2015թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում սպանված քրեական հեղինակություններ Լեւոն Ղազարյանի` Երրորդմասցի Լյովիկի, Դրաստամատ Թադեւոսյանի` Դերոյի եւ Մեսրոպ Նազարյանցի` Մոսոյի գործով նոր զարգացումներ են եղել: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2015 թվականին ՀՀ-ում գործող իրավական համակարգի բոլոր ներկայացուցիչների մասնակցությամբ մասնագիտական քննարկում էր տեղի ունեցել, որի հիմնական թեման եղել էր քրեական հեղինակությունների սպանությանն առնչվող հարցերը: Այսօր արդեն այս գործով անցնող անձանցից մեկին ազատ են արձակել:
Քննարկումների արդյունքը
Հիշեցնենք, որ սպանությունը տեղի էր ունեցել ժամը 13:59-ին: Ըստ շրջանառվող լուրերի` Երրորդմասցի Լյովիկը եւ իր ընկերները գնացել էին քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու իրենց մտերիմներից Դավիթ Իսպիրյանին, սակայն տեղ չհասած՝ հնչել էին մահացու կրակոցները: Սպանությունից 19 օր անց երեք անձ՝ Սարգիս Գրիգորյանը` Ծգլը, Սարգիս Հախանումյանը՝ Տլեն, եւ Վահան Հակոբյանը՝ Գաստիկը, ինքնակամ ներկայացան ոստիկանություն, որից հետո նրանց կալանավորեցին: Մեզ հասած տեղեկություններով՝ բացի այս տղաներից՝ սպանության գործով կալանավորված է նաեւ Տլեի եղբայրը` Դավիթ Հախանումյանը՝ իր եղբոր եւ նրա ընկերների համար Երեւանում բնակարան վարձելու համար, ինչը հնարավորություն է տվել, մինչ իրավապահներին ներկայանալը, թաքնված մնալ: Հավանաբար, նրանք փորձել էին այդ ընթացքում իրենց անմեղությունն ապացուցող փաստեր ձեռք բերել, բայց նրանց ծրագրերը խառնվել էին:
ՀՀ ԱԱԾ-ն Սարգիս Հախանումյանի` Տլեի եղբորը` Դավիթին, ձերբակալել էր, ըստ էության, «պատանդ» պահելու համար, որպեսզի կարողանա այդ ճանապարհով տղաներին ստիպել ներկայանալու իրավապահ մարմիններին: Փաստն այն է, որ այդ օպերացիայի արդյունքում էլ Լեւոն Ղազարյանի սպանության համար հետախուզվող Տլեն, Գաստիկը եւ Ծգլը որոշեցին ինքնակամ ներկայանալ ոստիկանություն: Իսկ իրավաբանորեն ԱԱԾ-ն, ըստ ամենայնի, մեղադրանք էր առաջադրել սպանության օժանդակողի հատկանիշներով:
«Ժողովուրդ» գրել էր՝ 2015 թվականի սեպտեմբերին ՀՀ իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչներն այս սպանության առնչությամբ մասնագիտական քննարկում էին կազմակերպել՝ հասկանալու համար, թե ինչ կա այս աղմկալի սպանությունից, Դավիթ Հախանումյանի հարցը եւս քննարկման թեմա էր դարձել այն համատեքստով, թե ինչո՞ւ է այս տղան կալանքի տակ պահվում: Ու քանի որ մասնագետները կոնկրետ եզրահանգման չէին եկել, որոշվել էր, որ բոլոր կառույցների ներկայացուցիչները նախ այդ հարցով պետք է իրենց վերադասների հետ քննարկեն, ապա կրկին հավաքվեն կլոր սեղանի շուրջ: Եվ, ահա, ինչպես նկատում ենք՝ ամիսներ անց քննարկումը արդյունք է տվել, քանի որ «իրավական համակարգի հայրերը», միգուցե, եկել են այն եզրակացության, որ չնայած գործի հնչեղությանն ու ազդեցիկ մարդկանց շահագրգռվածության՝ Դավիթ Հախանումյանին կալանքի տակ պահելը անօրինական է, ուստի որոշել են ազատ արձակել:
Կհասնի ՄԻԵ՞Դ
Շուտով կլրանա մեկ տարին, սակայն մինչ օրս այս գործը դատարան չի ուղարկվել, իսկ կալանավորվածներն էլ հրաժարվում են ցուցմունք տալ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ չի բացառվում, որ Սարգիս Գրիգորյանի` Ծգլի, Սարգիս Հախանումյանի՝ Տլեի եւ Վահան Հակոբյանի՝ Գաստիկի կալանքի հարցը հասնի նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Դատապարտեցին
Ինչպես նշեցինք՝ սպանված քրեական հեղինակությունները նշված օրը գնացել էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ իրենց մտերիմ, սպանության փորձի համար մեղադրվող Դավիթ Իսպիրյանին տեսակցելու, ու հենց այդ օրն էլ ՔԿՀ-ի տարածքում հնչել էին կրակոցներ: Նշենք, որ Դավիթ Իսպիրյանը հանցագործ աշխարհի ներկայացուցիչ է, արաբկիրցի Վլադի որդին, որին պատկանում էր «Հաղթանակ» զբոսայգում գտնվող «Իսպիրնոց» անունով հայտնի խորտկարանը: 2011 թվականին Դավիթ Իսպիրյանին սպանություն կատարելու եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու համար մեղադրանք էր առաջադրվել ու հետախուզում հայտարարվել: Վերջինս հրազենից 8 կրակոցներ էր արձակել նախկին ազատամարտիկ, «Ավանգարդ» տաքսի ծառայության տնօրեն Արթուր Ղալումյանի ուղղությամբ: Այդ դեպքից հետո Իսպիրյանը լքել էր Հայաստանը եւ իրավապահներին ներկայացել 4 տարի անց՝ 2015 թվականի հունվարի 22-ին, որից հետո որոշում էր կայացվել կալանավորել նրան: Արդյունքում 4 տարի անց կասեցված գործի վարույթը վերսկսվել էր, եւ Դավիթ Իսպիրյանին, բացի Հայաստանի Հանրապետության քր. օր. 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանություն), 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք կրելը) հատկանիշներով, մեղադրանք էր առաջադրվել նաեւ 329 հոդվածի առաջին մասով՝ ապօրինի սահմանը հատելը:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015 թվականի հուլիսի 14-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը Դավիթ Իսպիրյանին դատապարտեց ազատազրկման 8 տարի 6 ամիս ժամկետով:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐԴԻՆ
Սեւանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանի որդու՝ Արթուր Ալեքսյանյանի գործը ուղարկվեց Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ սպանության գործով կալանավորված Արթուր Ալեքսանյանը այս գործով միակ մեղադրյալն է:
Եվ այսպես, 2015 ապրիլի 5-ին Սեւան քաղաքում կրակոցներ էին հնչել, ինչի արդյունքում սպանվել էր Սեւան քաղաքի բնակիչ 44-ամյա Կառլեն Մնեյանը: Սպանության կասկածանքով հետախուզում էր հայտարարվել Սեւանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանի որդու` Արթուր Ալեքսանյանի եւ Սեւան քաղաքի բնակիչ Հմայակ Թադեւոսյանի նկատմամաբ: Կարճ ժամանակ անց նախկին քաղաքապետի որդին ինքնակամ ներկայացավ ոստիկանության Սեւանի բաժին: Իրավապահները վերջինիս ընկերոջը՝ Հմայակ Թադեւոսյանին փնտրում էին:
Սակայն ինչպես երեւում է՝ փնտրտուքները արդյունք չտվեցին, եւ այսօր Սեւանի նախկին քաղաքապետի որդին միակ ամբաստանյալն է: «Ժողովուրդ»-ը պարզեց՝ 2015թ. նոյեմբերին Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ սպանության գործը ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Սեւանի նախկին քաղաքապետի որդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ոգելիչ խմիչք օգտագործած վիճակում, խուլիգանական դրդումներով իր ընկերոջ՝ Հմայակ Թադեւոսյանի հետ բռունցքներով եւ ոտքով շուրջ 20 րոպե հարվածներ հասցնելով՝ Կառլեն Մնեյանին պատճառել են վնասվածքներ, ինչի արդյունքում Կառլեն Մնեյանը մահացել է: Բայց այսօր կալանավայրում՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, միայն նախկին քաղաքապետի որդին է կալանավորված: Ճարպիկ Հմայակ Թադեւոսյանին իրավապահները դեռեւս փնտրում են:
Հիշեցնենք՝ սպանվածի կինը մեզ հետ զրույցում նշել էր, որ ամուսինը կռվարար չէր, եւ իրենց համար էլ է կատարվածն առեղծված մնում: Իսկ Աշոտ Ալեքսանյանը հրաժարվում է ասել, թե ինչ հարցի շուրջ է վիճել որդին Կառլեն Մնեյանի հետ՝ վերջնարդյունքում սպանելով նրան:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԵՐՔՈՒՄ ԵՆ
ԼՂՀ ՊՆ-ն երեկ հերքել է ադրբեջանական կողմի տարածած լուրերը, թե երեկ Ակնայի (Աղդամի) պաշտպանական ուղղությամբ հայկական կողմի արձակած կրակոցից վիրավորվել է Չիրաղլը գյուղի 17-ամյա բնակիչ Ջոշգուն Մամեդովը: «Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, հավատարիմ մնալով իրենց որդեգրած սկզբունքին, ոչ միայն ձեռնպահ են մնում խաղաղ բնակավայրերը գնդակոծելուց, առավել եւս, եթե կրակային թիրախում դպրոցահասակ պատանի է, այլեւ կանխարգելիչ գործողությունների են դիմում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Այնպես որ, տարածված լուրը կարելի է դիտարկել ոչ այլ կերպ, քան հակառակորդի չհաջողված քարոզչության հերթական փորձ»,- ասված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրությունում:
ԱՆՀԵԹԵԹ ՎԻՃԱԿ
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Նելլի Բաղդասարյանը որոշում էր կայացրել փետրվարի 15-ին Վարդգես Գասպարիին բերման ենթարկել դատարան: Վարդգես Գասպարին Aravot.am-ին երեկ հայտնել է, որ իրեն բերման են ենթարկել շտապօգնության մեքենայով. «Մինչեւ ոստիկանների գալը շտապօգնություն էր եկել, ես հարցրեցի, թե ինչ կանչով եք եկել, ուր եք եկել, ասացին` եկել ենք Վարդգես Գասպարիի մոտ, պետական կանչ է: Ասացի՝ ի՞նչ են հաղորդել, ասացին, որ ծանր հիվանդ վիճակով կանչ է եղել: Ասացի, որ ինչպես տեսնում եք՝ ոչ մի խնդիր չունեմ: Այնուհետեւ ոստիկանները եկան եւ շտապօգնության մեքենայով բերման ենթարկեցին: Հիմա կարելի է արձանագրել, որ շտապօգնությունը ոստիկանության ենթակայության ներքո է: Շտապօգնությունը գործում է բերման ենթարկելու համար եւ առավել եւս՝ այն վիճակում, երբ շտապօգնության մեքենաները քչություն են անում: Այստեղ շտապօգնության մեքենան երկար ժամանակ է՝ սպասում է, որովհետեւ ոստիկանությունը մեկին բերման է ենթարկել»:
ԶԵԿՈՒՑԵԼ ԵՆ
Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել եւ վարչական արձանագրություններ են կազմվել 8 դեպքի մասով: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել եւ ապամոնտաժվել է չգործող 13 կրպակ: ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում կազմվել է 43 արձանագրություն, որից 32-ը՝ հասարակական տրանսպորտի կանգառներում այլ տրանսպորտային միջոցների կայանման համար:
2500 ԿՐԱԿՈՑ
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից 60 /23 արկ/ եւ 82 /14 արկ/ միլիմետրանոց ականանետերից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից /7 արկ/ հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց: