոք, սակայն ակնհայտ է, որ   գերտերությունների` թվով արդեն հինգերորդ համատեղ հայտարարությունը  պետք է պարունակի որոշակի նոր ասելիք` չվերածվելու համար տարին մեկ արվող հերթապահ դատարկաբանության: Հիշեցնենք, որ մինչ այս ԵԱՀԿ համանախագահ երկրները` սկսած 2009թ-ից,   համատեղ չորս  հայտարարություն են ընդունել` Աքվիլայում, Մուսկոկայում,  Դովիլում եւ Լոս Կաբոսում: Ընդ որում` իր բովանդակությամբ թերեւս ամենակոշտը 2011թ. հունիսի 25-ին Կազանում կայանալիք հանդիպմանը նախորդած դովիլյան  հայտարարությունն էր, որը, սակայն, ինչպես տեսանք, եւս մնաց անհետեւանք եւ անպտուղ: Այնպես որ, գերտերությունների  ղեկավարների ընդունելիք հայտարարությունը, ինչ խոսք, կլինի նշանակալի, բայց դժվար թե վճռորոշ:




Լրահոս