ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Գազի գնի թանկացման հայտից հետո տարբեր պաշտոնյաներից լսում ենք, որ աշխատավարձերը, կենսաթոշակները եւ նպաստները զգալիորեն բարձրանալու են: Հետաքրքիր է իմանալ դրանց չափերը: Գոնե նախնական թվե՛ր ներկայացրեք:

Վարդուհի Ասատրյան (65 տարեկան, տնային տնտեսուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Հայտնում ենք, որ 2013թ. հուլիսի 1-ից նախատեսվում է բարձրացնել ՀՀ-ում գործող նվազագույն ամսական աշխատավարձը: ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվել է գործող 35.000 դրամի փոխարեն ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանել 45.000 դրամ:
ՀՀ կառավարության 2012թ. հուլիսի 14-ի թիվ 740-Ն որոշմամբ հաստատված ՀՀ 2013-2015թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված է 2014-2015թթ. միջնաժամկետ կտրվածքով կենսաթոշակի հիմնական չափը եւ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը, այն է՝ 2014թ. կենսաթոշակի հիմնական չափը 15.500 դրամ է (գործող 13.000 դրամի փոխարեն), աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ 600 դրամ (գործող 450 դրամի փոխարեն), իսկ 2015թ.-ին՝ 17.300 դրամ եւ 700 դրամ:
Միաժամանակ հայտնում ենք, որ 2013թ. կենսաթոշակի եւ նպաստի չափի փոփոխություն նախատեսված չէ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարարության աշխատանքի
եւ զբաղվածության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեսնո՞ւմ եք՝ ՀՀ կառավարությունն ինչ «մեծահոգի» է գտնվել եւ ինչ «շռայլ» որոշումներ է կայացրել: Ստացվում է, որ այդքան ամպագոռգոռ խոստումներից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը կարողացավ կենսաթոշակներն ու նպաստն ավելացնել ընդամենը մի քանի գրոշով՝ այն էլ 1 կամ 2 տարի հետո:




Լրահոս