Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` փետրվարի 2-ին հրավիրած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ՀՀ վերահսկիչ պալատի կողմից Արագածոտնի եւ Կոտայքի մարզերի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները. երկու մարզերի ՍԾՏԳ-ներում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` առաջիկայում խախտումներ կատարած անձինք կազատվեն իրենց պաշտոններից:
Հայաստանում արատավոր ավանդույթ է դարձել նպաստների, թոշակների յուրացումը, ինչն առավել տարածված է հատկապես մարզերում: Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների աշխատակիցները, մասնավորապես պետերը, հանցավոր կերպով գումարներ են յուրացնում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը պետբյուջեից հատկացված պետական նպաստների հաշվից: Երբեմն նրանք բնակիչների հետ պայմանավորվածության են գալիս. նյութապես ապահոված մարդուն ընդգրկում են նպաստառուների ցանկում եւ ստացած գումարը կիսում: Իհարկե, մարզերում նաեւ նման դեպքեր են լինում, որ բնակչին օբյեկտիվորեն հասնում է աղքատության նպաստ, սակայն ՍԾՏԳ աշխատակիցները նպաստի նշանակման փաստաթղթերը ձեւակերպում են միայն իրենց «փայը» ստանալու համար:
Այս երեւույթների ֆոնին ՀՀ վերահսկիչ պալատը 2014 թվականի հունվարի 1-ից 2015 թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրություններ է իրականացրել ՀՀ Կոտայքի եւ Արագածոտնի մարզերի ՍԾՏԳ-ներում, ինչի արդյունքում հայտնաբերել է բազմաթիվ խախտումներ: Դրանք ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը փետրվարի 2-ին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ներկայացրեց ՀՀ վարչապետին: Ըստ Զաքարյանի՝ Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Չարենցավան եւ Եղվարդ քաղաքներում գործում է 4 ՍԾՏԳ, մարզում առկա է 9 հազար 912 նպաստառու: Եւ, ահա, 9 հազար 912 նպաստառու ընտանիքների գործերից ՎՊ-ն ուսումնասիրել է 6 հազար 753-ը, ինչի արդյունքում հայտնաբերել է 27 մլն 200 հազար դրամի թվով 230 խախտում:
Իսկ, ահա, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին եւ Ծաղկահովիտ համայնքներում գործում են 4 ՍԾՏԳ-ներ, մարզում գրանցված է 7 հազար 769 նպաստառու ընտանիք: Այս մարզում ՎՊ-ն վերոնշյալ ժամանակահատվածում ուսումնասիրել է 5 հազար 492 նպաստառու ընտանիքի գործ եւ հայտնաբերել 341 խախտում՝ 78 մլն 500 հազար դրամի:
Բացի այս՝ Իշխան Զաքարյանը փետրվարի 2-ի խորհրդակցության ժամանակ նշեց, որ մարզպետների կողմից ստացել է համապատասխան գրություններ, որոնցում վերջիններս վստահեցրել են, որ հայտնաբերված խախտումների մեծ մասը շտկվել է, գումարները վերադարձվել են պետական բյուջե, իսկ նպաստառուների ցուցակներում վերացվել են բոլոր անճշտությունները: Այնուհետեւ մանրամասն անդրադարձ է կատարվել ներկայացված խախտումների դեպքերին, ներկայացվել են պարզաբանումներ, ինչպես նաեւ առաջարկություններ՝ դրանք հետագայում բացառելու համար: Կոտայքի մարզպետ Կարո Գուլոյանը նույնպես վստահեցրել է, որ հայտնաբերված խախտումների մեծ մասը շտկվել են, գումարները` վերադարձվել պետական բյուջե, իսկ նպաստառուների ցուցակներում վերացվել են բոլոր անճշտությունները: Ստացվում է՝ գործող մարզպետը «շտկել է» նախկինի օրոք կատարված խախտումները: Նշենք, որ ՎՊ-ի կողմից ստուգված ժամանակահատվածում Կոտայքի մարզպետն էր ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ներկայումս ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը:
Սակայն մարզպետների «շտկումների» մասին արդարացումներից հետո վարչապետը չի հանդարտվել: Եւ փետրվարի 4-ին կառավարության նիստի ընթացքում հայտարարել է, որ իր համար անընդունելի են հնչեցված անհիմն արդարացումները: Ավելին՝ գործադիր մարմնի ղեկավարը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին այդ հարցերը քննարկել մարզպետների հետ եւ խախտում թույլ տվողներին ազատել իրենց զբաղեցրած պաշտոններից: Ա. Երիցյանը լծվել է գործին, ինչի արդյունքում այս օրերին ակտիվորեն քննարկվում է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի /Բուլկու/ աշխատանքից ազատման հարցը: «Ժողովուրդ»-ը խնդրի առնչությամբ կապ հաստատեց Ա. Հարությունյանի հետ, սակայն վերջինս լսելով հարցը՝ զայրացած վրա տվեց. «Ես խորհրդակցության եմ, ինչ եք զանգել ու հարցերը հուփ տալիս»: Որոշ ժամանակ անց, սակայն, նրա մամլո քարտուղար Ծովինար Խաչատրյանը փոխանցեց. «Պարոն Հարությունյանը տեղյակ չէ, քանի որ այդ խորհրդակցությանը ներկա չի եղել: Իսկ իր ազատման մասին լուրերը որակում է որպես հիմարություն»:
Իր պաշտոնանկության մասին լուրերն այդքան ինքնավստահ հերքող Ա. Հարությունյանը, հիշեցնենք, 2004 թվականից զբաղեցնում էր ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնը՝ միաժամանակ ծաղկեցնելով իր եւ իր մտերիմների բիզնեսները: Հարությունյանը այս պաշտոնում մնաց մինչեւ 2007 թվականը, երբ նրա հարազատ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիոն կառավարությունից եւ տեղափոխվեց ընդդիմադիր դաշտ: Այստեղ վերջինս իր կաշին փրկելու համար դարձավ Հանրապետականի գաղափարակիր եւ նշանակվեց բնապահպանության նախարար: Իհարկե, բազմաթիվ բնապահպաններ Հարությունյանին բացահայտորեն կոչում էին «բնաքանդության» նախարար, քանի որ նրա օրոք բազմաթիվ աղաղակող հակաբնապահպանական ծրագրեր կյանքի կոչվեցին: Սակայն չնայած դրան` նա պաշտոնավարեց մինչեւ 2014թ.: Նախարարական աթոռը կորցնելուց հետո նա մայիսի 8-ին նշանակվեց Կոտայքի մարզպետ եւ այս պաշտոնում աշխատեց մինչեւ 2015թ. ապրիլի 2-ը (ճիշտ նույն ժամանակահատվածը, երբ ՎՊ-ն ստուգումներ է իրականացրել):
Ինչեւէ: Թե վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը ինչպես կվարվեն Արամ Հարությունյանի հետ, ցույց կտա ժամանակը: Մեզ մնում է հուսալ, որ չարաշահումներ թույլ տված եւ դրանք կոծկած պաշտոնյաները, ի վերջո, պատասխանատվության կենթարկվեն:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԴԻԼԻՋԱՆՆ ԱՎԵԼԻ ԱՂՔԱՏ է
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Իջեւանի, Դիլիջանի, Բերդի եւ Նոյեմբերյանի սոցիալական ապահովության տարածքային գործակալություններից ստացված տվյալներով՝ 2016 թվականի հունվար ամսին Տավուշի մարզում ընտանեկան եւ սոցիալական նպաստ է ստացել 5340 ընտանիք, որից 1965-ը` Իջեւանի, 1228-ը՝ Դիլիջանի, 1144-ը` Բերդի եւ 1003-ը՝ Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 349 ընտանիք ստացել է նաեւ հրատապ դրամական օգնություն, որից Իջեւանում՝ 185, Դիլիջանում՝ 54, Բերդում՝ 61, Նոյեմբերյանում՝ 49 ընտանիք:
Փաստորեն, Դիլիջանի տարածաշրջանում ընտանեկան եւ սոցիալական նպաստ ստացողների թիվն ավելի մեծ է, քան Ադրբեջանին սահմանակից Նոյեմբերյանի եւ Բերդի տարածաշրջաններում: Հավելենք, որ Դիլիջանի տարածաշրջանի բնակչության քանակն էլ համեմատական է սահմանամերձ այդ տարածաշրջանների բնակչությանը: Իշխանությունները տարիներ շարունակ հայտարարել են Դիլիջանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու մասին, այստեղ ստեղծվել են տարբեր կառույցներ՝ ՀՀ կենտրոնական բանկի մասնաճյուղ, ՊԵԿ ուսումնական կենտրոն, Դիլիջանի միջազգային կենտրոն, «Թումո» կենտրոնի մասնաճյուղ եւ այլն, ՀՀ պետական բյուջեից, այլ կազմակերպություններից Դիլիջանում մեծ ներդրումներ են կատարվել: Բացի այդ, Դիլիջան քաղաքում մոտ 3 տասնյակ հանգստյան տուն, հյուրանոց է աշխատում, ամռան շոգին զով կլիմա ունեցող Դիլիջանի հանգստյան տները լի են հովեկներով: Իսկ Ամանորը Դիլիջանի հանգստյան տներում, առողջարաններում, հյուրանոցներում ու նույնիսկ մասնավոր հյուրատներում անցկացնելու համար տեղերը դեռեւս օգոստոսին են սպառվում: Մի՞թե այս ներդրումներն արդյունք չեն տվել, Դիլիջանի տարածաշրջանում աշխատատեղեր չե՞ն ստեղծվել, որ աղքատությունն ու ընտանեկան նպաստ ստացողների թիվը չի նվազել: Համեմատության համար նշենք, որ Բերդի եւ Նոյեմբերյանի տարածաշրջանների սահմանամերձ գյուղերի բնակիչների մի մասը հակառակորդի գնդակոծության պատճառով չի կարողանում հող մշակել, զբաղվել անասնապահությամբ, եւ նրանց գոյատեւման համար ընտանեկան նպաստը խիստ կարեւոր է: Վաղուց է խոսվում ոչ արդյունավետ «Փարոս» համակարգը փոխելու կամ ընդհանրապես վերացնելու մասին, սակայն այդ ուղղությամբ գործնական քայլեր չեն արվում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ
Երեւան քաղաքի 82-ամյա բնակիչ, երկրորդ կարգի զինվորական հաշմանդամ Ռոբերտ Բարսեղյանը, դիմելով «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն, պահանջում է արդարություն: Նա պնդում է, որ իր քույրը ապօրինաբար տիրացել է մորը պատկանող բնակարանին: Ռ. Բարսեղյանի պնդմամբ՝ իր դեմ կայացրած վճիռն անօրիանական է, եւ նա խնդրում է պատկան մարմիններին վերանայել այն:
«Ես 1957-ից մինչեւ 1976թթ. ապրել եմ Կոմիտաս 8 շենքի, 61 տանը մորս՝ Աշխեն Հակոբյանի եւ հորս՝ Գուրգեն Բարսեղյանի հետ: Ավելի ուշ ես ստացել եմ բնակարան եւ դուրս եկել այդ հասցեից, որտեղ ծնողներս շարունակել են ապրել քրոջս՝ Գոհար Բարսեղյանի հետ: Մայրս 2006 թվականին մահացավ, իսկ այդ ընթացքում մեր վերոնշյալ բնակարանը սեփականաշնորհված չէր: Մորս մահից հետո առաջարկեցի քրոջս վաճառել բնարականը եւ գումարը բաժանել երեք երեխաների միջեւ, իսկ քույրս տեղեկացրեց, որ տունը ինքը սեփականաշնորհել է եւ վաճառելու մտադրություն չունի: Ավելի ուշ պարզեցի, որ մայրս տեղյակ չի եղել սեփականաշնորհման մասին:
Արաբկիր վարչական շրջանի թաղապետարանից ստացել եմ փաստաթղթերի պատճենները, որտեղ մայրիկիս ստորագրությունները կեղծված են եղել:
Իմ պահանջը մեկն է. ես ցանկանում եմ, որ պատկան մարմինները պարզեն քրոջս՝ Գոհար Բարսեղյանի կողմից բնակարանի սեփականաշնորհման ժամանակ կատարված կեղծիքների եւ խարդախությունների հանգամանքները: Ես դիմել եմ արդարադատության նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ գլխավոր դատախազություն եւ որեւէ արդյունքի չեմ կարողացել հասնել, որպեսզի ապացուցեմ, որ ծնողներիս պատկանող տունը ապօրինաբար սեփականաշնորհվել է: Իմ բոլոր բողոքները անտեսվել են, պատասխան չեմ ստացել»:
Քաղաքացի Ռոբերտ Բարսեղյան,
82 տարեկան, 2-րդ կարգի
զինվորական հաշմանդամ
«ԶԻԿԱ» ՎԻՐՈՒՍԸ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է
Բրազիլիայի իշխանությունները ծովային, օդային ուժերի եւ ցամաքային զորքերի 200 հազարից ավել զինվորականների են ուղարկել՝ պայքարելու «զիկա» տենդի վիրուսի տարածման դեմ: Կառավարությունը հայտնել Է, որ զինվորները, բուժաշխատողների եւ մոծակների դեմ պայքարի հատուկ խմբերի աշխատակիցների ուղեկցությամբ, բնակչությանը սովորեցնելու են՝ ինչպես իրենց վտանգազերծեն վիրուսի տարածման շրջաններում: Զինծառայողները պետք Է շուրջ 3 մլն տուն այցելեն 356 քաղաքներում ու գյուղերում, տեղեկատվական բուկլետներ բաժանեն բնակիչներին եւ խորհրդատվություն անցկացնեն:
«Զիկա» վիրուսը վտանգավոր է նրանով, որ կարող է միկրոցեֆալիա առաջացնել այն երեխաների մոտ, որոնց մայրերը վարակվել են հղիության ընթացքում: Միկրոցեֆալիան նյարդաբանական խանգարում է, որի դեպքում երեխայի գլուխը նորմայից անհամեմատ փոքր է լինում եւ ուղեկցվում զարգացման լուրջ շեղումներով: