ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԿԱՆԴԱԼ ԿԼԻՆԻ՞
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Վահե Էլոյանի աշխատանքից ազատման փաստը սպառնում է վերածվել լուրջ սկանդալի, ինչի արդյունքում, հնարավոր է, նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանը խնդիրներ ունենա: Բանն այն է, որ կառավարության հունիսի 6-ի նիստում նա հայտարարել էր, թե Էլոյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն (կա նաեւ նիստի ժամանակ այդ խոսքերի տեսագրությունը), բայց հետո պարզվել էր, որ աշխատակազմի ղեկավարը նման դիմում չի գրել: Ասել է թե՝ Յուրի Վարդանյանը պարզապես ստել էր կառավարության նիստում՝ վարչապետի ու կառավարության մյուս անդամների ներկայությամբ: Ինչպես պնդում են մեր աղբյուրները, հավանական է, որ առաջիկայում սպորտի նախարարին նկատողություն հայտարարեն: Ի դեպ, Վահե Էլոյանն առնչություններ ունի ԲՀԿ-ի հետ, Ծառուկյանն էլ իր հերթին է որոշել հետամուտ լինել այս թեմային ու պատժել տալ մեղավորներին: Նշենք, որ կառավարության վերջին նիստին Յուրի Վարդանյանը չի մասնակցել. նրա փոխարեն գնացել է տեղակալը՝ Արսեն Քարամյանը:

ՆԻՍՏ ԵՆ ԱՐԵԼ
Երեկ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ գումարել է վարչության եւ հանրապետական խորհրդի նիստ: Ինչպես տեղեկացնում են Կոնգրեսի մամլո ծառայությունից, նիստում հաստատվել են կուսակցության անդամավճարի չափը, անդամագրման եւ անդամների հաշվառման կարգերը: Քննարկվել են նաեւ ընթացիկ քաղաքական իրավիճակը եւ Կոնգրեսի հետագա անելիքները: Այս կապակցությամբ ելույթ է ունեցել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆ
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը երեկ՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ, անդրադարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարություններին, թե երկրում արտագաղթի համար մեղավոր է նաեւ ընդդիմությունը: «Լկտիություն է, երբ իշխանությունն իր գործունեության մեջ մեղավոր է հանում ուրիշին»,-նշեց Մանուկյանը:

ՆԱ ԳՆԱՑ ՄԵՆԱԿ
Օրերս ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը գրություն է ուղարկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմից ետ կանչելու վերաբերյալ: Եվ երեկ Հ. Աբրահամյանը բավարարել է ՀԱԿ-ի առաջարկը: Այս փաստը հաստատեց նաեւ ԱԺ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը: Հիշեցնենք, որ հանձնաժողովի վերջին նիստում Գ. Ջհանգիրյանի եւ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի միջեւ թեժ բանավեճ էր ընթացել, որից հետո ընդդիմադիր պատգամավորը լքել էր նիստը:




Լրահոս