ՀԱՐՑ. Ես ու կինս ամուսնալուծվել ենք մոտ երկու տարի առաջ: Ունենք մեկ աղջիկ, որն անչափահաս է: Ես միշտ պարտաճանաչ կերպով մուծել եմ երեխայիս հատկացված ալիմենտը: Բայց մոտ երեք ամիս է՝ հանգամանքների բերումով չեմ կարողանում վճարել: Խնդրում եմ ասել, կարո՞ղ է հետագայում խնդիրների առաջ հայտնվեմ սահմանված ալիմենտը ժամանակին չվճարելու համար:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Միրզոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ՝
1. Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ ալիմենտ վճարելու պարտավոր անձի մեղքով պարտք առաջանալիս մեղավոր անձը պատասխանատվություն է կրում այդ համաձայնությամբ նախատեսված կարգով:
2. Դատարանի վճռով ալիմենտ վճարելու պարտավոր անձի մեղքով պարտք առաջանալիս մեղավոր անձն ալիմենտ ստացողին ուշացրած յուրաքանչյուր օրվա համար տուգանք է վճարում չվճարված ալիմենտի գումարի 0,05 տոկոսի չափով: Ալիմենտ ստացողը կարող է ալիմենտ վճարելու պարտավոր եւ ալիմենտը ժամանակին չվճարելու համար մեղավոր անձից բռնագանձելու պահանջ ներկայացնել նաեւ ալիմենտային պարտավորությունների կատարման ուշացմամբ պատճառված վնասների այն մասով, որ չեն ծածկվում տուգանքով:
խորհրդատվական գրասենյակ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե ցավալի է, որ ամուսնալուծությունների թիվը մեր երկրում աճում է՝ հատկապես հաշվի առնելով նաեւ հետզհետե մեծացող ժողովրդագրական խնդիրը: Սակայն էլ ավելի ցավալի է այն, որ ամուսնալուծվելուց հետո ծնողները հաճախ ի վիճակի չեն լինում վճարել անգամ օրենքով սահմանված ալիմենտի գումարները: