ՀՈՒՄՈՐՈՎ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 31-ին՝ Ազատության հրապարակում Նախախորհրդարանի կողմից կազմակերպված հավաքներից մեկի ժամանակ, ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ, Նախախորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը կարդացել էր նախաձեռնության հաղորդագրությունը` տեղեկացնելով, որ Նախախորհրդարանի` մայիսի 17-ի հանրահավաքից հետո անուղղակի սպառնալիքներ են ուղղվել Նախախորհրդարանի քարտուղարության անդամ եւ «Սարդարապատ» շարժման խմբի համակարգող Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ:
Երեկ Ազատության հրապարակում կայացած հերթական հավաքին Վարուժան Ավետիսյանը նոր մանրամասներ պատմեց այս առնչությամբ` նշելով, որ ՀՀ ոստիկանությունը արձագանքել է Նախախորհրդարանին «բավական ուշ եւ բավական անօրինական կերպով»: «Օրենքով չնախատեսված եղանակով պարոն Սէֆիլյանին հրավիրել էին բացատրություն տալու: Ասեմ, որ դա օրենքի բաց է, այդպիսի բան օրենքով նախատեսված չէ, իսկ եթե որեւէ բան օրենքով նախատեսված չէ, ապա քաղաքացուն նման պահանջ չի կարող ներկայացվել»,-ասաց Վարուժան Ավետիսյանը: Վերջինս նշեց, որ Ժիրայր Սէֆիլյանին հասցեագրված ոստիկանության ծանուցման մեջ եղել է պահանջ, թե Ժ. Սէֆիլյանը «պարտավոր է իր բացակայության հարգելի պատճառի դեպքում այդ մասին վաղօրոք հաղորդել ոստիկանությանը»:
«Երեւի շատերդ գիտեք` հանդես եկանք համապատասխան հաղորդագրությամբ, որտեղ իրավական մեկնաբանություն տվեցինք ոստիկանության ապօրինի գործողություններին` հիմնավորելով, որ ինչպես հրավերը, այնպես էլ բացակայության մասին պարտավորություն ներկայացնելու պահանջն անօրինական են: Այսօր այդ երեւույթը վերածվել է զավեշտի. ոստիկանությունը երկրորդ անգամ է ուղարկել ծանուցագիր, բնականաբար չի կարողացել երեք օրվա մեջ օրենքի բացը լրացնել… ստիպված առաջին պայմանը թողել է նույնը, իսկ երկրորդը` «պարտավոր եք» ձեւակերպման փոխարեն գրել է «խնդրում ենք» եւ կարծում է, թե լրացրեց, ու հարցը լուծեց: Իսկ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ քննիչ պարոն Լ. Կարապետյանը, որն օրենքի խախտում էր կատարել եւ պետք է կարգապահական պատասխանատվության ենթարկվեր, այդպես էլ չի ենթարկվել պատասխանատվության, ինչի հետեւանքով երկրորդ ծանուցագիրն է ուղարկվել: Սրան մենք արդեն երեւի հումորով վերաբերենք»,-նշեց Վարուժան Ավետիսյանը:




Լրահոս