ՎԻՃԱԿԸ` ՄԻՋԻՆ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ
Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հրազենային վնասվածք ստացած ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Արտակ Բուդաղյանը դեռ ի վիճակի չէ ցուցմունք տալ: Բուդաղյանը վնասվածքը ստացել էր լյարդի շրջանում` գնդակը խրվել էր գոտկային մկանային հյուսվածքների մեջ: Այս օրերին գնդապետը երեք անգամ վիրահատվել է:
ՎՐԱՍՏԱՆԻ՛Ց ՍՈՎՈՐԵՔ
Վրաստանի նոր իշխանությունները կրկնակի ավելացրել են գյուղատնտեսության նախարարության բյուջեն եւ փորձեր են ձեռնարկում խթանելու ոլորտի զարգացումը: Փորձագետ Ջոննի Մելիքյանը երեկ, անդրադառնալով հարեւան երկրի գյուղատնտեսական խնդիրներին, հայտնել է, որ Վրաստանում գոյություն ունի համապատասխան հիմնադրամ, որը դրամաշնորհներ է տրամադրում: «Բոլոր շրջանների գյուղացիները կարող են մասնակցել եւ շահել»,-նշել է Ջոննի Մելիքյանը՝ ընդգծելով, որ այդ դրամաշնորհները կարող են դրական ազդեցություն ունենալ ջավախահայերի վրա:
ԸՆԴԴԵՄ ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒ
Վրացահայ ակտիվիստ Վահագն Չախալյանը հունիսի 12-ին դատարան հայց է ներկայացրել` ընդդեմ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլու, բնապահպանության նախարար Գոգա Խաչիձեու եւ պատգամավոր Դավիթ Բաքրաձեի: Չախալյանը նրանց մեղադրում է իր հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքների համար եւ պահանջում է հերքել իր հասցեին հնչեցված մեղադրանքներն ու որպես բարոյական փոխհատուցում վճարել 22 միլիոն լարի:
ԴԵՂԵՐՆ ՈՒ ԲԻԶՆԵՍԸ
Դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հայտարարել է, որ Հայաստանում շրջանառվող դեղերի մինչեւ 10 տոկոսն է հայկական արտադրության: Անդրադառնալով դեղերի թանկացմանը` նախարարը նշել է. «Մասնագետներն ասում են, որ դա պայմանավորված է միջազգային շուկայով, տրանսպորտային ծախսերով, սեզոնայնությամբ: Եթե որոշ դեղորայքներ կան, որ ձմռանն էժան են լինում, ամռանը որոշ հիվանդություններ գլուխ են բարձրացնում, եւ բիզնեսի օրենքն է, որ նրանց սպառումն ավելանալով՝ բնականաբար, նաեւ գումարն է ավելանում»:
ՉԻ ԲՈՂՈՔՈՒՄ
ՀՀ ոստիկանությունը թերթերի հրապարակումներից տեղյակ է «Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախագահ Սերգեյ Արզումանյանին ծեծի ենթարկելու մասին, սակայն գործ չի հարուցում, քանի որ բողոք չկա: Այս մասին «ԳԱԼԱ»-ին փոխանցել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: Նշենք, որ «Հայկական ժամանակ»-ի տեղեկությունների համաձայն՝ հունիսի 10-ի երեկոյան իր աշխատասենյակում դաժան ծեծի է ենթարկվել «Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախագահ Սերգեյ Արզումանյանը, որն արդեն երեք օր է՝ աշխատանքի չի գնում: Ըստ աղբյուրի` հունիսի 10-ի աշխատանքային օրվա վերջին Արզումանյանի աշխատասենյակ են ներխուժել ընդգծված կառուցվածքով 4-5 երիտասարդներ, որոնք իրենց «գործն» անելուց հետո լուռ հեռացել են: Դրանից հետո դուրս է եկել Արզումանյանը, որի դեմքը անճանաչելի է եղել: