Մոտ տասն օր շարունակված բանակցություններից հետո ընդդիմադիր երեք ուժեր՝ Հայ ազգային կոնգրեսը, Հայաստանի ժողովրդական կուսակցությունն ու «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը, համաձայնության են եկել մարտի 1-ին միասնական հավաք-երթ անցկացնել՝ «Ընդդեմ պետական ահաբեկչության» կարգախոսով։
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը պատրաստվում է մարտի 1-ին պահանջ ներկայացնել` միջազգային պատժամիջոցների ենթարկել մարտի մեկի կազմակերպիչներին, ազատ արձակել քաղբանտարկյալներին, հայտարարել համաներում և կրճատել ոստիկանական զորքերի թիվը։
Հավաքին մասնակցելու առաջարկ են արել նաև այլ ուժերի, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագրին» և քաղաքացիական նախաձեռնություններին: Նշենք, որ հավաք-երթին կլինի միասնական օրակարգ և միասնական հայտարարություն, որոնց բովանդակության ու ռազմավարության վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հրապարակվում:
Հավելենք, որ հավաքը կմեկնարկի Ազատության հրապարակում, ապա մասնակիցները երթով կհասնեն Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ 8 տարի առաջ արյունալի բախումների հետևանքով 10 մարդ զոհվեց։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին Ազատության հրապարակում հանրահավաք անելու հայտ ներկայացրել էին թե՛ Հայ ազգային կոնգրեսը, թե՛ «Նոր Հայաստան»-ը, և երկու հայտերն էլ քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել։