ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹՎԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն հանգամանքը, որ արտագաղթի ներկա տեմպերի պայմաններում Հայաստանի բնակչության թվի բնական աճը գնալով պետք է սկսեր դանդաղել, որքան էլ ցավալի է, միեւնույն ժամանակ նաեւ սպասելի է:

Պաշտոնական վիճակագրության հրապարակած տվյալներից պարզ է դառնում, որ անցած 2015-ին Հայաստանում ծնվել է 41 հազար 815 երեխա, իսկ մահվան դեպքերի թիվը կազմել է 27 հազար 835: Այսինքն՝ բնակչության թվի բնական աճը` ծնվածների եւ մահացածների թվի դրական տարբերությունը, կազմել է 13 հազար 980: Ասել է թե՝ ՀՀ բնակչությունը նախորդ տարի ավելացել է ընդամենը մոտ 14 հազար մարդով: Այս ցուցանիշը 2008 թվականից հետո ամենացածրն է:
Նկատենք, որ մի կողմից մարդիկ շարունակում են Հայաստանից հեռանալ, մյուս կողմից ՀՀ-ում մահացությունների թիվը շարունակում է աճել, իսկ ծնվածներինը կտրուկ նվազում է: Ասել կուզի, Հայաստանի բնակչությունը նախորդ տարիների համեմատ դարձել է ավելի տարեց: Այս փաստն այն տխուր իրականությունն է, որ պետական քարոզչության ամենակարկառուն դեմքերն անգամ չեն կարող իբրեւ դրական երեւույթ ներկայացնել: Նրանք կարողանում են Հայաստանի տնտեսության քայքայումն անգամ իբրեւ աճ եւ զարգացում ներկայացնել, սակայն բնակչության թվի նման կտրուկ անկումը այն տվյալներից է, որի մասին նախընտրելի է լռել:
Բնակչության թվի փոփոխության դինամիկան առավել հասկանալի դարձնելու համար ստորեւ բերված աղյուսակում ներկայացրել ենք՝ նշելով 2008 թվականից սկսած ամեն տարվա պատկերը:
տարի բն. աճ
2015 13 980
2014 15 371
2013 14 594
2012 14 881
2011 15 417
2010 16 904
2009 16 938
2008 13 773
Ընդ. 8 տարվա ընթացքում 121 858
Վերը բերված թվերը, սակայն, առկա իրավիճակի ողջ ողբերգությունը չեն արտացոլում: Հայաստանին սպառնացող վտանգն առավել տեսանելի է դառնում, երբ բնակչության բնական աճի տեմպերը ըստ մարզերի ենք դիտարկում:
Տավուշի մարզը, որը, ըստ պաշտոնական վիճակագրության, 125 հազար 600 բնակիչ ունի, անցած 2015-ին բնակչության թվի բնական աճ գրեթե չի ունեցել: Տավուշի մարզում ծնված երեխաների թիվը մահացած մարդկանց թվից ավել է եղել ընդամենը հինգով:
Վայոց ձորի, Սյունիքի եւ Լոռու մարզերի բնակչության թվի բնական աճը եւս կտրուկ նվազելով մոտենում է զրոյական մակարդակին: Մասնավորապես, նշված մարզերում ծնված երեխաների թիվը մահացած մարդկանց թվից ավել է եղել համապատասխանաբար ընդամենը` 58, 147 եւ 266-ով: Սա այն դեպքում, երբ, ասենք, Լոռին Հայաստանի ամենաշատ բնակչություն ունեցող մարզերից է: Ըստ պաշտոնական տվյալների՝ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Լոռու մարզի մշտական բնակչության թիվը եղել է 224 հազար 500: Նշենք, որ հազար բնակչի հաշվով Տավուշի բնակչության թվի բնական աճի ցուցանիշը զրո է, Լոռու, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերինը՝ 1: Նշված չորս մարզերում բնակչության թվի անկման տեմպը հասկանալի դարձնելու համար նշենք, որ, օրինակ, 2014-ին Տավուշում բնակչության թվի բնական աճի ցուցանիշը եղել է 147, Վայոց ձորում` 150, Սյունիքում 228, եւ Լոռիում 613:
Ինչպես հայտնի է՝ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը, կամ այլ կերպ ասած` ՀՀ քաղաքացիների թիվը կազմում է 2 մլն 998 հազար 600 մարդ: Հիշեցնենք, որ այս թիվն իր մեջ ներառում է ինչպես Հայաստանում ապրողներին, այնպես էլ արտերկրում բնակվող մեր քաղաքացիներին: 2011-ի մարդահամարի արդյունքներով ՀՀ մշտական բնակչության թիվը եղել է 3 մլն 18 հազար 854: Նկատենք, որ միայն այդ երկու տվյալների համադրմամբ ստացվում է, որ Հայաստանի քաղաքացիների թիվն անցած հինգ տարիներին նվազել է 20 հազար 254-ով: Սակայն չպետք է մոռանալ, որ 2011-ից այս կողմ Հայաստանի բնակչության թվի բնական աճը կազմել է 74 հազար 189: Ստացվում է, որ ՀՀ քաղաքացիների թիվն իրականում ոչ թե 20 հազարով է նվազել, այլ 94 հազար 443-ով: Կրկնում ենք` այս թիվը իր մեջ չի ներառում Հայաստանից արտագաղթած, բայց երկրի հետ իրենց կապը պահպանող մեր հայրենակիցներինը: Վերը բերված 94 հազարն այն ՀՀ քաղաքացիներն են, որոնք իրենց կապը Հայաստանի հետ վերջնականապես կտրել են:
Վերը բերված թվերը, որոնք պաշտոնական աղբյուրներից են վերցված, ՀՀ իշանությունների գործունեության ամենախոսուն արտացոլումն են: Իսկ Սերժ Սարգսյանը խոսում է պատասխանատվությունից: Արդյո՞ք նա կրում է պատասխանատվություն այս իրավիճակի համար:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԶԱՅՐԱՑԱԾ ՀՀԿ-ԱԿԱՆԸ
ՀՀ ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի՝ երեկ տեղի ունեցած նիստում քննարկվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանի հարցը: Ինչպես հայտնի է՝ տարեսկզբին Շուշան Պետրոսյանը սպառնալիքներ էր տեղացել ֆեյսբուքյան մի օգտատերի հասցեին այն բանի համար, որ վերջինս քննադատական արտահայտություններ էր թույլ տվել ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության հասցեին: Դրանից հետո Հելսինկյան կոմիտեի Վանաձորի գրասենյակը Շուշան Պետրոսյանի վարքի առնչությամբ հունվարի 13-ին դիմել էր ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկվա նիստի ընթացքում հանրապետական պատգամավորը խոստովանել է, որ «զայրացած է» եղել եւ այդ պատճառով է էմոցիոնալ գրառում կատարել: Էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը երեկ հայտարարել է, որ Շուշան Պետրոսյանի վերաբերյալ ներկայացված դիմումի հարցով որոշումը կկայացնեն մինչեւ ամսվա վերջ: Ի դեպ, նա էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը ստանձնել է ԱԺ գարնանային նստաշրջանի մեկնարկից եւ կպաշտոնավարի մինչեւ աշնանային նստաշրջանի սկիզբը:

 

ՕԵԿ-Ի ՀԱՐԱԶԱՏ ՈՃՈՎ
Ինչպես հայտնի է՝ այս տարվա ապրիլի 17-ին Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում պետք է տեղի ունենան քաղաքապետի ընտրություններ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՕԵԿ-ը որոշել է Հրազդանում առաջադրել իրենց կուսակցության մամուլի խոսնակ Արթուր Միսկարյանի թեկնածությունը: Մեզ հետ զրույցում նա հաստատեց քաղաքապետի թեկնածու առաջադրվելու իր մտադրությունը: Հրազդանցիների շրջանում տարածված լուրերի համաձայն՝ ՕԵԿ թեկնածուն փորձելու է քաղաքի ընդդիմադիր ընտրողներին շեղելու միջոցով օգնել Հրազդանի գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանին:

 

ԳՈՐԾ ՏՎՈՂ ՉԷ
Փետրվարի 12-ին արդարադատության խորհուրդը որոշեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում առաջարկել Վազգեն Ռշտունուն, իսկ Ավան եւ Նոր Նորքի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում՝ Դավիթ Հարությունյանի թեկնածությունը: Վերջինս Սերժ Սարգսյանի թիկնազորի (ՊՊԾ) պետ Հրաչյա Հարությունյանի՝ Կրակեմ Հրաչի որդին է, մինչ դատավոր դառնալը եղել ՀՔԾ քննիչ:
Ըստ լուրերի՝ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այլեւս նախկին նախագահ Սամվել Ուզունյանի պաշտոնանկության պատճառը եղել է այն, որ նույն դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը նրա մասին «վատ» տեղեկություններ է հաղորդել ՀՀ նախագահի նստավայրին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Դավիթ Հարությունյանը հերքեց: «Ես որեւէ տեղեկություն չեմ կարող տալ թե՛ ի պաշտոնե, թե՛ ընդհանրապես, այլ մեկնաբանություն չեմ կարող տալ, մնացած հարցերով կարող եք դիմել դատական դեպարտամենտ»,- ասաց Հարությունյանը:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԱԶԴԱԿՆԵՐ Է ՏԵՍՆՈՒՄ
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, անդրադառնալով նոր ընտրական օրենսգրքի մշակմանը, երեկ հայտարարել է. «Մասնավոր զրույցներում Հայաստանի իշխանության ներկայացուցիչներին ասել եմ՝ հաջորդ ընտրությունները դիտարկեք որպես հնարավորություն՝ նպաստելու Հայաստանի զարգացմանը՝ քաղաքական, ժողովրդավարական եւ տնտեսական առումներով: Հիմք ընդունելով իշխանության, ընդդիմության ներկայացուցիչների հետ իմ զրույցները՝ կարող եմ ասել, որ ընդհանուր հենք եմ տեսնում: Բազմաթիվ ազդակներ եմ տեսնում, որ ընտրական օրենսգիրքը կազմվելու է շատ արդար, արհեստավարժ եւ պատասխանատու եղանակով»:

 

ԿՔՆՆԱՐԿԵՆ
Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 17-ին կազմակերպելու է խորհրդարանական լսումներ՝ քննարկելու կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթը:

 

ՏԵՂԻՆ ՀԱՐՑ
Անցած շաբաթ Մյունխենում անվտանգության հարցերով միջազգային համաժողովում Իլհամ Ալիեւին հարց է ուղղել նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարարության աշխատակիցներից մեկը, որի անունը չի հաղորդվում. «Ինչպե՞ս կբացատրեք, որ Ադրբեջանում տեղի ունեցող բոլոր վատ բաների համար մեղադրվում է Հայաստանը: Օրինակ՝ միջազգային հանրությունը քննադատում է Ադրբեջանին մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակի համար՝ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, Եվրախորհրդարանը, ԵԽԽՎ-ն Ադրբեջանի մասին լուրջ բանաձեւեր են ընդունում, Ադրբեջանը քննադատում է Հայաստանին եւ հայկական լոբբիստական կազմակերպություններին, նույնիսկ երբ նավթի արդյունահանումն է կրճատվում, Ադրբեջանը British Petroleum-ին է քննադատում Հայաստանի հետ դավադրության համար»:

 

ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ
«2007-ին էլ ԵԽԽՎ-ում այդպիսի բանաձեւ անցել է: Եթե սա չի անցել, նշանակում է՝ ուժը կորցրել է նաեւ նախկինը: Ինչ վերաբերում է Սարսանգի հետ կապված բանաձեւին, դա որեւէ ազդեցություն չի կարող ունենալ: Ադրբեջանական մամուլը եւ իրենց քաղաքական ուժերը սա համարում են իրենց դիվանագիտության պարտությունը»,- երեկ հայտարարել է ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Նա նաեւ համեմատական է անցկացրել հայկական եւ ադրբեջանական բանակների միջեւ` ընդգծելով, որ ադրբեջանական բանակի բարոյահոգեբանական վիճակն անհամեմատելի է հայկական բանակի հետ. «Եթե տեսնեք՝ այնտեղ ինչ խախտումներ են արվում, կտեսնեք, որ կարգապահություն իրենց բանակում ընդհանրապես չկա»:




Լրահոս