Սիրիահայ Շավիշյանը 4 ամիս է` անհիմն գտնվում է կալանքի տակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվող սիրիահայ Օհան Շավիշյանը օգնություն է խնդրում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Օհան Շավիշյանը պատմեց, որ արդեն 4 ամիս է, ինչ անհիմն գտնվում է կալանքի տակ. «Ես Սիրիայի դեպքերից հետո եկա Հայաստան: Այստեղ ծանոթ սիրիահայ ընտանիք կար, մայր եւ երկու որդիներ էին ու ինձ ասեցին, որ ցանկանում են գնալ եվրոպական երկիր, եւ իրենց պետք է մի մարդ, որ օգնի, գնան Շվեդիա: Ես ասացի, որ կօգնեմ ու ծանոթացրեցի Գեղամ անունով մի տղայի հետ, որը խոստացավ օգնել նրանց: Հետագայում Գեղամը նրանցից 15 հազար եվրո գումար է վերցրել եւ, չգիտես ինչու, չի օգնել, որ նրանք հասնեն իրենց ուզած եվրոպական երկիրը»:

Խաբված մայրը եւ երկու որդիները դիմել են իրավապահներին եւ հաղորդում տվել հանցագործության մասին, ինչի արդյունքում ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի հատկանիշներով` ապօրինի միգրացիա կազմակերպելը:

Ըստ մեր զրուցակցի` ավելի ուշ գործը ՀՀ քննչական կոմիտեից տեղափոխվում է ազգային անվտանգության ծառայություն. «Գիտեք, այդ Գեղամը, որ գործը գլուխ չի բերել, քննիչներին ասել է, որ ես գործի հետ կապ չունեմ եւ այդ գումարի հետ էլ առնչություն չեմ ունեցել, սակայն այս հանգամանքը չօգնեց, որ ես կարողանամ ազատության մեջ լինել»:

Նշենք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հայտնված Օհան Շավիշյանը նշեց, որ հայերեն չի կարողանում նորմալ գրել եւ անգամ նորմալ հասկանալ. «Առողջական խնդիր ունեմ, ասում եմ՝ ինձ դեղ տվեք, ասում են՝ դիմում պիտի գրես, ես նորմալ չեմ կարողանում խոսել, ինչ դիմում, անգամ չգիտեմ էլ՝ գրեմ, արդյո՞ք ինձ կօգնեն, ես կորցրել եմ հավատս»:

Եվ, ահա, 4 ամիս կալանքի տակ գտնվող Օհանը պատրաստվում է նամակ գրել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին եւ Հայաստանում Սիրիայի դեսպանատանը.«Իմ իրավունքները ոտնահարված է, ու ես չգիտեմ էլ՝ ում դիմեմ՝ ինձ օգնելու համար»:

Հավելենք, որ Օհան Շավիշյանից բացի՝ կալանքի տակ է գտնվում նաեւ ոմն Գեղամը, որ խոստացել էր Շավիշյանի ծանոթներին օգնել, հասնել Եվրոպա, սակայն այդպես էլ գործը գլուխ չի բերել:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում կալանավորվածի պաշտպան Արսեն Դանիելյանը ասաց, որ, իսկապես, Օհան Շավիշյանը հայերենով հաղորդակցվելու խնդիր ունի, եւ այն, ինչ նա ներկայացրել է ու պատմել է ՀՀ քննչական կոմիտում, արձանագրվել է այլ բան.

«Հիմա գործը ԱԱԾ-ում է, եւ միջնորդությում եմ ներկայացրել, որ անպայման թարգմանիչի առկայությունը լինի, ինչից հետո, կարծում եմ, որ կհասկանանք, թե ինչ է իրականում կատարվել»:

Ներկայացնենք նաև Քննչական կոմիտեի պարզաբանումը. «Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ կալանավորն իր առողջական խնդիրների մասին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ բժշկական սպասարկման բաժնի աշխատակիցներին տեղեկացրել է օրեր առաջ. հիմնարկի բժիշկը զննել է վերջինիս և որոշում կայացրել քրեակատարողական հիմնարկ հրավիրել համապատասխան բժիշկ-մասնագետի, ով, ըստ նախնական պայմանավորվածության, Օ. Շավիշյանին պիտի այցելի փետրվարի 19-ին»:

Քնար Մանուկյան




Լրահոս