ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԸ՝ ՍԻՐՈՂԱԿԱՆ
Մինսկում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից հեռարձակվող հեռուստառեպորտաժները տարակուսանք էին հարուցել մարզասերների եւ մասնագետների մոտ մրցավարության առումով:
«Ժողովուրդ»-ը պարզաբանումներ ստանալու ակնկալիքով դիմեց Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանին: Նա մասնավորապես ասաց. «Սիրողական բռնցքամարտը կարծես քայլում է պրոֆեսիոնալի արահետով: Օրինակ՝ մրցավարները մարզիկներին դիտողություն են անում մենամարտի ընթացքում` առանց դադարի: Ինչպես պրոֆեսիոնալում է, սիրողականում նույնպես նոկդաուն է գրանցվում ծանր հարվածի հետեւանքով առնվազն ծնկած բռնցքամարտիկին»: Պարզեցինք նաեւ, որ յուրաքանչյուր մենամարտ սպասարկում է կողային հինգ մրցավար, եւ նրանք բոլորն աշխատում են հանդիպման սկզբից մինչեւ վերջ: Բայց առաջնության գլխավոր մրցավարը բոլորից գաղտնի հենց սկզբից ազատում է երկու կողայինի եւ թողնում է միայն երեքի տված գնահատականները. «Օրինակ՝ հունգարացու դեմ Արման Հովհիկյանի մենամարտից հետո Մարոկկոյի մրցավարը նախապատվությունը տվել էր մեր մարզիկին: Բայց նրան հենց սկզբից գլխավոր մրցավարն ազատել էր: Սովորաբար մենամարտերում գրանցվում է 10:9, իսկ նոկդաունի կամ նկատողության դեպքում` 10:8 հաշիվը: Ի դեպ, նոր մրցակարգով նկատողությունների քանակը խիստ կրճատվել է, եւ վերջին առաջնությունում անցկացված 198 մենամարտերում ընդամենը երկու նկատողություն է գրանցվել»:
Բացի այդ, սիրողական բռնցքամարտ «ներխուժած» պրոֆեսիոնալ բռնցքամարտը ստեղծել է երկու վարկածով ակումբներ` APB եւ WSB (պրոֆեսիոնալ բռնցքամարտի միություն եւ համաշխարհային բռնցքամարտի շարք` սերիա): Եվ այդ ակումբների հաջողակ 120 անդամներին կշնորհվի ամառային օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգիր: Գլխավոր մարզիչը նաեւ հավելեց. «Մեր միակ մեդալակիր Արամ Ավագյանն արդեն ստացել է նշված ակումբներից մեկում հանդես գալու հրավեր: Այս հարցում դեռ չենք կողմնորոշվել: ԱԻԲԱ-ն նաեւ վերացրել է Օկեանիային մինչեւ հիմա տրվող տասը վարկանիշային օլիմպիական ուղեգրերը: Պատճառն այն է, որ դրանք միայն Ավստրալիային էին բաժին հասնում: Այսուհետ Ավստրալիան ընդգրկված է Ասիա աշխարհամասի բռնցքամարտող երկրների հավաքականների ցանկում»:
ԱՌԱՅԺՄ ՌՈՒՍԱՍՏԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱ
Երբ խաղարկվում էր ԱՊՀ եւ Բալթյան երկրների «Համագործակցության գավաթ»-ը, խոսվում էր այն մասին, որ դրա փոխարեն կարելի է անցկացնել, օրինակ, ԱՊՀ երկրների ֆուտբոլի առաջնություն` այդ երկրների ուժեղագույն ակումբների մասնակցությամբ:
Եվ ահա, որոշվել է առայժմ Ռուսաստանի եւ Ուկրաինայի ուժեղագույն ակումբների միջեւ անցկացնել Միացյալ առաջնություն, որին մասնակցելու են Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ը, Կիեւի «Դինամո»-ն, Մոսկվայի «Սպարտակ»-ը եւ Դոնեցկի «Շախտյոր»-ը: Մրցաշարը կմեկնարկի հունիսի 27-ին եւ կավարտվի հուլիսի 7-ին: Ի դեպ, խաղի ընթացքում թիմերը կարող են 8 փոփոխություն անել (3-ական՝ յուրաքանչյուր խաղակեսում, մյուսները՝ ընդմիջմանը):