Կաթողիկոսն ընդունել է Հռոմի Կաթոլիկ համալսարանի պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունել է Հռոմի Կաթոլիկ համալսարանի Ա. Ջեմելլի հիմնադրամի պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի: Մայր Աթոռի մամլո դիվանից տեղեկացնում են, որ Նորին Սրբությունը ողջունել է Կաթոլիկ համալսարանի բժշկական ֆակուլտետի նախագահ պրոֆ. Ռոկկո Բելանտոնեի, Ա. Ջեմելլիի համալսարանական հիվանդանոցի գլխավոր տնօրեն դոկտ. Էնրիկո Ձամպեդրիի և Ա. Ջեմելլի հիմնադրամի նախագահի միջազգային հարցերով խորհրդատու դեսպան Պաոլո Դիոնիզիի այցը համայն հայության հոգևոր կենտրոն:

Վեհափառ Հայրապետը գոհունակություն է հայտնել առողջապահության ոլորտում Ա. Ջեմելլի հիմնադրամի և Հայաստանի միջև ձևավորվող համագործակցության առիթով` հաջողություն մաղթելով նախանշվող համատեղ ծրագրերին:

Հանդիպման ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը հյուրերին ներկայացրել է Մայր Աթոռի հիմնադրման պատմությունը և առաքելությունը հայ ժողովրդի կյանքում: Նորին Սրբությունն անդրադարձ է կատարել Քրիստոնեական Քույր Եկեղեցիների հետ ինչպես պատմության խորքերում, այնպես և այսօր Հայոց Եկեղեցու ունեցած ջերմ կապերին ու փոխհարաբերություններին` դրա վառ վկայություն նկատելով տարբեր առիթներով հոգևոր պետերի այցերը Մայր Աթոռ Ս. Էջմիածին:

Իրենց հերթին պատվիրակության անդամները, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, խոսել են Հայաստան այցի արդյունքների և համագործակցության ծրագրերի մասին, հատկապես` բժիշկների վերապատրաստման և փոխանակման ուղղությամբ:

Անդրադառնալով Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոն կատարած իրենց այցին` հիմնադրամի ներկայացուցիչները Վեհափառ Հայրապետին փոխանցել են իրենց տպավորությունները` կարևորելով Եկեղեցու ծառայությունն առողջապահության ոլորտում:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև ներկայացրել է ժողովրդի բարօրությանն ուղղված Մայր Աթոռի ապագա ծրագրերը առողջապահության ոլորտում:




Լրահոս