Սերժ Սարգսյանն իր վերջին ելությում պետական պաշտոնյաներից պահանջեց այլեւս չփորձել լրատվական դաշտում անձնական խնդիրներ լուծել, բայց դա չի նշանակում, որ իշխանությունները դադարելու են վերահսկել լրատվական դաշտը: Պարզապես հայկական նոր իրողության պայմաններում այդ գործառույթը պաշտոնապես կդառնա միայն Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եւ նրա մերձավոր շրջապատի մենաշնորհը:
Այո, հենց այդպիսի նպատակ է հետապնդում Սերժ Սարգսյանի` փետրվարի 12-ին հնչեցրած ելույթի հետեւյալ հատվածը. «Հրապարակային քննադատության առարկա չհանդիսացող պաշտոնյան բոլոր առումներով իր տեղում չէ ու այդպիսին էլ դիտարկվելու է: Ի վերջո, ու՞մ է պետք այն պաշտոնյան, որն իր գործունեության մասին յուրաքանչյուր հրապարակումից իրեն կորցնում է եւ ամբողջ օրը զբաղված է այս կամ այն կայքից ու թերթից իրեն ապահովագրելով՝ այդ ճանապարհին օգտագործելով ցանկացած միջոց»:
Իհարկե, միամիտները կկարծեն, թե Սերժ Սարգսյանը որոշել է կարեւորել խոսքի ազատությունը եւ այն պաշտպանել արտաքին միջամտություններից: Սակայն նման տպավորություն կարող է ստեղծվել միայն այն մարդկանց մոտ, որոնք ո՛չ հայկական իրողությանն են ծանոթ եւ ո՛չ էլ Սերժ Սարգսյանի` մամուլի նկատմամբ ունեցած վերաբերմունքին:
Շատերը գուցե այսօր չհիշեն, որ Հայաստանում երբեւէ տեղի ունեցած թերթ փակելու հատուկենտ դեպքերից մեկում նա անձնական դերակատարություն է ունեցել:
1999-ի հունիսին, երբ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարը Սերժ Սարգսյանն էր, անձամբ ձեռնամուխ եղավ իշխանական վերահսկողությունից դուրս «Օրագիր» օրաթերթի փակմանը: Նա անձամբ էր նախաձեռնել օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին լռեցնելու գործը՝ զրպարտության մեղադրանքով քրեական պատասխանատվության ենթարկելով: Օրաթերթը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի համար անցանկալի գոյություն էր դարձել այն պատճառով, որ էապես խոչընդոտել էր նշված դուետի ծրագրերի իրագործմանը: Նրանք ծրագրել էին 1999-ի մայիսի 30-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում թույլ չտալ երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի գլխավորած «Միասնություն» դաշինքի հաղթանակը: Այդ նպատակով ստեղծվել էր ՕԵԿ-ը, երբեմնի ընդդիմադիր ԱԺՄ-ն առատ ֆինանսավորվում էր, Դաշնակցությունը լիարժեք օգտվում էր իշխանական ռեսուրսներից եւ այսպես շարունակ: Սակայն ազատ մամուլն իր գործն անելով՝ փաստացի խանգարել էր, եւ ներիշխանական ինտրիգները ցանկալի արդյունքը չէին տվել:
Հետագա տարիներին Սերժ Սագսյանը աչքի է ընկել նրանով, որ մշտապես խուսափում էր լրագրողների հետ ազատ շփումներից: Նրա շփումները լրագրողների հետ մշտապես եղել են ի սկզբանե ծրագրված: Այսինքն՝ յուրային լրագրողներից բացի՝ ուրիշ ոչ մեկը չի կարող Սերժ Սարգսյանի ասուլիսներին եւ ճեպազրույցներին մասնակցել, նրան հարց ուղղել: Ի դեպ, 2008-ից նախագահական նստավայրի լրատվական ծառայությունը հենց այդ սկզբունքով էլ սկսեց գործել, այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը տեղափոխվեց այդ շենք:
Ռոբերտ Քոչարյանը եւս ազատ մամուլին եւ իշխանության վերահսկողության տակ չգտնվող լրագրողներին տանել չէր կարողանում: Նա փակեց «Ա1+» հեռուստաընկերությունը, լրագրողները պարբերաբար դարանակալած հարձակումների էին ենթարկվում: Սակայն Ռոբերտ Քոչարյանը խուսափում էր լրագրողների նկատմամբ տածած իր վախը դրսեւորելուց, եւ «անցանկալի» լրագրողները երբեմն հնարավորություն էին ունենում իրեն հարցեր ուղղելու: Եւ ամենակարեւորը՝ «տակից» չէր քանդում մամուլի դաշտը, այսպես ասած, «մուտիլովկաներով»:
Ու հենց այս իրավիճակը հաշվի առնելով՝ պետք է փաստել, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին հասցեագրված Սերժ Սարգսյանի մեսիջը իրականում այլ նշանակություն ունի: Այդպիսով նա ազդարարեց, որ այսուհետ ոչ մեկը չփորձի մամուլի հետ շփվել, հարաբերություններ պարզել (բոլոր աղբյուրները կբացահայտվեն ԱԱԾ նոր պետ նշանակված Գեորգի Կուտոյանի ջանքերով): Սարգսյանի ուղերձը վերաբերում էր բոլորին, ովքեր կփորձեն որեւէ լրագրողի հետ շփվել, անկեղծանալ, ինչ-որ հարցի շուրջ դժգոհություն հայտնել: Ինֆորմացիոն խողովակները պետք է լինեն բացառապես մեդիամագնատի համարում ունեցող Միքայել Մինասյանի ու նրա թիմի ձեռքին: Միայն Սերժ Սարգսյանի փեսան ու նրա հրահանգով աշխատող մարդկ պետք է տիրապետեն ինֆորմացիային եւ ուղղորդեն այն՝ հընթացս խարդավանքներ հյուսելով իրենց համար անցանկալի պաշտոնյաների համար: Չվերահսկվող որեւէ ինֆորմացիա չպետք է հրապարակվի: Ու եթե որեւէ պաշտոնյա ինֆորմացիոն դաշտի մենաշնորհը փորձի խախտել, ապա կարող է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում «զոհվել»:
Ի դեպ, ազատ մամուլի նկատմամբ իր տածած ակնհայտ ատելությամբ հանդերձ Սերժ Սարգսյանը, սակայն, հուրախություն մեզ, այն եզակի պաշտոնյաներից է, որն ամեն օր անձամբ է ընթերցում օրվա մամուլը:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ