
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից արված բացահայտումներին եւ իր ունեցած ընդդիմադիր ելույթին, ասաց. «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ եթե ՎՊ-ն չստուգեր, չհայտնաբերեր, ուրեմն պետք է այդ փողերը բյուջեից տանեին եւ, կոպիտ ասած, լափեին: Ի՞նչ է նշանակում 100-դրամանոց շինանյութը 36 անգամ թանկ են գնել: Բյուջեն կազմվում է յուրաքանչյուր հարկատուի մասնակցությամբ, ինչո՞ւ պիտի որոշ մարդիկ թալանեն: Կարծում եմ՝ գնահատականս ճիշտ է եղել: Ես խոսքս ուղղեցի նաեւ վարչապետին, որպեսզի վարչապետը գնահատական տա իր տվյալ գերատեսչության ղեկավարին: Թող փոխեն նորմալ մարդկանցով. անփոխարինելիներ չկան: Մենք էլ պետք է խոսենք մեր բացերի, թերությունների մասին, ինչո՞ւ պետք է միայն ընդդիմությունը խոսի: Մենք պայման չունենք, որ մեր թիմակիցը զբաղվի թալանով»: Հավելենք, որ Սերժ Սարգսյանի հետ Աբրահամյանն իր ըմբոստ ելույթի տեքստը նախապես չի համաձայնեցրել: