ՄԻՊ-ի ընտրությունը` խորհրդարանի հաջորդ քառօրյայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 19-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Քննարկվել են Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և փետրվարի 22-25-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:

Նշենք, որ փետրվարի 22-ից մեկնարկող քառօրյայի ժամանակ նախատեսված է քննարկել նաև  Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: Արդեն հայտնել էինք, որ ՀՀԿ-ի թեկնածու Արման Թաթոյանին օմբունդսմեն ընտրվելու համար անհրաժեշտ է 79 ձայն, քանի որ նոր ընդունված Սահմանադրությամբ, պետք է հարցին կողմ քվեարկի ներկաների 3/5-րդը:

Արդեն իսկ հայտնի է, որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն միանշանակ կողմ են քվեարկելու Թաթոյանի թեկնածությանը: ՀԱԿ-ը, թերևս, չի մասնակցի քվեարկությանը, իսկ ԲՀԿ-ն դեռ չի կողմնորոշվել: Մնում է սպասել նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների դիրքորոշմանը: Սակայն արդեն իսկ փաստ է, որ Թաթոյանի ընտրությունը շատ հեշտ է անցնելու:

Հիշեցնենք, որ պետաիրավական հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուի քվեարկության ժամանակ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ստացել էր 5 կողմ ձայն, Թաթոյանը` 7, իսկ Նարեկ Ալոյանն էլ` երկու կողմ ձայն: Քվեարկությանը չմասնակցեց Գագիկ Ջհանգիրյանը, իսկ Արծվիկ Մինասյանը կողմ քվեարկեց բոլոր երեք թեկնածուներին:




Լրահոս