ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁՆՈՒՄ Է «ՔՈՌ ԲՈՒ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Հայաստանն արտաքին քաղաքականության հստակ սկզբունքներ չունի, պարզ էր վաղուց: Սակայն այդ անսկզբունքայնությունն այլեւս անթաքույց կերպով սկսել է դրսեւորվել Սերժ Սարգսյանի ելույթներում, ինչը խիստ բացասաբար կարող է անդրադառնալ Հայաստանի միջազգային հեղինակության վրա: 180 աստիճանի շրջապտույտ կատարելով իր նախորդ հայտարարություններից` մի քանի օր առաջ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի համար նախընտրելի է հայ-թուրքական հարաբերություններում ու ԼՂ հակամարտության հարցում տիրող իրավիճակը` ստատուս-քվոյի պահպանումը: Հետաքրքիր է` ինչ են զգացել այս հայտարարությունից հետո օտարազգի դիվանագետները, որոնք իրենց կառավարություններին հորդորում էին անվերապահորեն սատարել Սերժ Սարգսյանին` հավատացնելով, որ հենց նա է այն գործիչը, որը ցանկանում է շուտափույթ կարգավորել Հայաստանի առաջ ծառացած այս երկու ամենակարեւոր խնդիրները:

Նկատենք, որ 1998 թվականից ցայսօր Հայաստանում ծավալվում է բանավեճ` արդյոք մեր երկիրը զարգացման հեռանկար ունի առանց հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հակամարտության կարգավորման: Տեր-Պետրոսյանը պնդում էր եւ շարունակում է մնալ այն կարծիքին, որ Հայաստանը չի զարգանա, քանի դեռ չի լուծել ԼՂ հարցը եւ չի կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները: Հատկապես տնտեսական առավելությունների տեսանկյունից այս մոտեցումը հիմնավոր է, քանզի շրջափակումները մի քանի անգամ բարձրացնում են ներկրվող եւ արտահանվող ապրանքների գինը` խաթարելով տնտեսության զարգացումը:
Մյուս թեւը, որն 1998թ. իրականացրեց պալատական հեղաշրջումը, ներկայացնում էին Քոչարյանը, Սարգսյանն ու ՀՅԴ-ն: Վերջինիս ներկայացուցիչները 2008թ. դեկտեմբերի 11-ին ԱՄՆ դիվանագետների առաջ չքմեղանում էին, որ զարգացման այսօրինակ տեմպերով Հայաստանը կարող է գոյատեւել եւս 300-400 տարի: Անշուշտ, ՀՅԴ-ն ճիշտ էր գոյատեւելու իմաստով, սակայն պետության զարգացման ու հասարակության բարեկեցիկ կյանքի ապահովման տեսնակյունից այսպիսի պնդումը պարզ քաղաքական անհեթեթություն է:
Եվ, ահա, ՀՅԴ-ի հետ գաղափարական ընդհանրություններ գտած ու կոալիցիա կազմող Սերժ Սարգսյանը ս.թ. փետրվարի 12-ի իր ելույթում հենց նույն ոգով պնդում էր. «Այն մտայնությունը, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, եւ Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումը վերացված չէ, մենք լավ չենք ապրելու, անընդունելի է:
Մենք այս պայմաններում ապրում ենք արդեն 25 տարի: Այս պայմաններին մենք արդեն ընտելացել ենք եւ հարմարվել: Մեր առաջընթացի հնարավորությունները մենք այս խնդիրների լուծման հետ չենք կապում եւ չենք կապելու: Մենք պետք է համակերպվենք այն մտքին, որ Մարտակերտից եւ Մարտունուց դեպի արեւելք եւ Գյումրուց ու Արմավիրից արեւմուտք մենք որեւէ իսկական գործընկեր չունենք: Մինչեւ հիմա ապրել ենք առանց նրանց՝ ապահովելով զարգացման ավելի կամ պակաս տեմպեր: Համարենք, որ այնտեղ անհատակ ու անանցանելի ճահիճ է»: Հարկ է նկատել, որ 2007թ. հուլիսի 18-ին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինայի հետ զրույցում Սերժ Սարգսյանը բառացիորեն հայտարարել էր, որ ինքն է կառավարության մեջ միակը, ով հարցերի շուտափույթ լուծման կողմնակիցն է, եւ որ առանց արտաքին այդ դժվարությունների հաղթահարման Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը տնտեսական զարգացման իրական հնարավորություններ չունեն: Պարզ է, որ Սարգսյանը նման կարծիք էր առաջ տանում նախագահական ընտրություններից առաջ ամերիկացիների համակրանքը նվաճելու համար, իսկ հիմա սահմանադրական փոփոխություններով վերջացրած կարծելով իր հետնախագահական իշխանության երաշխավորումը՝ նա այլեւս անթաքույց խոսում է ստատուս քվոյի գերապատվելիության մասին: Իհարկե, Սերժ Սարգսյանի այս հեղհեղուկ մոտեցումը Հայաստանի առաջ կանգնած արտաքին մարտահրավերների հանդեպ նորություն չէ: Նախաձեռնելով հայ-թուրքական արձանագրությունները եւ Հայաստանի ստորագրությունը չհեռացնելով հանդերձ` նա հրապարակեց «Համահայկական հռչակագիրը», որը տիպիկ ազգայնական-պահանջատիրական փաստաթուղթ էր եւ լիովին հակառակ վերոնշյալ արձանագրությունների տրամաբանությանը: Չունենալով արտաքին քաղաքականության հստակ հայեցակարգ եւ իրավիճակային հայտարարությունների ու քայլերի նախընտրությամբ` Սարգսյանը զգալիորեն նվազեցրել է Հայաստանի դիվանագիտական ճկունությունը եւ միաժամանակ միջազգային ասպարեզում թողել հայացքները մշտապես փոխող ու անկայուն գործընկերոջ տպավորություն:
Սակայն Սարգսյանի այս վերջին հայտարարությունը աչք է զարնում իր դրամատիզմով եւ ողբերգականությամբ: Պետության առաջնորդի հավակնություն ունենալով հանդերձ` նա կոչ է անում ապրել փակ սահմաններում: Հարմարվողականության քարոզով Սարգսյանն անուղղակիորեն երաշխավորում է, որ արտագաղթը չի դադարելու, օլիգարխիան շարունակելու է իր հարստահարությունները, իսկ արտաքին շրջանակները հայ-թուրքական թշնամությունն ու ԼՂ հարցի չլուծված կարգավիճակը պահելու են մեր գլխին իբրեւ դամոկլյան սուր ու մի գիշերում Հայաստանին որոշումներ են պարտադրելու, քանի որ մենք արդեն «ընտելացել» ենք այս վիճակին: Սարգսյանի պնդմանը, թե Հայաստանը արեւմուտքից ու արեւելքից շրջապատված է ճահիճներով, կնախանձեր Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Հաստատապես նույն զգացողությունը կունենային նաեւ ԽՍՀՄ-ի «վերջիբոլշեւիկները», երբ քաղաքացիներին քարոզում էին, որ ուրիշների հետ մենք գործ չունենք, նրանք «չար ու դաժան կապիտալիստներ են»:
Ըստ էության, Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրերին շրջանառության մեջ դրված ազգայնական բառապաշարն այսօր դարձնում է ՀՀ արտաքին քաղաքականության հիմքը: Այսպիսով, իշխանությունից դեպի հասարակություն եկող մեսիջը շատ հստակ ձեւակերպված է` 25 տարի այսպես ենք ապրել, մի այդքան էլ նույն ձեւով կշարունակենք: Փաստորեն, Սարգսյանը Հայաստանը դարձնում է, Վ. Սիրադեղյանի արտահայտությամբ, «մեծ ճանապարհների խաչմերուկում բարձր քարի վրա նստած հազարամյա քոռ բու», որի շուրջբոլորը ճահիճ է: Կարեւորը իրավիճակին «ընտելացել ենք ու հարմարվել»:

Ն . ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՎԵՐԸՆՏՐՎՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ՀՀԿ-ԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԸ

Փետրվարի 14-ին, երբ կաթոլիկ եկեղեցին տոնում էր Սուրբ Վալենտինի տոնը, Հայաստանի երեք` Լոռու, Տավուշի եւ Սյունիքի մարզերում անցկացվեցին համայնքի ղեկավարի ընտրություններ: Եվ ինչպես վերջին տասը տարիներին, այս անգամ եւս ՏԻՄ ընտրություններում հիմնականում հաղթեցին ՀՀԿ-ական թեկնածուները:

Օրինակ` Լոռու մարզի Թումանյան համայնքում ընտրվել է գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Լեւոն Ձավարյանը: Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ նա հավաքել է 1678 ձայն: Իսկ, ահա, Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված թեկնածուները երեքն էին՝ Տաթեւի գործող ՀՀԿ-ական գյուղապետ Մուրադ Սիմոնյանը եւ անկուսակցականներ Իգոր Աբրահամյանն ու Վարշամ Բագրատյանը: Եվ, բնականաբար, այստեղ նույնպես վերընտրվել է գործող ՀՀԿ-ական գյուղապետը՝ հավաքելով 1236 ձայն: Դիտարկելով առաջադրված եւ ընտրված թեկնածուների ցուցակը՝ պարզ է դառնում, որ նրանց գերակշիռ մասը ՀՀԿ-ական է, մի մասն էլ` անկուսակցական: Շատ դեպքերում էլ պարզվում է, որ թեկնածուների մրցակիցները դրածոներ են լինում, այսպես կոչված, մրցակցային պայմաններն ապահովելու համար: Սա գործող գյուղապետերի կողմից վաղուց ընդունված մարտավարություն է: Օրինակ՝ կան գյուղապետեր, որոնք իրենց աշխատակազմից կեղծ թեկնածուներ են առաջ քաշում՝ ընտրություններին մրցակցային տեսք տալու համար: Իսկ, ահա, մայրաքաղաքից հուժկու քաղաքական հայտարարություններ անող ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները բացարձակապես չեն հետաքրքրվում ՏԻՄ ընտրություններով` այդպիսով տեղերում հնարավորություն տալով գործող գյուղապետերին առանց մեծ դժվարությունների վերընտրվել: Աչքի տակ ունենալով այս ՏԻՄ ընտրությունների արդյունքները՝ կարելի է վստահ նշել, որ Հայաստանում անգամ գյուղապետերի մակարդակով կադրերի լճացում է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ
Փետրվարի 16-ին քրեական գործերով վերաքննիչ դատարանում կկայանա սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի մի խումբ բնակիչների բողոքի քննությունը: Երեւանի բնակիչ Ա. Եղյանը 2014թ. oգոստոսի 7-ին Բերդ-Թովուզ-Վ.Կարմիրաղբյուր ջրատարի վերակառուցման նպատակով Վ. Կարմիրաղբյուրի Մաֆլար հանդամասում «Եղվարդ Շինի» կողմից աշխատանքներ կատարելու ժամանակ հրդեհավտանգ գազակտրման սարքավորման միջոցով խողովակների ապամոնտաժման ընթացքում դրսեւորել է անզգուշություն, որի հետեւանքով հրդեհ է բռնկվել եւ այրել Վ. Կարմիրաղբյուրի 32 բնակիչներին պատկանող ընդհանուր 11 հա պտղատու եւ խաղողի այգիներ, 10 հատ մեղվաընտանիք, 15 հատ փեթակ եւ դրանց ծածկը՝ նշված անձանց պատճառելով ընդհանուր 5 մլն 542 հզ 450 դրամի վնաս: 2015թ. սեպտեմբերի 10-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Ա. Եղյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր. 186 հոդ. 2-րդ մասով եւ նրան դատապարտել 300 հազար դրամի չափով տուգանքի: Դատավորը վճռել է, որ կրած վնասների մասին տուժողների ներկայացրած փաստաթղթերը թերի են եւ հակասական, ուստի քաղհայցի բավարարումն հնարավոր չէ՝ միեւնույն ժամանակ տուժողներին վերապահելով հետագայում քաղհայցի իրավունք: Գյուղի բնակիչները բողոքի նամակ են ուղարկել ՀՀ վարչապետին: Այս առնչությամբ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը «Ժողովուրդի» հետ զրույցում նշեց, որ ինքը այդ խնդրով զբաղվել է, 15 գյուղացու «Եղվարդ Շինի» կողմից փոխհատուցում է տրվել, իսկ 4 հոգի, համոզված լինելով, որ իրենց տրվող փոխհատուցման գումարը փոքր է, համաձայնության չեն գալիս ընկերության հետ:

 

 

ՄԻԱԿ ԿԻՆԸ ՉԸՆՏՐՎԵՑ
Փետրվարի 14-ին Դիլիջանում կայացան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Համայնքների խոշորացման ծրագրի արդյունքում Դիլիջան համայնքի մաս են կազմում Դիլիջան քաղաքը եւ հարակից 6 գյուղեր՝ Հաղարծինը, Գոշը, Թեղուտը, Աղավնավանքը, Խաչարձանը եւ Հովքը: Դիլիջանի գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արմեն Սանթրոսյանը, ով Դիլիջանը ղեկավարում է 2005թ.-ից, վերընտրվեց: Տավուշի մարզի թիվ 41 ԸԸՀ նախագահ Աիդա Սարգսյանից տեղեկացանք, որ նախնական արդյունքներով Ա. Սանթրոսյանը ստացել է 6797, իսկ նախկին քաղաքապետ, անկուսակցական Ժորա Սահաբալյանը՝ 4353 ձայն: 388 քվեաթերթիկ անվավեր է համարվել: Ա. Սարգսյանը հայտնեց, որ ընտրությունների վերաբերյալ բողոքներ չկան: Իսկ Դիլիջանի ավագանու ընտրությանը 15 տեղին հավակնում էր 32 թեկնածու: Համայնքի ավագանի ընտրվելու նվազագույն շեմը եղել է ստացած 377 ձայնը: Ավագանու թեկնածուներից առավելագույն` 814 ձայն ստացել է Սուրեն Մելիքյանը: Ի դեպ, թեկնածուներից 2-ը կրում են նույն` Վարդան Մնացականյան անուն-ազգանունը՝ ունենալով տարբեր հայրանուններ: Նրանցից մեկը «Հայջրմուղկոյուղու» Դիլիջանի ենթամասնաճյուղի ղեկավարն է: Ավագանու 32 թեկնածուներից միայն մեկն էր կին` Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Գոհար Թամամյանը, որը ստացել է 251 քվե, ինչը բավարար չէր՝ ավագանու անդամ ընտրվելու համար:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս