«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի փեսայի եղբորը՝ Կարեն Սարգսյանին, նշանակել են Արաբկիրի հարկային տեսչության պետի տեղակալ: Կարեն Սարգսյանը Աջափնյակի թաղապետ Արտավազդ Սարգսյանի եղբայրն է: Թեեւ հարկայինում աշխատում էր մոտ 10 տարի, սակայն ակնհայտ է, որ աստեղային ժամը եկավ նոր խնամի ունենալուց հետո: Թաղապետի եղբայրը փոխարինել է Արթուր Գրիգորյանին, ով ավելի քան 15 տարի է՝ պետի տեղակալ էր աշխատում, իսկ այժմ նրա պաշտոնը իջեցրել են եւ աշխատում է որպես շարքային տեսուչ:
Մեր այս տեղեկությունը հաստատեց Արաբկիրի հարկային տեսչության պետի տեղակալ Խաչատուր Երոյանը, ում տեղեկացմամբ՝ գոյություն ունի օրենքով սահմանված մրցույթների անցկացման կարգ. «Առանց այդ մրցույթների չեն տեղափոխվում: Բացի այդ նախարարը երիտասարդ կադրերին է տեղ տալիս, անցյալ տարի էլ է հայտարարվել մրցույթ, այս տարի էլ կլինի»,- նշեց Խաչատուր Երոյանը՝ հավելելով, որ այդ փոփոխությունները թարմություն են բերում եւ զարմանալի ոչինչ չկա, իրենց տեսչությունում նմանատիպ փոփոխություններ հաճախ են լինում:
Ի դեպ, մեզ հետ կապ հաստատեցին նաեւ տեսչության հասարակայնության հետ կապերի բաժնից եւ չթաքցրին, որ Կարեն Սարգսյանն արդեն 15 տարի է՝ համակարգի աշխատակից է. «2001 թվականից մեր համակարգում է աշխատել, մեր հարկային տեսչության պետի տեղակալի պաշտոնը վաղուց զբաղեցրել է, այնպես որ նոր մարդ չի, 15 տարի է՝ մեզ մոտ է աշխատում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: