Այլեւս ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը իշխանական համակարգում փորձում է նոր իրավիճակ ստեղծել, որտեղ իր հիմնական հենարանը կլինեն վերջին տարիներին իր կողմից կառավարման համակարգ բերված երիտասարդները: Այս գործընթացը թերեւս պետք է համարենք իշխանական երիտթեւի կողմից ողջ իշխանությունը վերցնելուն ուղղված ծրագիր: Երբ 2013-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Սերժ Սարգսյանն առաջարկեց Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը, իշխանական երիտթեւին առաջ քաշելու ծրագիրը այդքան էլ իրատեսական չէր թվում: Ավելին՝ իշխանության հնաբնակների գրոհները իրենց տեղերի վրա աչք դրած «ջահելների» վրա գնալով ավելի ազդեցիկ էին դառնում: Սակայն Գեորգի Կուտոյանին ՀՀ ԱԱԾ տնօրեն նշանակելուց հետո հասկանալի դարձավ, որ իշխանության հնաբնակները այս հակամարտության մեջ հաղթելու շանս քիչ ունեն, քանի որ Սերժ Սարգսյանը որոշել է իշխանության ղեկին մնալ հիմնականում երիտասարդներով շրջապատված, իսկ հնաբնակների համար տարատեսակ խորհրդականների պաշտոններ է նախատեսել: Իրադարձությունների ներկա ընթացքը ենթադրում է, որ առաջիկայում իշխանական երիտթեւին կտրվի նաեւ ՀՀ ոստիկանապետի պաշտոնը: Ինչո՞ւ, որովհետեւ մարդկայնորեն Վլադիմիր Գասպարյանին դժվար է լինելու իր երեխայի տարիքի երիտասարդների հետ նստել եւ հավասարը հավասարին քննարկել իշխանության պահպանման հետ կապված ինչ-որ խնդիրներ: Մյուս կողմից էլ երիտասարդները եւս չեն կարողանա նրան որպես յուրային ընկալել: Ուստի կարելի է կանխատեսել, որ առաջիկա ամիսներին ՀՀ ոստիկանապետը եւս կփոխվի: Իսկ թե այդ պաշտոնը երիտասարդներից ում կվստահվի, ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում ապագա ոստիկանապետի կարելի է փնտրել Սերժ Սարգսյանի փեսայի` Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանի մերձավոր շրջապատում: Թեեւ մյուս կողմից Վ. Գասպարյանը եւ Մ. Մինասյանը «շոկոլադային» հարաբերություններ ունեն:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունը վերջերս ստուգումներ է իրականացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայությամբ գործող «Հայանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում: Մեր տեղեկություններով՝ այդ ստուգումների արդյունքում «Հայանտառի» տարբեր ստորաբաժիններում բազմաթիվ չարաշահումներ են հայտնաբերվել: Չարաշահումների վերաբերյալ տվյալները ներկայացվել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Արդյունքում վարչապետի հանձնարարությամբ «Հայանտառում» մի քանի կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: Մասնավորապես, իր զբաղեցրած պաշտոններից ազատվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության տնօրեն Արսեն Միկոյանը, ինչպես նաեւ Ստեփանավանի ու Գյուլագարակի անտառապետերը: Ավելին՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսությունն արդեն իսկ նոր տնօրեն ունի, այդ պաշտոնում նշանակվել է Վլադիմիր Գրիգորյանը:
Ինչպես հայտնի է՝ նոր Սահմանադրությունը 166-րդ հոդվածի հիման վրա դատարանների նախագահները պետք է նշանակվեն կոնկրետ ժամկետով: Մասնավորապես, վճռաբեկ դատարանի եւ պալատների նախագահները նշանակվելու են վեց տարի ժամկետով, իսկ առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների նախագահները` երեք տարի: Նոր Սահմանադրության համապատասխան նորմերը ուժի մեջ են մտնելու հանրապետության նոր նախագահի լիազորությունները ստանձնելու օրվանից: Այլ կերպ ասած, 2018-ի ապրիլին բոլոր դատարանների նախագահները, ուզեն թե չուզեն, պետք է փոխվեն կամ, լավագույն դեպքում, նոր կարգով վերանշանակվեն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի ապագա նախագահի հնարավոր հավակնորդը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր 36-ամյա Վազգեն Ռշտունին է: Նա առաջիկայում կնշանակվի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ: Ըստ լուրերի՝ Ռշտունին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ ԱԱԾ նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանի մտերիմ ընկերն է:
Կարծես վաղուց հայտնի իրողություն է, որ սփյուռքում ՀՀ կառավարությանն ի սպառ չեն վստահում եւ խուսափում են Հայաստանի համար գումար նվիրաբերելուց, անկախ նրանից, թե այն ինչ նպատակով է հավաքվում: Օրերս այս իրողության հերթական խայտառակ փաստն է արձանագրվել ԱՄՆ-ում: Գլենդել քաղաքի «Ալեքս» դահլիճում հունվարի 28-ին «Գրանդ Փարթի» կազմակերպությունը նախաձեռնել է Հայոց բանակի 24-րդ ամյակին նվիրված բարեգործական համերգ, որից գոյացված միջոցները պետք է ուղարկվեին Հայաստան` ՀՀ զինված ուժերին՝ աջակցելու նպատակով բարեգործական ծրագիր իրականացնելու համար: Սակայն մարդիկ չեն գնացել միջոցառմանը: ՀՀ պաշտպանության նախարարի տիկնոջ գերթանկարժեք հագուստների «ցուցահանդեսն», ըստ ամենայնի, խանգարել է գործընթացին: Նույնիսկ համերգի կազմակերպիչները չեն կարողացել կազմակերպչական նպատակներով ներդրած իրենց գումարները ետ ստանալ: Համերգի կազմակերպիչների հրապարակած հաշվետվության համաձայն՝ իրենց կազմակերպչական ծախսերը կազմել են 30 հազար 250 դոլար: Իսկ համերգի արդյունքում հավաքվել է 15 հազար 625 դոլար: Ի դեպ, նշենք նաեւ, որ համերգի մասնակիցները ելույթ են ունեցել անվճար:
ԱՆՓՈՓՈԽ
Թեհրանն ու Թբիլիսին բանակցում են Իրանում արդյունահանված շուրջ 200 միլիոն խմ գազի` Հայաստանի տարածքով Վրաստան արտահանման հեռանկարների շուրջ. ՀՀ քաղաքացիներին հետաքրքրող այս նորությունը երեկ հայտնի դարձավ ռուսական եւ վրացական լրատվամիջոցներից: Պարզվեց՝ նախօրեին այդ հարցը քննարկվել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի եւ Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիժան Նամդար Զանգանեի միջեւ` Թեհրանում: Ըստ Իրանի ազգային գազային ընկերության ղեկավար Ալիռեզա Քամելիի` Հայաստանի համաձայնության դեպքում հնարավոր է` գազի արտահանումը Վրաստան մեկնարկի իրանական տոմարով նոր տարում, այսինքն՝ մարտի 21-ից հետո: Նախնական համաձայնագիրը կլինի 7 ամսով, ապա տնտեսական շահավետության հաստատման դեպքում Հայաստանի տարածքով դեպի Վրաստան գազի մատակարարումները կկրեն արդեն երկարաժամկետ բնույթ:
Ուշագրավ է, որ նմանօրինակ հնարավորության մասին Հայաստանի պաշտոնական խողովակներից որեւէ տեղեկատվություն չի ներկայացվում: Ավելին՝ առայժմ հասկանալի չէ, թե համաձայնագրի կայացման դեպքում ինչ եղանակով է ցածր թողունակություն ունեցող Իրան-Հայաստան գազատարով իրականացվելու լրացուցիչ 200 միլիոն խմ գազի տարանցումը Վրաստան: Հայկական պաշտոնական շրջանակների սակավախոսությունն այս հարցում պայմանավորված է ոչ միայն մինչ համաձայնագրի կնքումը ավելորդ հրապարակայնությամբ գործարքին չխանգարելու մտահոգությամբ, այլեւ այն տխուր փաստով, որ Իրան-Հայաստան գազատարի շահագործումն ու դրա հետ կապված բոլոր որոշումների կայացման իրավունքը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի «թեթեւ ձեռքով» ամբողջությամբ հանձնված է ռուսական «Գազպրոմին»: Ուստի մինչեւ Ռուսաստանը Վրաստանի հետ չգա համաձայնության վերջին ամիսներին ծավալվող գազային տարաձայնությունների հարցում, ակնկալել, որ Հայաստանի համար հնարավոր է որեւէ լավ բան, անգամ ընդամենը 200 միլիոն խմ գազի սեզոնային տարանցման տեսքով, միամտություն է:
Հայաստանը իրանական գազի տարանցիկ երկիր դարձնելու շուրջ քննարկումները նոր չեն: Մասնավորապես 2015թ. մարտին Սերժ Սարգսյանի ղեկավարած պատվիրակության՝ Չինաստան կատարած այցի ընթացքում ստորագրված համաձայնագրերով Չինաստանը պատրաստակամություն հայտնեց ֆինանսավորել Հայաստան-Իրան-Չինաստան ուղու տնտեսապես հզորացմանը նպաստող նախագծերը, այդ թվում` Իրան-Հայաստան երկաթուղու եւ նոր գազատարի:
Մինչ օրս, սակայն, այդ հարցում որեւէ տեղաշարժ չկա, թեեւ Իրանն այլեւս պատժամիջոցների ներքո չէ: Թվում է` ամեն ինչ պարզ է՝ կան գազ վաճառել ցանկացող Իրանը, տարանցիկության ձգտող Հայաստանը եւ ֆինանսական աջակցության պատրաստ Չինաստանը, ինչու այդպես էլ չի կայանում այս նախագիծը: Պատասխանը, ցավոք, ինչպես եւ վերջին 150 տարվա ընթացքում, նույնն է` որովհետեւ դա չի ցանկանում Ռուսաստանը: