
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ անբարեխիղճ մրցակցության համար երեկ տուգանվել է «Ռոբերտո» հագուստի եւ կոշիկների խանութների ցանցը, ընդ որում պատժվել է առավելագույն` իր նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով: Նման որոշում է կայացրել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: «Նման բան շուկայում շատ է պատահում, դրա համար հանձնաժողովը որոշել է խիստ մոտեցում ցուցաբերել, որպեսզի մյուսների համար «դաս» լինի»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի խոսնակ Գայանե Սահակյանը: Հավելենք, որ անբարեխիղճ մրցակցությունը դրսեւորվել է խանութի կողմից հայտարարված զեղչերով: Բանն այն է, որ «Ռոբերտո» խանութը հայտարարել է 50 տոկոսի զեղչ, սակայն այն ամբողջությամբ իրականությանը չի համապատասխանել, եւ ոչ բոլոր ապրանքատեսակներն են զեղչված եղել: Իսկ թե ինչքան տուգանքի է ենթարկվել խանութը, խոսնակը չմանրամասնեց: