Այլեւս գաղտնիք չէ, որ Հայաստանում գնումների ոլորտը ամենակոռումպացվածն է: Եւ այս ոլորտը վերահսկող մարմինները շատ դեպքերում գործում են կամայականության դաշտում՝ չապահովելով մրցակցային, արդյունավետ եւ թափանցիկ գնումների ընթացակարգերը:
Շատ հաճախ կառավարությունը պետական կառույցներին խոշոր չափի գումար է հատկացնում, սակայն հանրությունը տեղեկացված չի լինում, թե հատկացված գումարով կոնկրետ ի՞նչ է գնվել, ե՞րբ եւ ինչի՞ համար: Ոչ մի պետական կառույց այս մասին հաշվետվություն չի ներկայացնում: Ժամանակ առ ժամանակ միայն լրատվամիջոցներով է բարձրաձայնվում պետական մարմինների անարդյունավետ ծախսեր եւ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարքների մասին:
Այսպիսի անարդյունավետ ծախսեր կկատարվեն նաեւ Արարատի մարզպետարանում: «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ Արարատի մարզպետարանի 2016 թվականի կարիքների համար ձեռք բերվող ապրանքների, կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների գնումների պլանը կազմում է մոտ 424.5 մլն դրամ: Ասել է թե՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր հարազատ մարզին հատկացնելու է մոտ 900 հազար դոլար: Եւ պարզ չէ՝ արդյո՞ք մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը կկարողանա հատկացված գումարով գոնե կիսով չափ լուծել մարզի խնդիրները, թե՞ սա էլ նախորդ հատկացումների նման կփոշիանա՝ առանց շոշափելի արդյունք տալու: Սա թերեւս ժամանակի հարց է: Իսկ հիմա ներկայացնենք, թե մարզպետարանը 2016 թվականին ինչի կարիք ունի, որ պետք է մեր՝ հարկատուներիս հաշվին գնվի:
Օրինակ՝ մարզպետարանը 2016 թվականի համար նախատեսել է գնել 18 տոննա ռեգուլյար տեսակի բենզին՝ 7 մլն 20 հազար դրամով: Բացի այս, նախատեսված է գնել ավտոմեքենայի 24 հատ անիվ՝ յուրաքանչյուրը 20 հազար դրամ արժեքով, ավտոմեքենայի 4 հատ 80 հազար դրամանոց անիվ եւ 4 հատ 25250 դրամանոց անիվ: Նաեւ մեկ ավտոմեքենայի վերանորոգման ծառայություն՝ 700 հազար դրամ արժողությամբ: Իսկ տեղային հեռախոսային ծառայությունների համար կվճարվի ավելի քան 5.5 մլն դրամ, միջքաղաքային հեռախոսային կապի համար՝ 600 հազար դրամ, հեռուստա-ռադիոհաղորդումների հեռարձակման ծառայությունների համար՝ 700 հազար դրամ, էլեկտրաէներգիայի համար՝ 13 մլն 310 հազար դրամ, գազի համար՝ 5 մլն 210 հազար դրամ:
Ի դեպ, մարզպետարանին կհատկացվի նաեւ 39 մլն 300 հազար դրամ՝ ճանապարհների պահպանման ծախսերի համար, մշակութային օբյեկտների հիմնանորոգման համար՝ 76 մլն դրամ, կրթական օբյեկտների հիմնանորոգման համար՝ 246 մլն 700 հազար դրամ, նախագծերի պատրաստման եւ ծախսերի գնահատման համար՝ 13 մլն 300 հազար դրամ: Մեզ մնում է հուսալ, որ հատկացվող գումարները իրոք կծառայեն իրենց նպատակներին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ