«Ժողովուրդ» օրաթերթը խիստ ուշագրավ փաստ է բացահայտել. դեռեւս 2002թ. «Սասուն» ջոկատի հրամանատար, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը, ԵԿՄ նախկին փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանն ու այժմ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբո), երբ ԱԺ-ում բարձրացրել են ազատամարտիկներին կարգավիճակ տալու հարցը, նրանց ՀՀԿ-ից հեռացրել են: «Մենք պահանջում էինք բյուջեում նախատեսել, որպեսզի մի քանի միլիոն դրամ հատկացվի զոհվածների ընտանիքներին, ազատամարտիկների սոցիալ-տնտեսական բարելավմանը, բնակարանների ձեռքբերման համար: Քննարկում գնաց երկու շաբաթ, բյուջեի մեջ չմտցրին: Հետո մենք բյուջեին դեմ քվեարկեցինք, որից հետո մեզ կուսակցությունից հեռացրին»,-«Ժողովուրդ»-ին փոխանցեց Ս. Միքայելյանը: Եվ ահա դրանից 11 տարի անց նույն իշխող ՀՀԿ-ի կառավարությունն իր գործադիրի նիստում հավանության է արժանացրել նախագիծը, որը վերաբերում է ազատամարտիկներին կարգավիճակ տալուն: Ու այսպիսի անտրամաբանական քայլերով էլ «ապահով Հայաստան» են կառուցում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ