Նախօրեին ՀՀ կառավարությունն իր գործադիրի նիստում հավանություն էր տրվել «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» եւ ««Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության նախագծին: Կառավարությունն առաջարկում է օրենքով սահմանել «երկրապահ կամավորական» հասկացությունը: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե, ի վերջո, դա ազատամարտիկներին ինչ է տալու, եւ իրենք` ազատամարտիկները, ինչպես են պատկերացնում այդ կարգավիճակը:
Հիշեցնենք, որ ՀՀ Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ այդ փոփոխությունը կանոնակարգում է երկրապահ կամավորական ազատամարտիկների կարգավիճակը: Երկրապահ կամավորականը պետք է առնվազն 3 ամիս մասնակցած լինի մարտական գործողություններին եւ համապատասխանի այլ չափորոշիչների, բայց պարտադիր չէ, որ լինի ԵԿՄ անդամ:
«Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցեց «Սասուն» ջոկատի հրամանատար, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի հետ. «Հասկանալով, որ ազատամարտիկները կըմբոստանան, հարցին փորձել են ինչ-որ լուծում տալ: Ժամանակին մենք այդ հարցը խորհրդարանում բարձրացրինք, մեզ հեռացրին Հանրապետական կուսակցությունից: Մենք պահանջում էինք բյուջեում նախատեսել, որպեսզի մի քանի միլիոն դրամ հատկացվի զոհվածների ընտանիքներին ազատամարտիկների սոցիալ-տնտեսական բարելավման, բնակարանների ձեռքբերման համար: Այդ հարցի շուրջ երկու շաբաթ քննարկումներ ծավալվեցին, հետո մեր առաջարկներն չընդունեց ու մենք բյուջեին դեմ քվեարկեցինք, եւ Ռուբեն Գեւորգյանին, Մալխասյան Մյասնիկին ու ինձ հեռացրին կուսակցությունից: Դա 2002 թվականն էր: Նրանք այն ժամանակ չգիտակցեցին, թե ինչ կարեւոր էր մեր նախագիծը: Իսկ այսօր, երբ ազատամարտիկները հնարավորություն չունեն ապրելու, գլուխ են բարձրացրել, որովհետեւ այս պետության համար մեծ բան են արել, կառավարությունը ստիպված ընդառաջ է ուզում գնա»:
«Արցախյան պատերազմի մասնակիցների համար պետք է համակարգային փոփոխություն լինի, եւ, ամենակարեւորը, հայրենասիրական ոգի պետք է մտնի ապագա սերնդի մեջ: Որոշ մարդիկ, որոնք ինչ-որ տեղ իշխանական թեւից «սնվում» են, ասում են, թե մենք չենք կռվել ինչ-որ մի բանի համար, բայց այդ մարդիկ իրավունք ունեն ազատ ապրելու, իրավունք ունեն օրվա հաց վաստակելու, իրավունք ունեն որեւէ տեղ աշխատելու: Սպարապետի մահվանից հետո էդ տղերքը լրիվ անտեսվել են: Էս իշխանությունն անտիպատիա ունի նման կարգավիճակի մարդկանց հանդեպ, ու չգիտեմ, թե ինչու: Հետագայում կերեւա, թե կառավարությունն ինչ կարգավիճակ կորոշի,-նշեց Սասուն Միքայելյանը` ընդգծելով, որ ազատամարտիկները պատերազմի դաշտում կորցրել են իրենց առողջությունը,-այսօր ամեն մեկը մի հիվանդություն ունի: Ու մի բան հստակ է. մեր ժողովրդին թույլ չտվեցին հաղթանակի գինը զգալ»:
Նույն կարծիքին է նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը, որի գնահատմամբ` այսօր ազատամարտիկների հարցն այնքան թերի ու արհամարհված է, որ արդեն ավելորդ են համարում դրա մասին բարձրաձայնել. «Ժամանակին մենք մշակեցինք այդ կարգավիճակը, բայց այն այդպես էլ անորոշ մնաց, ու այժմ չեմ հասկանում, թե ինչպես են հստակեցնում: Վերջիվերջո, նրանք, ովքեր մասնակցում են պատերազմին, կորցնում են իրենց առողջությունը: Ժամանակին կար մի խնդիր, որ Արցախյան պատերազմի հերոսների կարգավիճակը հավասարեցվում էր հայրենական պատերազմի վետերանների կարգավիճակին… ես այդ ժամանակ ԱԺ պատգամավոր էի, ու մենք բարձրացրինք հարցը, որպեսզի խնդրին լուծում տրվի, բայց շատ ու շատ հարցեր այդպես էլ մնացին անլուծելի»:
Մ. Մալխասյանի կարծիքով` կառավարությունը գոնե այսօր պետք է այդ հարցը լուծի, բայց միայն կարգավիճակ սահմանելը քիչ է. «Այսօր այդ ազատամարտիկները ծանր սոցիալական վիճակում են գտնվում, շատ թշվառ պայմաններում են ապրում, պետք է հնարավորություններ տրվեն, որպեսզի այդ մարդիկ իրենց վիճակը կարգավորեն: Թոշակի գնալու հարցը եւս պետք է լուծվի, բազմաթիվ խնդիրներ կան, որոնք օդից են կախված: Ազատամարտիկը, եթե պետության կողմից զգում է ջերմություն, հոգատարություն, սա նաեւ հիմք է դառնում, որ երկիրը չլքեն: Ժողովուրդն ասում է՝ մինչեւ երեխան լաց չի լինում, մայրը կուրծք չի տալիս, հիմա դա ազատամարտիկներին է վերաբերվում»:
Իսկ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը ոչ մի կերպ չցանկացավ նշված որոշման վերաբերյալ իր կարծիքը հայտնել` պատճառաբանելով, թե ծանոթ չէ կառավարության որոշմանը. «Ես չգիտեմ, թե ինչ որոշում է, կկարդամ, մանրամասն կուսումնասիրեմ, նոր իմ կարծիքը կարտահայտեմ»:
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՐՑԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀՀԿ-ԻՑ ՀԵՌԱՑՐԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ